«Հայաստան» համահայկական հիմնադրամը 150 հազար դոլար է տրամադրում Լիբանանի հայկական վարժարաններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը այցելել է Բեյրութ՝ լիբանանահայ 18 վարժարաններին փոխանցելու 150 հազար դոլարի նվիրատվություն, որից 50 հազարը՝ Արցախի կառավարությունից։

«Սրանով զորակցում ենք համայնքին ու նաև կոչ ենք անում համայն հայությանը ուշադրությունը բևեռելու այս տագնապին ու կանգնելու Լիբանանի հայ համայնքի կողքին»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

Ինչպես հաղորդում է Լիբանանի Ազգային առաջնորդարանը, Արշամյանին ընդունել է Լիբանանի հայոց առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոսը՝ Լիբանանի թեմի քարոզիչ Հոգշ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի և Ազգային վարչության Կրոնական ժողովի ատենապետ Արժ. Տ. Սարգիս աւ. քհն. Սարգիսեանի ու Քաղաքական ժողովի ատենապետ Րաֆֆի Սիսլեանի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի մարմնի ատենապետ Սարգիս Արմէնեանն ու փոխատենապետ Գրիգոր Թէրզեանը, Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը։

«Այս իրավիճակում, երբ Լիբանանի սոցիալ-տնտեսական տագնապի պատճառով լիբանանահայությունը դիմագրավում է տնտեսական ծանր պայմաններին, Ձեր զորակցությունը երաշխավորում է հայ դպրոցի հայեցի դաստիարակության և հայապահպանման նվիրական առաքելության անընդմեջ շարունակականությունը։ Ձեր փոխանցած 150 հազար դոլարը Ազգային առաջնորդարանը պետք է բաժանի լիբանանահայ 18 վարժարանների` 5020 աշակերտի կրթաթոշակի։ «Հայաստան» համահայկական հիմնադրամին այս զորակցությունը համարում ենք Հայաստան-Սփյուռք միասնականության և գործակցության շոշափելի արտահայտություն, որի համար հայտնում ենք մեր հայորդիների երախտագիտությունը»,- ասել է Լիբանանի հայոց առաջնորդ Նարեկ արքեպիսկոպոսը։

Այս առթիվ Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի հայագիտության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արա Սանճեանը գրել է․

«Լիբանանահայոց ազգային առաջնորդարանի հաղորդագրութենէն կ’իմանանք թէ այս տարեշրջանին Լիբանանի 18 հայկական վարժարաններուն մէջ արձանագրուած են 5,025 աշակերտներ։ Համեմատութեան համար ըսեմ թէ հայ աշակերտներու թուաքանակի բարձրակէտը եղած է 1974-75 տարեշրջանը՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմի բռնկման տարին, երբ 56 հայկական վարժարաններ յաճախած են 21,000 աշակերտներ։ Պատերազմի աւարտէն քիչ ետք՝ 1991-92-ին՝ այդ թիւը եղած է 11,939, 2001-02-ին՝ 8,327, իսկ 2011-12-ին՝ 6,618»։

#CivilNet #News

Մեկնաբանել