Կարո Փայլանը հարցեր է ուղղել Թուրքիայի ՊՆ նախարարին՝ Հայաստանին հարվածելու պլանի մասին

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը գրավոր հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ պահանջելով պատասխանել Հայաստանի դեմ ռազմական գործողության պլանի վերաբերյալ մի շարք հարցերի, որի վերաբերյալ հրապարակմամբ էր հանդես եկել Nordic Monitor կայքը, գրում է Ermenihaber.am-ը:

Շվեդիայում գրանցված Nordic Monitor կայքը հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային գործողությունների ծրագիր է մշակել, որը կրում է «Ալթայ» ծածկագիրը։ Շվեդիայում գործող այս կայքը համակարգում են թուրք լրագրողները։ Ընդ որում, նրանք բոլորն էլ համարվում են գյուլենական շարժման՝ FETÖ-ի անդամներ, որը Թուրքիայիում համարվում է «ահաբեկչական կազմակերպություն»:

Հարցադիմումի մեջ Փայլանը նշել է, որ Հայաստանի դեմ ուղղված «Թուրքիայի զինուժի «Ալթայ» պլանավորման հրահանգ և Օղուզթյուրք օդային ռազմական գործողության պլան» անունով ռազմական պլանի մասին տեղեկությունները անհանգստացրել են Հայաստանի ժողովրդին:

Պոլսահայ պատգամավորը Աքարին հետևյալ հարցերն է ուղղել.

1. Արդյո՞ք Թուրքիայի զինված ուժերը նման փաստաթուղթ ունեն: Խնդրո առարկա դարձած պլանը դեռ վավե՞ր է:

2. Վերոնշյալ պլանը ի՞նչ հիմնավորմամբ և ի՞նչ նպատակով է կազմվել:

3. Ջանքեր գործադրելո՞ւ եք Հայաստանի ժողովրդի շրջանում այս պնդումների հետևանքով առաջացած անհանգստությունը մեղմելու և խաղաղությանն ուղղված ակնկալիքները վերականգնելու համար»:

Հրպարակմանն անդրադարձել է նաև թուրքական իշխանամետ մամուլը՝ այդ տեղեկությունները հրապարակող լրագրողներին անվանելով դավաճաններ, որոնք մատնում են Թուրքիային և գործում պետական շահի դեմ։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ իշխանական մամուլը ոչ թե հերքում է «Ալթայ» ծածկանվամբ Հայաստանի դեմ ռազմական գործողության ծրագրի առկայությունը և կասկածի տակ առնում նման ծրագրի գոյությունն ընդհանրապես, այլ այն հրապարակողներին մեղադրում է պետական դավաճանության մեջ։

Թուրքական մամուլը նույնպես ընդգծում է այդ տեղեկությունը հրապարակողների՝ գյուլենական շարժման անդամ լինելու հանգամանքը և անդրադառնում Հայաստանի ու Հունաստանի արձագանքներին։

Հունական մամուլում տեղ գտած մեկնաբանություններում կան այնպիսի տեսակետներ, ըստ որոնց՝ Սիրիայից հետո չի բացառվում, որ Թուրքիան հայացքն ուղղի դեպի Հայաստան, գրում է Ermenihaber.am-ը։

Հայաստանի արտգոիծնախարար Զոհրաբ Մնացականյանը մտահոգություն էր հայտել այդ հրապարակման վերաբերյալ՝ նշելով, որ առաջինը պաշտոնական Անկարան պետք է արձագանքի:

«Չեմ կարող հաստատել կամ հերքել այդ հրապարակման իսկությունը: Եթե նման պնդում կա, թուրքական կողմն առաջին հերթին պետք է հայտարարություն անի: Կարիք չունեմ ասելու, որ հարցը լուրջ մտահոգություն է պարունակում: Բայց կրկնեմ, որ առաջին արձագանքը պետք է գա Թուրքիայից»,- ասել է Մնացականյանը

Նա նշել է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակումը, հարաբերություններ հաստատելու քայլի բացակայությունը, ռազմական-քաղաքական աջակցությունն Ադրբեջանին Արցախի հարցում արտահայտում են անվտանգային սպառնալիք ՀՀ-ի համար:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել