Օրենսդրական նախաձեռնություն՝ պաշտպանելու մասնավոր հատվածի աշխատողների իրավունքները

Սերժ Սարգսյանը և նախորդ ռեժիմը հաջողացրել են մասնավոր հատվածում աշխատողին հասցնել ստրկական վիճակի: ԱԺ-ում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, իր ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ խոսելով Աշխատանքի տեսչության գործառույթների կարևորության մասին:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը և Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել են ՀՀ «Աշխատանքյաին օրենսգրքում» փոփոխություներ կատարելու և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, համաձայն որի վերկանգնվում է Աշխատանքի տեսչության՝ Աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողական գործառույթն այն ծավալով, որ կար մինչև 2013 թվականը:

Սոնա Ղազարյանի խոսքով, իշխող քաղաքական ուժն ունի այդ կամքը՝ վարչարարությամբ պաշտպանելու մասնավոր սեկտորում աշխատող քաղաքացիների իրավունքները: «Շատերը գործարաններում աշխատում են ստրուկի կարգավիճակով, իրենց իրավուքններն ընդհանրապես պաշտպանված չեն եղել»,- ասում է պատգամավորը՝ հավելելով, որ Հայաստանը 2013 թվականից տարիներ շարունակ փաստացի խախտել է Աշխատանքի միջազգային կազմակերպության 81-րդ կոնվեցիան:

«Մենք օրենսդրական բացերի մի մեծ տրցակ ենք ժառանգություն ստացել և դրանցից ամենացավալին հենց այս մեկն է եղել»,- ասաց նա:

«Եթե պետական կառույցներում աշխատող ցանկացած քաղաքացի կարող է դիմել ՄԻՊ-ին, ապա մասնավորում նա այդ իրավունքից զրկված է եղել»,- ասաց պատգամավորը՝ նկատելով, որ այսուհետ մասնավոր սեկտորում աշխատող քաղաքացու իրավունքները պաշտպանված են լինելու։

Նրա հետ չհամաձայնեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ նշելով, որ սա կարող է հարված հասցնել ներդրումային միջավայրին: «Նոր հեծանիվ պետք չէ ստեղծել, ամբողջ աշխարհում աշխատողների իրավունքների պաշտպանության ամենարադյունավետ ձևն արհմիություններն են»,- իր ելույթում ասաց Սերգեյ Բագրատյանը:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել