Աննա Հակոբյանը պատրաստ է Մեհրիբանին հյուրընկալել Արցախում, բայց․․․

Վարչապետի տիկին «Իմ քայլը» և բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 4-ին Երևանում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով համաժողովի ժամանակ ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը։ Աննա Հակոբյանն ասել է, որ պատրաստ է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային հյուրընկալել Ստեփանակերտում։

Ներկաներից մեկի հարցին, որ Աննա Հակոբյանի՝ խաղաղությանն ուղղված կոչերին Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան ագրեսիվ արձագանք է տալիս, վարչապետի տիկինը պատասխանել է․ «Այ´ո, դուք ճիշտ եք, նրա արձագանքը իմ գործողություններին միշտ ավելի ագրեսիվ է լինում և մինչև այժմ չկա արձագանք, որ նա նույնպես միանում է «Կանայք հանուն խաղաղության» արշավին, կամ որ ինքը նույնպես այդ ուղերձի կրողն է դառնում և կոչ է անում հակամարտությունը լուծել խաղաղությամբ: Թե ինչն է պատճառը՝ չեմ կարող ասել: Ես դժվար եմ պատկերացնում կնոջ կամ մոր, ով չխոսի հօգուտ խաղաղության և խոսի հօգուտ պատերազմի: Դա իմ պատկերացումներից վեր է, և ես չեմ կարող դրա հիմնավորումները բերել»։

Աննա Հակոբյանը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան «Տելեգրամ»-ի իր էջում գրել էր, որ իրենց բոլորի երազանքն է մուղամ լսել Արցախում:

«Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ և նա կլինի մեր հյուրը: Մեր ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին և ընդունված մեր հյուընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր ցանկացած երաժշտությամբ: Մենք կարող ենք ապահովել մուղամը, մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը, և Ղարաբաղում նա կլսի իր սիրելի մուղամը: Սա հրավեր է, և եթե նա ընդունի այդ հրավերը, պատրաստ եմ ինքս էլ հյուրընկալվել Բաքվում: Եվ կարծում եմ, որ սա կարող է ՄԱԿ-ի 1325 բանաձևի շատ ռեալ և շատ բարձր նպատակի իրականացման ձև լինել ամբողջ աշխարհում»,- ասել է Աննա Հակոբյանը։

Վարչապետի տիկինը շարունակել է․ «Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Արցախ մուղամ լսեն և դա անեն պատերազմի միջոցով՝ ես վստահեցնում եմ, որ այդ դեպքում երազանքն անկատար կմնա: Ոչ միայն անկատար կմնա, այլ եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք: Եթե Մեհրիբան Ալիևան իր և իր ժողովրդի անունից ասում է, որ երազում է Արցախում մուղամ լսել, ապա այդ երազանքին հասնելու միայն մեկ ճանապարհ գոյություն ունի՝ դա խաղաղությունն է, Արցախի հետ բարիդրացիական հարաբերություններն են և որպես հյուր փոխադարձ այցերն են: Աշխարհի տարբեր ժողովուրդներ կարողացել են հաղթահարել ավելի երկար տարիներ տևած պատերազմներ, կարողացել են հաղթահարել թշնամանքը, և այսօր չունեն սահմաններ, միևնույն տնտեսական միության մեջ են ապրում, ամենալավ բարեկամներն են. եթե դա հաջողվել է այլ եվրոպական ժողովուրդների, ինչո՞ւ չպետք է մեզ չհաջողվի: Պարզապես ադրբեջանական կողմը պետք է ցուցաբերի քաղաքական կամք և վերջապես իր վրայից թոթափի պատերազմի մոլուցքը՝ հասկանալով, որ դրանով ոչ մի բանի չի կարող հասնել: Ուզում եմ նորից կրկնել, որ հրավերը միանգամայն լուրջ է»,- եզրափակել է Աննա Հակոբյանը:

#CivilNet #News

Մեկնաբանել