Ադրբեջանի իշխող՝ «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստին որոշում է ընդունվել խորհրդարանի՝ Միլլի մեջլիսի արձակման վերաբերյալ։
Մեջլիսի վաղվա նիստին խորհրդարանական մեծամասնությունը, որը ներկայացնում է իշխող կուսակցությունը, կբարձրացնի այդ հարցը։ Որոշման մեջ նշվում է, որ առաջարկը պայմանավորված է «երկրում սկսված բարեփոխումների և կադրային փոփոխությունների գործընթացին աջակցելու անհրաժեշտությամբ»։
Վերջին ընտրությունները Ադրբեջանում կայացել են 2015-ի նոյեմբերի 1-ին։
Միլլի Մեջլիսը կազմված է 125 պատգամավորից, որոնք ընտրվում են մեծամասնական ընտրակարգով։
Ադրբեջանական ընդդիմադիր՝ Turan գործակալությունը անդրադարձել է Միլլի Մեջլիսը արձակելու առաջարկի իրավականությանը։
Այսպես, խորհրդարանն արձակելու նորմը ամրագրվել է Ադրբեջանի սահմանադրությունում 2016-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում։
Հանուն Հեյդար Ալիևի. Ադրբեջանը փոխում է Սահմանադրությունը
Նորմը, ի թիվս այլ կետերի, սահմանում է՝ եթե Միլլի Մեջլիսի նույն գումարումը անհաղթահարելի պատճառներով չի կատարում իր լիազորությունները՝ նշված կոնկրետ հոդվածներում, պետության ղեկավարը արձակում է այն։
Իրավագետ Ալեսքեր Մամեդլին կարծիք է հայտնել, որ ներկա իրավիճակում, ըստ ամենայնի, արհեստականորեն կստեղծվի իրավիճակ, երբ խորհդարանը չի կարողանա արդյունավետ աշխատել։
Մեջլիսի նիստերի իրավազորության համար անհրաժեշտ է առնվազն 83 պատգամավորի մասնակցությունը։ Հաշվի առնելով, որ ադրբեջանական խորհրդարանում մոտ 70 մանդատ պատկանում է «Նոր Ադրբեջան»-ին և դրա անդամները զանգվածայնորեն հրաժարական կտան, խորհրդարանը փաստացիորեն չի կարողանա կատարել իր լիազորությունները։
Դրանից հետո նախագահը կընդունի խորհրդարանն արձակելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում։
Արտահերթ ընտրությունների ժամկետը պետք է նշանակվի քվեարկությունից առաջ առնվազն 60 օր շուտ։
Նկատի առնելով, որ ընտրությունների նախապատրաստման համար ժամանակ է անհրաժեշտ, դրանք կարող են անցկացվել 2020-ի փետրվար-մարտ ամիսներին։
Ստելլա Մեհրաբեկյան