Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքապետարանի ստացած Կամազների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնական է համարում Երևանի քաղաքապետարանի կողմից աղբատար Կամազների նվիրատվության ընդունումը։

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետն ասաց, որ բնական աղետի հաղթահարման համար պետք է ընդունել տարբեր կազմակերպությունների ու անձանց օգնությունը։ Նա այս համեմատությունն անցկացրեց, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հետաքրքրվեց Երևանի քաղաքապետարանի ստացած Կամազների նվերի մասին։

Փաշինյանի կարծիքով այն իրավիճակը, որ աղբահանության ոլորտում կար Երևանում, նման էր բնական աղետի. «Հարցի երկրորդ կողմը՝ կա՞ արդյոք կոռուպցիոն ռիսկ կամ շահերի բախում այս հարցում։ Վերջին օրերին, րբ շատ քննարկվեց Սամվել Ալեքսանյանի թեման, ես տեղեկություններ պահանջեցի ու պարզվեց, որ այդ նվիրատվությունից առաջ ու հետո նրան պատկանող մի սեփականաշնորհված մանկապարտեզ Երևանի քաղաքապետարանը հետ է վերցրել ու վերադարձրել համայնքին, երկրորդ օրինակը՝նրա ընտանիքին պատկանող մի շինարարության հետ կապված քաղաքապետարանը շատ խոշոր տուգանք է գրել։ Նույն անձնավորությանը պատկանող մի սրճարան Օպերայի տարածքում, ապամոնտաժվող սրճարանների ցանկում էր»,-հայտարարել է Փաշինյանը։

Նա նշել է, որ շինթույլտվությունների ոլորտում միշտ կա սուբյեկտիվիզմ, քաղաքապետարանի հետ կարող են լինել պայմանավորվածություններ, որոնք անհրաժեշտ է դե յուրե ձևակերպել, որպեսզի հնարավոր լինի կոռուպցիոն ռիսկերը կառավարել։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել