ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոնները քաղաքական չեն դառնա

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական չեն դառնա, թեև «Իմ քայլը» խմբակցությունն ավելի վաղ կողմ էր արտահայտվել ու քվեարկել «Լուսավոր Հայաստան»-ի կողմից ներկայացված օրենքի նախագծին առաջին ընթերցման ժամանակ։ Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովում օրենսդրական փաթեթի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ նախագիծը չեն կարող ընդունել, քանի որ «չեն կարողացել գտնել այնպիսի մոդել, որը իրոք ազատականացված կլինի ու թույլ կտա ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոններում նշանակել համակարգից դուրս մարդկանց»։

«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկել էր օրենսդրական փաթեթ, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնում կարող են նշանակվել անձինք, ովքեր նախկինում չեն աշխատել համակարգում և բավարարում են պատգամավորներին առաջադրվող պահանջներին։ «Իմ քայլը» խմբակցությունն ավելի վաղ դրական էր գնահատել այս փոփոխությունները, սակայն փաթեթը սեպտեմբերից սկսած երկրորդ ընթերցմամբ չէր ընդունվում։ Վլադիմիր Վարդանյանը նաև նշեց՝ իրավիճակը ոստիկանության ու ԱԱԾ համակարգերում կխաթարվեր, եթե նշված պաշտոնների նշանակման չափորոշիչները փոխվեին, իսկ նրանց տեղակալների նշանակման հարցում փոփոխություններ չլինեին։

«Գաղափարին իշխող խմբակցությունն ու մյուս խմբակցությունները դրական վերաբերմունք ունեին, բայց գաղափարը մի բան է, օրենսդրական կանոնակարգումները այլ բան են։ Մենք պիտի այնպես անենք, որ համակարգը չխարխլվի»,- ասաց Վարդանյանը։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել