Նախատեսվում է ցանկապատել կենդանաբանական այգին 

Կենդանաբանական այգում մի քանի միլիարդ դրամ է ծախսվել վերջին տարիների ընթացքում, և չեն գնահատվել առաջնահերթությունները, թե արդյոք որ աշխատանքներն է պետք առաջնային իրականացնել, որը՝ երկրորդային․ այսպիսի հայտարարություն է արել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ Երևանի ավագանու այսօրվա նիստին։

Վիրաբյանը չցանկացավ մանրամասն անդրադառնալ կենդանաբանական այգում տեղի ունեցած իրադարձություններին (երբ թափառող շները հոշոտել էին կենգուրուների ու մուֆլոնների) և նշեց, որ այգին ունի նոր ղեկավարություն, և այդ ղեկավարությունն ունի հստակ հանձնարարականներ, որոնք պիտի կատարվեն։

«Հստակ չափագրումներից հետո տեղի կունենան նախագծի նախահաշվային աշխատանքները, որից հետո պարզ կլինի, թե ամբողջ տարածքը չափագրելու համար ինչ ծավալի գումար պետք կլինի, և ինչ առաջնահերթություններով և քանի տարվա ընթացքում համայնքը կկարողանա տրամադրել այդ գումարը։ Ունենք մոտավորապես 4 կիլոմետր ցանկապատելու տարածք, սա բավականին մեծ թիվ է, և որոշ հատվածներում բավական դժվարամատչելի է տարածքը։ Վստահ եմ՝ մինչև տարվա վերջ կկարողանանք հայտարարել, թե կենդանաբանական այգու առաջնային խնդիրները ինչ ժամանակահատվածում կլուծվեն»,- ասաց փոխքաղաքապետը։

Վիրաբյանը նշեց, որ այժմ քննարկվում են միջանկյալ լուծումներ, օրինակ՝ ժամանակավոր ցանկապատի կառուցումը և պահպանություն իրականացնող կազմակերպությանը հավելյալ ուժերի ներգրավումը, որպեսզի կարողանան իրականացնել տարածքի պահպանությունը։

Նախորդ ամիս կենդանաբանական այգում անկում էին ապրել երեք կենգուրու և երեք մուֆլոն։ Կենդանաբանական այգու աշխատակիցների հավաստմամբ` կենդանիներին հոշոտել էր թափառող շների ոհմակը։ Դեպքերից հետո այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկով աշխատանքից ազատման դիմում էր գրել։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել