ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ՀԱՊԿ անդամների կողմից ԼՂ հարցում համաձայնեցված մոտեցումների պահպանումը

Նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, որի ընթացքում ունեցած իր ելույթում կարևորել է միջազգային բոլոր հարթակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից ԼՂ հիմնախնդրի առնչությամբ համաձայնեցված մոտեցումների պահպանումը:

«Անդրադառնալով կառույցի շրջանակներում անդամ-պետությունների համագործակցության հայկական կողմի տեսլականին՝ նախարար Մնացականյանը առանձնահատուկ ընդգծեց արտաքին քաղաքականության համակարգմանն առնչվող հարցերի շուրջ միջազգային հարթակներում դաշնակցային համագործակցության զարգացումը:

Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ խաղաղության համար բարենպաստ միջավայր ձևավորելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների առկայության պայմաններում առավել քան արդիական է մնում ռազմատենչ և ատելության հռետորաբանությունից, անվերահսկելի սպառազինությունների մրցավազքից հրաժարվելու, ինչպես նաև հակամարտության շփման գծում լարվածության թուլացման համար հավելյալ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը։

Նախարար Մնացականյանը կարևորեց միջազգային բոլոր հարթակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից ԼՂ հիմնախնդրի առնչությամբ համաձայնեցված մոտեցումների պահպանումը:

ԱԳ նախարարը նաև անդրադարձավ Սիրիայի հյուսիս-արևելք Թուրքիայի ներխուժմամբ ստեղծված իրադրությանը՝ առանձին մտահոգություն հայտնելով ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավիճակի վերաբերյալ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է հումանիտար օգնություն ցուցաբերել բարեկամ սիրիական ժողովրդին՝ ի շահ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հաստատման: Հարկ է նշել, որ նախարարների կողմից նիստի արդյունքում ընդունված «Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի մասին» ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ նախարարները անդրադարձ կատարեցին Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ

Մեկնաբանել