Հայաստանը նախատեսում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2036թ․

Ռուսաստանի տրամադրած 270 մլն դոլար արտոնյալ վարկի և 30 մլն դոլար դրմաշնորահային միջոցներով վերազինումից հետո Հայաստանի կառավարությունը քննարկում է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու տարբերակը: Այս մասին դեկտեմբերի 10-ին ՀԱԷԿ-ի տարածքում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ատոմակայանի վերազինիումից հետո, Պապիկայնի խոսքով, էներգահամակարգի այս խոշորագույն օբյեկտի «կյանքը» կերկարի մինչև 2026 թվականը, սակայն թույլատրելի է՝ մինչև 2036 թվականը: «Սա թույլատրելի է: Այս հարցը ապագայում քննարկումների թեմա է: Չեմ ցանկանում առաջ ընկնել ժամանակից, սակայն հնարավորությունները թույլ են տալիս մտածել այդ մասին»,- ասաց նա:

Նրա հետ համաձայնեց մամլուլի ասուլիսին մասնակցող ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, որի խոսքով՝ 2026-ից հետո նախատեսվում է իրականացնել ռեակտորի իրանի թրծում, որը կբարձրացնի նրա ամրությունն ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման համար: «Մենք մանրամասն ուսումնասիրել են ռեակտորի վիճակը, կան հաշվարկներ, որ վերազինումից հետո այն կարող է անվտանգ աշխատել մինչև 2026 թվականը և ավելի: Անվտանգության բոլոր հարցերը հաշվի առնված են», – ասաց նա՝ հավելելով, որ ռեակտորն ունի անվտանգության երկու համակարգ (նոր ռեակտորներն ունեն անվտանգության 3-4 համակարգ), որը միջազգային չափանիշներին համահունչ է:

Ասուլիսին նախարարը անդրադարձավ նաև ռուսական վարկի ժամկետի եկրակաձգման մասով Մոսկվայի հետ բանակցություններին՝ նշելով, որ դրանք ավարտվել են դրական ելքով: Նախատեսված էր, որ արդիականացման աշխատանքները պետք է ավարտվեին այս տարի, սակայն դրանք երկարաձգվելու են մինչև 2021թ. ավարտը:

«Աշխատանքներն իրականում բավականին ծանր են։ Եվ հաշվի առնելով այս օբյեկտի ու անվտանգության խնդիրների կարևորությունը՝ երբեմն շտապողականությունը կարող է վնաս հասցնել աշխատանքին, և բնականաբար դրա արդյունքում էլ անհրաժեշտություն է առաջանում որոշ աշխատանքների ժամկետի երկարաձգման», – մանրամասնեց նա։

Նախարարի խոսքով, չնայած միջազգային որոշ գործընկերների անհանգստություններին՝ Հայաստանը շարունակելու է շահագործել ատոմակայանը, քանի որ այն ռազմավարական նշանակությունի ունի երկրի էներգետիկ համակարգի համար:

«Հայաստանը խնդիր ունի էներգետիկ առումով ոչ միայն ինքնաբավ լինելու, այլև շարունակելու լինել արտահանող երկիր։ ԱԷԿ-ն ապահովում է մեր էներգիայի այս պահին 40 տոկոսը, բայց իր ողջ հզորությամբ գործելու դեպքում այն կարող է հասնել մինչև 50 տոկոսի։ Շրջափակված լինելով երկու երկրների կողմից՝ Հայաստանի Հանրապետությունն այս փուլում,- քանի դեռ մենք ամբողջությամբ չենք անցել, կամ մեր հզորությունները թույլ չեն տվել այլընտրանքային էներգետիկ աբյուրների անցնել, որպեսզի մենք կարողանանք մեզ նման ճոխություններ թույլ տալ,- այս փուլում գործընկերները պետք է որոշակի ըմբռնումով մոտենան Հայաստանի ատոմային էներգիայի խաղաղ շահագործմանը, որովհետև սա մեզ համար ունի կենսական նշանակություն»,- ընդգծեց Պապիկյանը։

Ասուլիսին անդրադարձ կատարվեց նաև արտաքին հարձակումներից ԱԷԿ-ի ռեակտորի խոցելիության խնդրին։ «Մեծամորի ԱԷԿ-ի ռեակտորը չունի պաշտպանիչ գմբեթ և նրան հնարավոր հարձակումներից պետք է պաշտպանի երկրի պաշտպանության նախարարությունը»,- բացատրեց ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը: Նրա խոսքով՝ գմբեթներն, իրականում, պաշտպանում են ռեակտորները ոչ թե արտաքին հարվածներից, այլ օրինակ ԱԷԿ-ի տարածքում ավիաաղետների դեպքում: «Սակայն այժմ կան մեծ ինքնաթիռներ, որոնց հնարավոր ընկնելու պարագայում որևէ ռեակտոր պաշտպանված չէ»,- նշեց նա:

***

Ատոմակայանի շահագործման նախագծային վերջնաժամկետը 2016թ. սեպտեմբերն է, և այն տասը տարով երկարաձգման ծրագիրը գնահատվել է 300 մլն դոլար, որից 40 մլն դոլարը՝ հետազոտությունների և հաշվարկային հիմնավորման աշխատանքների համար: Պատվիրվելու և մատակարարվելու են 180 մլն դոլարի սարքավորումներ, 80 մլն դոլար ուղղվելու է աշխատանքների իրականացմանը։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը չի բացառել, որ ընդհանուր գնահատման ժամանակ աշխատանքների ծավալը կարող է աճել մինչև 20%-ով, գները տարեկան կտրվածքով կարող են ավելանալ 10%-ով։

Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների կապալառուն «Ռոսատոմ» կորպորացիայի դուստր «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն է։ Ընդ որում, 2016-ից հետո, շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում, ատոմակայանը շահագործման է հանձնվելու «Ռոսատոմին»։

Ռուսաստանը Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանին տրամադրում է 300 մլն դոլարի վարկ:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել