ԲՀԿ-ական պատգամավորն իր ընկերությանը փորձում է ազատել քրեական պատասխանատվությունից

Կառավարության դեկտեմբերի 12-ի նիստի օրակարգում չզեկուցվող ընթացակարգով հարց է ընդգրկված, որով ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Վարդան Վարդանյանը առաջարկում են փոփոխություն կատարել քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածում։ Սա վերաբերում է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր չվճարելուն։ Պատգամավորները մասնավորապես փորձում են խոշոր չափի հարկային պարտավորություններ չկատարելու շեմը՝ ներկայում գործող 4 միլիոն դրամը, փոխարինել 15 միլիոն դրամով։ Պարզվում է՝ ԲՀԿ-ականների այս նախաձեռնության արդյունքում նրանցից Բագրատյանի հիմնադրմամբ ու մասնակցությամբ ստեղծված ընկերությունը կազատվի քրեական պատասխանատվությունից։

ԲՀԿ-ական պատգամավորները նախագծի հիմնավորման մեջ նշել են՝ տնտեսվարող սուբյեկտները օբյեկտիվորեն դժգոհում են, որ հարկային մարմինները չարաշահում են քրեական գործ հարուցելու իրենց լիազորությունը, իսկ քրեական գործերի հարուցումը վատ է անդրադառնում ներդրումային և բիզնես միջավայրի վրա։ Սերգեյ Բագրատյանն ու Վարդան Վարդանյանը ներկայացրել են նաև վիճակագրություն, ըստ որի՝ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործերը մեծաասամբ մեղադրական եզրակացությամբ դատարան չեն հասնում։

Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել նախագծին։ Եզրակացության հիմնավորումից պարզ է դառնում, որ նախաձեռնության հեղինակ Սերգեյ Բագրատյանի հիմնադրած ընկերությունն անցնում է ՊԵԿ-ում հարուցված քրեական գործով և առանձնապես խոշոր չափի վնասի շեմի փոփոխության դեպքում կազատվի պատասխանատվությունից։

Կառավարության հիմնավորման մեջ մասնավորապես ասված է. «Քննչական մարմինների կողմից ներկայացված գրություններից պարզ է դարձել, որ ներկայում քննչական մարմիններից մեկի վարույթում է գտնվում «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի կողմից (որի հիմնադիրը Սերգեյ Բագրատյանն է) հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր չներկայացնելու, ինչպես նաև այդ փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոչոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու (Օրենսգրքի 205-րդ հոդված) դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում առկա տվյալների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի հիմնադիր Սերգեյ Պապաշի Բագրատյանի բաժնեմասի չափը ներկայում կազմում է 1,98%:Հիմքում ունենալով վարույթն իրականացնող մարմնի կողմից տրամադրված տեղեկատվությունը՝ հարկ է նշել, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխության կատարման դեպքում վերոնշյալ քրեական գործը, ըստ էության, ենթակա կլինի կարճման»:

«ԲիԷսԲի» ընկերությունը ըստ Հետքի՝ Եղեգիս գետի վրա ունի հէկ, որը կառուցվել է այն ժամանակ, երբ Սերգեյ Բագրատյանը Վայոց ձորի մարզպետն էր։ Նույն լրատվամիջոցի հրապարակումների համաձայն՝ հէկի կառուցման շինաշխատանքները սկսվել են առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության։

Կառավարությունն իր հիմնավորման մեջ նշել է, որ Սերգեյ Բագրատյանն ունեցել է «շահերի բախման վիճակ»՝ շեշտելով, որ «Բագրատյանն ուղղակի չէր կարող տեղյակ չլինել իր ներկայացրած նախագծի ընդունման հետևանքների, այն է՝ իր մասնակցությամբ առևտրային կազմակերպության իրավական դրության բարելավման մասին»։ Կառավարությունը հղում է կատարել օրենքին, ըստ որի՝ շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է ԱԺ-ի կամ իր անդամակցած հանձնաժողովի նիստում հայտարարել, որ ինքը գտնվում է շահերի բախման վիճակում, իսկ նախագիծ ներկայացնելիս կցել շահերի բախման մասին գրավոր հայտարարություն, ինչը Բագրատյանը չի արել։

Օրենքի հեղինակները իրենց նախագիծը ներկայացրել են որպես հարկերի հավաքման նպատակով քրեական գործեր հարուցելու սպառնալիքը բացառող նախաձեռնություն։

Մկրտիչ Կարապետյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել