Կա մի բան, որի կրկնությունը Ռուսաստանը հաստատ չի ցանկանում․ զրույց Ֆյոդոր Լուկյանովի հետ

ՌԴ Արտաքին ու պաշտպանական քաղաքականության խորհրդի ղեկավար, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» (Россия в глобальной политике) հանդեսի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի հետ զրուցել է ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը։ Զրույցը տեղի է ունեցել Մոսկվայում, Գորչակովի ակումբի տարեկան հանդիպման ընթացքում։

– Պարոն Լուկյանով, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներգրավվեց որպես մեղադրյալ, մենք ականատես եղանք Ռուսաստանի կոշտ արձագանքին: Վերջերս քրեական գործով որպես մեղադրյալ է նրագրավվել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ռուսաստանի էլիտայում ինչպե՞ս են վերաբերվում այս գործընթացներին:

– Հենց ամենասկզբից, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ընկալումը ՌԴ-ում շատ կրածրատիպային էր: Սկսեցին կասկածել, որ սա արտաքին ուժերի ազդեցությամբ իրականացված հերթական «գունավոր հեղափոխությունն» է: Սակայն այս վարկածը շատ արագ քննարկումներից դուրս եկավ, թեև մեզանում նման միտում կա՝ ամեն ինչում տեսնել ոչ թե ժողովրդի կամքի արտահայտություն, այլ արտաքին ազդեցություն: Հայաստանի պարագայում շատերին պարզ էր, որ պատճառները ներքին էին: Արտաքին ազդեցության մասին վարկածն այժմ այդքան էլ քննարկվող չէ: Սակայն, մյուս կողմից, մտավախություն կա, որ հայկական կողմում շարունակում է գերակայել հեղափոխական ոգևորությունը, ոչ թե պրոֆեսիոնալ աշխատանքը: Այսինքն՝ Հայաստանի քաղաքականությունը շարժվում է ոչ թե պրոֆեսիոնալ աշխատանքի նկատառումներով, այլ հեղափոխական ոգևորությամբ: Ուստի ՀՀ ներկա իշխանությունների՝ նախկինների նկատմամբ մոտեցումն ընալվում է կամ որպես հաշվեհարդար, կամ պոպուլիզմին տուրք տալու քայլ:

Գիտեմ, որ Հայաստանում այլ կարծիքի են, հնարավոր է՝ ՌԴ-ում թերագնահատում են նախկին էլիտաների ոչ ժողովրդական լինելու աստիճանը: Ամեն դեպքում, սա ազդող գործոն է: Հատկապես, որ Ռուսաստանի էլիտան՝ ի դեմս Պուտինի, ընդհանրապես չի սիրում, երբ նեղացնում են նրանց, ում հետ կառուցողական աշխատանք են տարել: Հայաստանի նախկին երկու նախագահները Ռուսաստանի համար բավական կառուցողական գործընկերներ էին, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանը: Ռուսաստանի ղեկավարությունը չի սիրում «հանձնել» լոյալություն ցուցաբերած մարդկանց: Ընդհակառակը, մերոնք հայտարարում են, որ ամերիկացիներն են «գցում» իրենց գործընկերներին ու դաշնակիցներին: Որպես օրինակ բերվում է Եգիպտոսի նախակին նախագահ Հոսնի Մուբարաքը, որին հրաժարվեց պաշտպանել Բարաք Օբաման:

Կա մի բան, որի կրկնությունը Ռուսաստանը հաստատ չի ցանկանում։ Խոսքն անցյալ տարի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված անկայուն իրավիճակի մասին է

Միևնույն ժամանակ, կա ընդհանուր ընկալում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ներքին տրամաբանության վերաբերյալ: Սակայն կա մի բան, որի կրկնությունը Ռուսաստանը հաստատ չի ցանկանում։ Խոսքն անցյալ տարի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված անկայուն իրավիճակի մասին է: Այն է՝ զուտ ներքին խնդիրները բացասաբար ազդեցին Ռուսաստանի համար մեծ կարևորություն ներկայացնող կազմակերպության աշխատանքի վրա: Մնացած հարցերը, չեմ կարծում, որ կարող են հանգեցնել լուրջ խնդիրների երկու պետությունների հարաբերություններում:

