Ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն

Այսօր գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն. այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Ֆեյսբուքում նա գրել է, որ «ժողովուրդ» օրաթերթի վրա հարձակումը «մարտահրավեր է՝ նետված յուրաքանչյուրիս»։

«Սա արդեն բեսպրեդել է. ինչ-որ հրոսակներ երեկ գիշեր պատուհանից և դռնից ներս են խուժել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն և ակնհայտ է, որ նպատակը գողությունը չի եղել։

Վերջիններս տակնուվրա են արել խմբագրության և լրագրողների ողջ գրագրությունը, թղթերը, փաստաթղթերը ՝ հստակ փնտրելով իրենց անհրաժեշտ նյութեր: Այս պահին խմբագրությունում աշխատում են իրավապահները և ես, որպես պատգամավոր, որպես նախկին լրագրող և որպես քաղաքացի, ում համար ազատ խոսքը գերակա սկզբունք է, հույս ունեմ, որ «Ժողովուրդ» օրաթերթի վրա կատարված հարձակումը կբացահայտվի և կներկայացվի հանցագործների իրական նպատակը, ինչի վերաբերյալ արդեն տարբեր վարկածներ են շրջանառվում:

Մեկ բան հստակ է. նրանք, ովքեր կազմակերպել են լրատվամիջոցի վրա այս հարձակում, նրանք ուղղակիորեն հարվածել են պետության ժողովրդավարության հիմքերին:

Որևէ մեկին, որևէ ժամանակ չի հաջողվել լռեցնել ազատ խոսքը ու չի հաջողվելու՝ հանկարծ մեկի մտքով նման բան չանցնի։ Իսկ լրատվամիջոցի վրա հարձակումը մարտահրավեր է մեզանից յուրաքանչյուրին: Սպասում ենք իրավապահների առաջին արձագանքին»,- գրել է Զոհրաբյանը։

Խմբագրություն ներժուժման առիթով հայտարարություն են տարածել մի շարք լրագրողական կազմակերպություններ․

«Դեկտեմբերի 19-ի գիշերն անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» թերթի խմբագրություն և,
ըստ նույն թերթի լրագրողների վկայության, տակնուվրա արել գույքը, բացել դարակները, մտել խմբագրի
աշխատասենյակ, շաղ տվել թերթերն ու թղթերը՝ ամենայն հավանականությամբ փորձելով ինչ-որ բան
գտնել: Նախնական տեղեկություններով՝ համակարգչային որևէ տեխնիկա կամ այլ իր գողացված չէ,
սակայն ներխուժման փաստն ինքնին վկայում է լրատվամիջոցի վրա բիրտ ճնշում գործադրելու փորձի
մասին:

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք
ոտնձգությունը խմբագրության նկատմամբ, հայտնում մեր զորակցությունը գործընկերներին և պահանջում
իրավապահներից՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության
ենթարկելու համար»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել