Նարեկ Սարգսյանը կարտահանձնվի

Չեխիայի համապատասխան մարմինները Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին Հայաստանին արտահանձնելու որոշում են կայացրել։ Այդ մասին դեկտեմբերի 10-ին հայտարարել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Հաշվի առնելով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը: Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Աբրահամյանը։

Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի թմրաշրջանառության և զենք ունենալու մեջ։ Նա ձերբակալվել էր մեկ տարի առաջ Պրահայում և ձերբակալման պահին հայտնի էր դարձել, որ Սարգսյանի մոտ առկա է իր անձը հաստատող գվատեմալացու անձնագիր՝ Ֆրանկո Գոնսալես անուն-ազգանունով։

Մեկնաբանել