– Հայաստանում կարծիք կա, որ նախկին իշխանության ներկայացուցիչները փորձում են մուտք ունենալ ՌԴ իշխանությունների, ավելի կոնկրետ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ, հանդիպել և անվտանգության երաշխիքներ ստանալ: Դուք նման գործընթաց նկատո՞ւմ եք, որքանո՞վ են ՌԴ-ում հակված աշխատելու նախկին իշխանությունների հետ:

– Ես նման գործընթաց չեմ նկատում: Սակայն պետք է հիշել, որ Հանրապետական կուսակցությունը, որ երկար տարիներ ղեկավարել է Հայաստանը, ՌԴ իշխանական շրջանակների հետ կապեր է հաստատել: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կապեր ունեն ՌԴ ղեկավարության շրջանակներում ներգրավված մարդկանց հետ, որոնք շարունակում են նրանց աջակցել: Գուցե այդ պատճառով ՀՀ նախկին իշխանությունների գնահատականները հասնում են ռուսական էլիտայի ամենավերին էշելոններ:

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կապեր ունեն ՌԴ ղեկավարության շրջանակներում մարդկանց հետ, որոնք շարունակում են նրանց աջակցել

Բայց ես չեմ կարծում, որ Ռուսաստանն ինչ-որ չափով հետաքրքրված կամ ցանկանում է խառնվել Հայստանի ներքին գործերին: Ավելին՝ փորձը բացասական է: Նախկինում հարևան պետությունների ներքին գործերին խառնվելու փորձերը հանգեցրել են բացասական հետևանքների: Հնացած են Արևմուտքի պատկերացումները, թե Ռուսաստանը ցանկանում է նախկին խորհրդային հանրապետություններին վերցնել իր թևի տակ: Ֆիզիկական վերահսկողությունն ակտուալ չէ, բավական է պարզապես քաղաքական լոյալությունը: Պարտադիր չէ, որ այդ պետությունների ղեկավարները շարժվեն Ռուսաստանի ցանկությամբ, կարևոր է, որ չանեն քայլեր, որոնք Ռուսաստանի շահերից չեն բխում:

– Որոշ ժամանակ առաջ, դուք հայտարարել էիք, որ հետխորհրդային հանրապետությունների համար ուժային բևեռների միջև մանևրելու քաղաքականության շրջանն ավարտվում է: Հայաստանն այն պետություններից է, որ հարաբերություններ է կառուցում և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ: Ինչո՞ւ եք կարծում, որ այդ շրջանն ավարտվում է:

– Մինչ օրս մենք ունեինք իրավիճակ, երբ փոքր պետությունները, գտնվելով ավելի խոշորների կամ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերի հատման կետերում, փորձում էին այդ կենտրոնների հակասություններն օգտագործել իրենց շահերի ու նպատակների իրականացման համար: Այժմ, սակայն, տարբեր գործոնների ազդեցության տակ աշխարհաքաղաքական խաղացողների հետաքրքրությունը նույն պետությունների նկատմամբ նվազել է: Նրանք այլևս նույն ջանասիրությամբ չեն ցանկանում մասնակցել այդ խաղին: Դրա պիկը մի քանի տարի առաջ էր, երբ կար կարծիք, թե արևմտյան ինստիտուտների ընդլայնումն այլընտրանք չուներ: Սակայն ուկրաինական իրադարձություններից, ԵՄ-ում ու ՆԱՏՕ-ում տեղի ունեցող ներքին փոփոխություններից հետո այդ պետությունների նկատմամբ հետաքրքրությունը գնալով նվազում է:

Չնայած մեզանում հնչող երբեմն ամենակտրուկ հայտարարություններին՝ Ռուսաստանում ևս ակտիվորեն ընթանում է վերաիմաստավորման գործընթաց առ այն՝ «իսկ դա մեր ինչի՞ն է պետք»: Եթե նախկինում ապրիորի գերակայում էր հետխորհրդային երկրները Ռուսաստանի ուղեծրում պահելու մտայնությունը, այժմ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետաքրքրության նվազման ֆոնին շատ ռացիոնալ հարց է ծագում՝ «պահել, բայց ինչի՞ համար»: Ու այժմ ավելի անհատական է դառնում յուրաքանչյուր պետության հետ աշխատանքը՝ հստակ ծանր ու թեթև անելով դրա պոտենցիալն ու հնարավորությունները: Իսկ սա նշանակում է, որ այդ երկրները, օրինակ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, պետք է հասկանան՝ ինչպես կառուցել իրենց արտաքին քաղաքականությունը:

