Գովազդը կվերադառնա Հանրային հեռուստատեսություն

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը թույլ տալ «վերաբացել» գովազդը։

2013-ի դեկտեմբերին արդարադատության նախարարության օրենսդրական փաթեթով Հանրայինին արգելվել էր ցուցադրել գովազդ՝ բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին տեղեկություններ նշելու դեպքերի։ Մամուլում այդ ժամանակ հրապարակումներ եղան այն մասին, որ սա իրականացվում է՝ մասնավոր հեռուստաընկերություններ գովազդն ուղղորդելու նպատակով։

Արդարադատության նախարարությունը այժմ առաջարկում է Հանրայինին թույլ տալ մեկ եթերային ժամի ընթացքում մինչև հինգ րոպե տևողությամբ գովազդ հեռարձակել։ Հեռուստաընկերությունը կշարունակի նաև սոցիալական գովազդ հեռարձակել՝ մեկ եթերային ժամվա ընթացքում թույլատրելի համարելով մեկ րոպեն։ Նախկինում գովազդը Հանրայինի տարեկան բյուջեն համալրել է 600-800 միլիոն դրամով։

«Առաջարկվող փոփոխություններով Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա համալրելու իր եկամուտների աղբյուրները և գովազդից ստացվող միջոցներն ուղղելու տեխնիկական համալրման կարիքները հոգալուն, եթերացանցի բարելավմանը, արտադրվող հեռուստաարտադրանքի հասանելիության բարձրացմանը, նոր և առավել հետաքրքիր հեռուստանախագծերի ստեղծմանն ու կարևոր գաղափարների կենսագործմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նշվում է նաև, որ նախկինում կիրառված օրենսդրական արգելքը զրկել է Հանրայինին եկամուտներից, որպես Հանրայինով գովազդ հեռարձակելու օրինակելի երկրներ նշելով ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան, ԵՄ երկրները։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել