Պոլսի պատրիարք դառնալու ավելի մեծ շանսեր ունի Սահակ Մաշալյանը

Դեկտեմբերի 8-ին Պոլսի հայ համայնքը պատրիարք էր ընտրում: Թեև պաշտոնապես Պոլսի հայոց պատրիարքի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 11-ին անցկացվելիք ընտրության օրը, բայց արդեն Նախաձեռնակ մարմնի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո պարզ է, թե ով հաղթելու ավելի մեծ շանսեր ունի:

Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը երկաստիճան է: Նախ ընտրվում են պատվիրակներ՝ հոգևորական դասից և համայնքի անդամներից: Հոգևորական պատվիրակները, որոնք 17-ն են, ընտրվել են դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից, իսկ համայնքի պատվիրակները՝ 103 հոգի, ընտրվել են դեկտեմբերի 8-ին:

Ըստ նախաձեռնակ մարմնի ներկայացրած տվյալների՝ դեկտեմբերի 8-ին հաղթել են նարնջագույնները՝ պատրիարքի տեղապահ Սահակ եպս Մաշալյանի կողմնակիցները: Վերջինները ստացել են 9008 ձայն, իսկ մանուշակագույնները՝ Արամ արք. Աթեշյանի կողմնակիցները՝ 3529 քվե: Նախնական այս արդյունքներից ելնելով՝ դեկտեմբերի 11-ին կայանալիք պատրիարքի ընտրությանը Մաշալյանին աջակից պատվիրակների թիվը կլինի 89, իսկ Աթեշյանը ներկայացնող պատվիրակներինը՝ 12։ Եվս մեկ հոգի ընտրվել է որպես անկախ պատվիրակ:

753 քվե անվավեր է եղել, իսկ 376 հոգի դատարկ ծրար է նետել քվեատուփը՝ այդ կերպ հավանաբար բողոք արտահայտելով պետության կողմից կիրառված սահմանափակումների դեմ:

Ըստ ներկայացված տվյալների՝ ընտրությանը մասնակցել է 13 704 մարդ:

Ձայների այս մեծ տարբերերությունը խոսում է այն մասին, որ դեկտեմբերի 11-ին անակնկալներ չեն լինի և նախնական տվյալներով՝ ընտրվելու ամենամեծ շանսերն ունի Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Աղբյուր՝ Ermenihaber.am, Ստամբուլ

Մեկնաբանել