Աշխարհաքաղաքական ընտրության համար նախկինում վճարվող գինն այժմ պատրաստ չեն վճարել հզոր խաղացողերը: Այլևս այդ պետություններն այն արժեքավոր ակտիվը չեն, որոնց համար արժե մեծ ջանքեր գործադրել: Անգամ Ուկրաինայի պարագայում է դա զգացվում: Իհարկե, Ուկրաինային վստահեցնում են, որ չեն թողնի Մոսկվայի հետ միայնակ, բայց պատրաստ էլ չեն ՌԴ-ի հետ շարունակել լարել հարաբերությունները: Այժմ գալիս է պահը, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած պետությունները պետք է ապացուցեն, որ իրենք առանձին վերցրած կենսունակ և հեռանկարային են: Մինչ օրս նրանց արժեքն աշխարհաքաղաքական կենտրոնների համար «by default» ռեժիմով էր ընկալվում:

– Վերջերս հայկական քաղաքական շրջանակներում կրկին ակտիվացել են Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների տեղակայման մասին խոսկացությունները: Կա՞ նման մտայնություն Ռուսաստանում:

– Ո՛չ, ես նման բան չեմ լսել: Ընդհանրապես խաղաղապահներ տեղակայելու մոդան անցյալում է: Միայն Դոնբասի պարագայում է, որ քննարկվում է խաղաղապահների տեղակայման հարցը: Բայց սա էլ ոչ թե մեր, այլ Կիևի նախաձեռնությունն է: Բնականաբար, նրանք նկատի ունեն ոչ թե ռուս, այլ Արևմուտքի երկրների խաղաղապահներին: Ես իսկպաես կարծում եմ, որ Ղարաբաղի հարցում ռուս խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվում: Ամեն դեպքում, ՌԴ-ում նման քննարկումներ չկան: Ռուսաստանը հարաբերություններ է կառուցում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ: Ադրբեջանը տարբեր պատճառներով կարևոր է Ռուսաստանի համար, բայց սա չի նշանակում Հայաստանից հեռացում:

Մոսկվայում կարծում են՝ քանի դեռ Երևանում ու Բաքվում չկա դիվանագիտական կարգավորման գնալու կամք, անիմաստ է այդ ուղղությամբ ճնշումներ բանեցնել

Ռուսաստանում կարծում են, որ Մոսկվայի առաքելությունն է թույլ չտալ Ղարաբաղում պատերազմի վերսկսում: Երբ 2016թ. ապրիլին այնտեղ ռազմական գործողությունները վերսկսվեցին, շատ արագ ջանքեր գործադրվեցին դրանց դադարեցման համար: Ռուսաստանի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմն ամենաանցանկալի ու վատ սցենարն է: Առաջանում է անորոշ իրավիճակ ՌԴ-ի գործողությունների տեսանկյունից: Մոսկվան Երևանի դաշնակիցն է և ունի պարտավորություններ: Դրանք ֆորմալ առումով չեն տարածվում Ղարաբաղի վրա, սակայն պետք է ինչ-որ կերպ արձագանքել: Մենք ունենք հարաբերություններ Ադրբեջանի հետ…

Ինչ վերաբերում է խնդրի դիվանագիտական, քաղաքական կարգավորմանը, ապա Մոսկվայում կարծում են՝ քանի դեռ Երևանում ու Բաքվում չկա դիվանագիտական կարգավորման գնալու կամք, անիմաստ է այդ ուղղությամբ ճնշումներ բանեցնել: Ճնշելով լուծել խնդիրն անիմաստ է ու անհնար: Քանի դեռ երկու պետությունների էլիտաները դրան պատրաստ չեն, պետք է պարզպաես ապահովել հավասարակշռություն և թույլ չտալ պատերազմի վերսկսում: Գուցե մի օր այդ պետությունների էլիտաները փոխվեն, ու ինչ-որ բան փոխվի, սակայն Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած իշխանափոխությունը ղարաբաղյան հարցում որևէ էական տեղաշարժի չի բերել: Ադրբեջանում ևս, տեսականորեն, էլիտայի փոփոխությունը դժվար թե հանգեցնի խնդրի կարգավորման:

Լուսանկարը՝ Eurasia.expert կայքից

Մեկնաբանել