Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայացել 

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա, քանի որ այդ օբյեկտի գնման համար որեւէ հայտ չի ներկայացվել, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը՝ հղում անելով Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի խոսքին:

Բաբայանը նշել է, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը, որը նախատեսված է դեկտեմբերի 19-ին, չի կայանալու: Նա հայտարարել է, որ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնողներ եղել են, սակայն կա՛մ չեն հասցրել հայտ ներկայացնել, կա՛մ մտափոխվել են: Բաբայանը նշել է, որ հաջորդ աճուրդի ժամանակ արդեն, ըստ կարգի, մեկնարկային արժեքը (7,526 մլրդ դրամ) պետք է 5 տոկոսով նվազի, սակայն դեռ օր որոշված չէ:

Հարցին, թե ինչու գնորդ չի հայտնվել, Նարեկ Բաբայանը պատասխանել է. «Որոշ ներդրողներից արձագանք ենք ստացել, որ հաշվարկը չի արդարացնում, այսինքն՝ գինը բարձր է, եւ չեն կարողանալու իրենց ներդրումը հետ բերել»: Բացառված չէ նաեւ, որ պետությունը շահագործի հյուրանոցը. «Եթե եւս 1 աճուրդ, օրինակ, չկայանա, հնարավոր է, որ այդ պարագայում այլ ելք գտնվի եւ հանձնվի հավատարմագրային կառավարման»:

Կառավարությունն ավելի վաղ որոշել էր Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի` պետությանը նվիրած Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը օտարել աճուրդի միջոցով։ Հայտարարված աճուրդով հյուրանոցային շենք-շինությունները և շարժական գույքը գնահատվել են ավելի քան 7,5 միլիարդ դրամ։

Ըստ որոշման նախագծի՝ գնորդը պարտավորվելու է նաև վճարել գույքի զբաղեցրած տարածքի կադաստրային արժեքը՝ ավելի քան 62 միլիոն դրամ։

2018-ի հոկտեմբերի 11-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ հարուցվել է քրեական գործ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի կողմից փողերի լվացման և ապօրինի ձեռնարկատիրությանը մասնակցության համար։ ԱԱԾ-ն ստուգում էր «Գոլդեն Փելիս» հյուրանոցի կառուցման միջոցների օրինականությունը, որի ընթացքում Արմեն Ավետիսյանը ցանկություն էր հայտնել գույքը նվիրել պետությանը։ Սեպտեմբերի 26-ին կառավարության նիստում պետությունը ընդունեց նվիրատվությունը։

#CivilNet #News

Մեկնաբանել