Հայերը հողերը չեն վերցնի և տեղափոխվի Լուսին կամ Կալիֆոռնիա․ Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ մանրամասն պատմել է, թե ինչ է կատարվում այժմ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հաղորդում է 1news.az կայքը։

«Բրատիսլավայում հանդիպմանը պետք էր հասկանալ, թե որտեղ է անցնում կարմիր գիծը, այն գիծը, որը չի կարելի անցնել կողմերի շահերից ելնելով։ Մենք հասկանում ենք, թե որտեղ է անցնում Հայաստանի կարմիր գիծը, նրանք հասկանում են, թե որտեղ է անցնում Ադրբեջանի կարմիր գիծը»,- ասել է Մամեդյարովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ Բրատիսլավայում կարծիքների փոխանակումը բավական կոշտ էր, ինչը դրսևորվում էր կողմերի դիրքորոշումներում․ «Բրատիսլավայի գագաթնաժողովում իմ հայ գործընկերոջ ելույթը աղետալի էր, որովհետև այն ոչ մի տեղ չի տանում, և բնականաբար նա ինձ օգնեց, որովհետև ինձ համար հեշտ էր ելույթ ունենալ դրանից հետո»,- ասել է նա:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, թե բոլորն են հասկանում, որ հակամարտությունն անմիջապես կարգավորել անհնար է։

«Եթե հայկական կողմն իր նախարարի շուրթերով խոսում էր Ղարաբաղի անկախության մասին, վարչապետն էլ ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ապա ինչի շուրջ բանակցել»- ասել է Մամեդյարովը՝ նշելով, որ այդ հայտարարությունները հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին։

Մամեդյարովն ասել է, թե հայկական կողմը խոսում է հիմնականում կարգավիճակի և անվտանգության մասին․ «Մեր պատկերացմամբ՝ կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի կազմում ինքնավարության բարձր մակարդակի տրամադրմամբ։ Մենք ասում ենք՝ տվե՛ք բանաձևը, թե ինչ եք ուզում։ Այս հարցի լուծման բազմաթիվ տարբերակներ կան համաշխարհային քաղաքականության մեջ»։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ համանախագահներն իրենց հայտարարության մեջ նշում են, որ հակամարտությունը պետք է լուծվի առանց ուժի կիրառման․ «Սակայն այդ ուժն արդեն կիրառվել է, մենք օկուպացիա ունենք, և տեղի են ունեցել էթնիկ զտումներ»:

Մամեդյարովն ասել է, որ շատ հետաքրքիր էր կարդալ ադրբեջանցի լրագրողների ռեպորտաժները, որոնք «այցելել էին Հայաստան և Ադրբեջանի օկուպացված տարածքներ»:

«Հայկական կողմը չափազանց շատ հույզեր ունի։ Ես հանդիպել եմ հայ լրագրողների հետ և հարցրել եմ նրանց՝ ինձ գոնե մեկ փաստարկ տվեք, որ դուք շահել եք Ադրբեջանի հետ կոնֆլիկտից։ Դուք սկսել եք ավելի լավ ապրել, միացել ինչ-որ գլոբալ նախագծերի,- ասել է Մամեդյարովը՝ նշելով, որ «սովորական հայ քաղաքացիների սրտին ու մտքին հասնելը շատ կարևոր է»։

«Տրամաբանությունը շատ պարզ է՝ հայերը հողերը չեն վերցնի և չեն տեղափոխվի Լուսին կամ Կալիֆոռնիա, դա անհնար է։ Ամեն դեպքում, բոլոր հակամարտությունները լուծվում են, և պետք է գտնել խաղաղություն ու համագործակցություն հարևանների հետ»,- ասել է նա:

Մամեդյարովը նշել է, որ երբ 2004-ին Պրահայում սկսվում էր բանակցային գործընթացը, առավել հարմար գործընկերն էր Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․ «Նա բավականին անկեղծ էր և հավատում էր Հայաստանի ապագային։ Նա հասկանում էր, որ անհնար է անկախ Հայաստանի նորմալ ապագան առանց հարևանների հետ հարաբերությունների»։

Թարգմանությունը՝ Մարիա Եղիազարյանի

Մեկնաբանել