Բարևների և ընդունելությունների առումով ժուժկալ եմ դարձել, չմտածեք՝ մեծամտացել եմ․ Նիկոլ Փաշինյան

Ես վերջերս արձանագրել եմ, որ վարչապետին բարևելը կոռուպցիոն իմաստով ազատ փոխարկելի արժույթ է․ այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երևանում այսօր կայացած «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» համաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել է, թե «վարչապետի հետ հանդիպելն ազատ փոխարկելի արժույթ է, որը, բնականաբար, կարելի է օգտագործել բոլոր ոլորտներում, ներառյալ կոռուպցիոն ոլորտներում»:

«Սա է պատճառը, սիրելի հայրենակիցներ, երբ նկատեք, որ ես բարևների և ընդունելությունների առումով ժուժկալ եմ դարձել, չմտածեք՝ մեծամտացել եմ: Պարզապես այս գործունեության 1,5 տարվա ընթացքում ես հասկացել եմ, որ նույնիսկ բարևի և ընդունելությունների մեջ պետք է շատ զգույշ լինել՝ նախ համոզվել, որ այդ ազատ փոխարկելի արժույթն ինչպես, որտեղ և ինչ նպատակներով է կանխիկացվելու: Այս ամենն ասում եմ՝ ցույց տալու համար, որ, այո՛, որևէ կասկած չկա, որ մեր կառավարությունը և ես անձամբ, քաղաքական կամքը նույնիսկ շատ թույլ է հնչում այս տրամաբանության մեջ, որովհետև քաղաքական կամքը կարգախոս է, որը շատ բան չի ասում: Թույլ տվեք ասել, որ ես ինձ համարում եմ կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի քաղաքական գործիչ, մարդ, անհատ և, իհարկե, այս ամեն ինչը ներկայացնում էի՝ ցույց տալու համար, որ պետք է միշտ հաշվի առնել, որ նույնիսկ գենետիկ մուտացիաների հնարավորություն տեսականորեն կարող է լինել, և կարող են լինել համակարգեր, որոնք անընդհատ ուզում են քեզ ներքաշել այդ գենետիկ մուտացիոն երևույթների հետ, ինչը, սակայն, համոզված եմ՝ բոլորդ գիտեք, որ տեղի չի ունենա»:

Ես ինձ համարում եմ կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի քաղաքական գործիչ

Խոսելով հաջորդ կարևոր քաղաքական արձանագրման մասին՝ վարչապետը նշել է. «Երբ մենք ասում ենք պայքար կոռուպցիայի դեմ, քաղաքական իմաստով դա ընկալվում է որպես, այսպես ասած, պայքար նախորդ կոռումպացված իշխանությունների նկատմամբ: Ես շատ կարևոր եմ համարում արձանագրելը, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մեզ համար չկա նախորդ, ներկա իշխանություն, որովհետև մեզ համար կրկնակի անընդունելի է գործող, այսօր, օրինակ, իմ կողմից որևէ պաշտոնի նշանակված անձի կողմից կոռուպցիայի մեջ ներքաշվելը, քան նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից: Հույս ունեմ, որ դա տեսանելի է բոլորին, որովհետև վերջին 1.5 տարվա ընթացքում 4 բարձրաստիճան պաշտոնյաների, գուցե ավելին է այդ թիվը, առնվազն 4 բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, և այս պրոցեսը շարունակվելու է: Ուղղակի բացառված է, որ մենք որևէ կոմպրոմիս ունենանք կոռուպցիայի հետ, և Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան պետք է արմատախիլ արվի ամբողջապես:

Վարչապետի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։

#CivilNet #News

Մեկնաբանել