Աշոտ Ղուլյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու 2020-ի ընտրություններում

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն առաջադրվել է նախագահի թեկնածու 2020-ի ապրիլին կայանալիք Արցախի համապետական ընտրություններում։

Որոշումն ընդունվել է Ղուլյանի ղեկավարած Արցախի դեմոկրատական կուսակցության համագումարում։

«Հայրենիքի ապագայի համար պատասխանատվություն ստանձնելու վճռականությամբ՝ ժողովրդավարները ակտիվորեն մասնակցելու են և՛ խորհրդարանական և՛ նախագահական ընտրություններին: Այս համատեքսում կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրելու հարցը վերջին ժամանակներում ներկուսակցական քննարկումների կարևոր թեմաներից էր, որին պարբերաբար անդրադարձել ենք նաև շրջանային/քաղաքային համաժողովների շրջանակներում: Գերակշռող կարծիքն այն է, որ մենք պարտավոր ենք հանրությանը առաջարկելու մեծ փորձառություն ու մաքուր քաղաքական անցյալ ունեցող, հանրությանը համախմբելու պատրաստակամ և ունակ թեկնածուի»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։

Իր ելույթում, Արցախպրեսի հաղորդմամբ, Աշոտ Ղուլյանն ասել է, որ հայաստանյան իրադարձություններին հասարակության արձագանքը զուսպ էր ու հավասարակշռված՝ իրական փոփոխությունների հստակ ակնկալիքով, միևնույն ժամանակ երկրի անվտանգության և կայունության անձեռնմխելիության գիտակցումով:

«Հասարակության նման վերաբերմունքը ամբողջապես համապատասխանում է մեր քաղաքական ուժի կողմից որդեգրված քաղաքականությանը՝ զարգացնել գործընկերային հարաբերություններ հայաստանյան իշխանությունների հետ, պայքարել համահայկական միասնության խարխլման ցանկացած գործողոթյան դեմ և որպես արցախյան քաղաքական ուժ առաջնորդվել զուտ արցախյան քաղաքական օրակարգով: Անշուշտ, Հայաստան-Արցախ քաղաքական խորը ինտեգրացիայի պայմաններում հայաստանյան գործընթացները լայն հնարավորություններ են ստեղծել նաև Արցախում ժողովրդավարական զարգացմանը նոր խթան հաղորդելու տեսանկյունից՝ ցավալիորեն նաև դաշտ բացելով քաղաքական շահարկումների համար»,- նշել է ԱԺԿ նախագահը:

#CivilNet #News

Մեկնաբանել