Մեր պատմության նոյեմբերի 29-ը

Այս հեռախոսը Իջևանի պատմաերկրագիտական թանգարանի ցուցանմուշներից է։ 1920 թվականի այս օրը՝ նոյեմբերի 29-ին, Հայհեղկոմի նախագահ Սարգիս Կասյանը Իջևանից, այն ժամանակ՝ Քարվանսարա, զանգահարել է Մոսկվա և Վլադիմիր Լենինին հաղորդել Հայաստանի խորհրդայնացման լուրը։

1920 թվականի նոյեմբերի 22-ին Բաքվում Կասյանի նախագահությամբ ձևավորվել էր Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն` Հայհեղկոմը: Մեկ շաբաթ անց կոմիտեն Ադրբեջանից՝ Աղստաֆայից, Մայիսյան կամրջով անցավ Քարվանսարա և Հայաստանում հռչակեց խորհրդային կարգեր:

Այս նույն ժամանակահատվածում Հայաստանի օրինական իշխանությունները Ալեքսանդրապոլում՝ Գյումրի, բանակցություններ էին վարում հանրապետության մի մասը զավթած քեմալականների հրամանատարներ Քյազիմ Կարաբեքիրի հետ: Արևելքից՝ Տավուշի և Արցախի հատվածից, Հայաստանը ենթարկվել էր բոլշևիկյան Կարմիր բանակի ագրեսիային: Ահա այս պայմաններում էր, որ Բաքվում հաստատված հայ բոլշևիկները շարժվեցին դեպի Երևան:

Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի կոալիցիոն կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը՝ ՀՅԴ-ն, կանգնել էին մղձավանջային ընտրության առաջ։ Արևմուտքում պետք էր բանակցել Ալեքսանդրապոլը զավթած քեմալականների հետ։ Արևելքից՝ Խորհրդային Ադրբեջանից, դեպի Հայաստան էին շարժվում 11-րդ բանակի զորքերը։

Սիմոն Վրացյանը հետագայում այս իրավիճակը իր գրություններում այսպես պետք է ամփոփեր՝ «Հայաստանը բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջև»։

Խորհրդարանի ՀՅԴ խմբակցությունը, բացի 4 պատգամավորներից, համոզված էին, որ իշխանությունը պետք է խաղաղ ճանապարհով հանձնել հայ բոլշևիկներին։ Դրոն ռուսների դեմ կռիվը համարում էր անիմաստ։ Այդ 4 պատգամավորները դեմ էին իշխանությունը առանց կռվի զիջելուն՝ պնդելով, որ պետք է հաշտության լեզու գտնել թուրք քեմալականների հետ և վերջին ուժերով կռվի նետվել բոլշևիկների դեմ։

Մեծամասնությունը, սակայն, պաշտպանեց Վրացյանի կառավարության տեսակետը, այն է՝ առանց դիմադրության իշխանությունը զիջել բոլշևիկներին։ ՀՅԴ Բյուրոն ևս անիմաստ էր համարում կռիվը։ Նոյեմբերի 30-ին Բյուրոն ընդունեց հետևյալ որոշումը․ «Երկու հակառակորդ կողմերու ճնշումէն հարկադրուած՝ Բիւրոն Հայաստանէն կը հեռանայ, թողնելով իր ներկայացուցիչը եւ կը հրահանգէ ընկերներուն, իրենց տեղական պայմաններուն համաձայն գործել եւ գաղտնի պահպանել կուսակցութեան գոյութիւնը. իսկ ընկերներուն չ’արգիլեր մտնել նոր իշխանութեան մէջ եւ աշխատիլ երկրի տնտեսական ու կուլտուրական զարգացման համար»:

Դեկտեմբերի 2-ին իշխանությունը փոխանցվեց Հայհեղկոմին։ Նույն օրը կեսգիշերն անց ստորագրվեց Ալեքսանդրապոլի հաշտության դաշնագիրը քեմալականների հետ։

Յոթ տասնամյակ շարունակ ամեն տարի նոյեմբերի 29-ը Խորհրդային Հայաստանում նշվել է մեծ շուքով, Արամ Խաչատրյանի օրհներգով ու Լենինի հրապարակով անցնող տողանցով, նշվել է որպես Հայաստանի խորհրդայնացման օր:

Այդ 70 տարիներին մենք, որպես Խորհրդային Միության մաս կազմող միավոր, իսկ 1936-ից՝ որպես Խորհրդային Հայաստան միութենական հանրապետություն, ունեցանք հաջողություններ ու ձախողումներ, թռիչքներ ու անկումներ, ստալինյան տեռոր ու հայրենադարձություն, կուլակաթափություն ու համեմատաբար բարեկեցիկ հայ գյուղ, 1965-ի զարթոնք, Արարատ-73 ու 1988-ի Շարժում:

Այդ 70 տարիները նաև աննախադեպ հայահավաքի տարիներ էին: 1921 թվականին 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա հայերի թիվը շուրջ 800 հազար էր, 1991-ին՝ շուրջ 3,5 միլիոն: Այսինքն՝ յոթանասուն տարիներին հայ բնակչության թիվը իր պատմական հայրենիքի մի փոքր մասի վրա ավելի քան քառապատկվեց: Երրորդ հանրապետության, այսինքն՝ անկախ Հայաստանի բնակչությունը ամեն տարի միջինը պակասում է շուրջ 40 հազարով:

Խորհրդային Հայաստանի յոթ տասնամյակները չեն եղել միայն սև ու սպիտակ: Այդ յոթ տասնամյակները, ինչպես Անկախության այս 28 տարիներն ու Հայաստանի Առաջին Հանրապետության 1000 օրերը, եղել են մե՛ր պատմությունը:

Մեկնաբանել