Զելենսկու՝ Բաքու այցից առաջ Ուկրաինան ընդդիմադրի է հանձնել Ադրբեջանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 16-17-ը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, այցի ընթացքում կայանալու են Զելենսկու հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի հետ։ Նախատեսվում է երկկողմ մի շարք փաստաթղթերի ստորագրում։

Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևը մասնակցելու են ուկրաինա-ադրբեջանական բիզնես-ֆորումին։ Ուկրաինայի ղեկավարը հանդիպում է ունենալու նաև Ադրբեջանի ուկրաինական համայնքի հետ։

Ուկրաիայի նախագահի վերջին այցը Ադրբեջան կայացել էր 2016-ի հուլիսին։ Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պետրո Պորոշենկոն Բաքվում հայտարարել էր, որ Կիևն անընդունելի է համարում «Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումը»։

Զելենսկու այցից առաջ՝ դեկտեմբերի 12-ին, Ուկրաինան արտաքսել է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր, ազգությամբ թալիշ Էլվին Իսաևին, որի դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցված։ Ինչպես հայտնել է Ադրբեջանի միգրացիոն ծառայությունը, բլոգերին արտաքսել են երկրում կացության կարգը խախտելու համար։ Ուկրաինական կայքերը գրում են, որ Իսաևն անհետացել է դեկտեմբերի 12-ի առավոտյան։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել