Ո՛չ վարչապետը, ո՛չ նրա ընտանիքի անդամները չեն կարող հրաժարվել պետական պահպանությունից. Նիկոլ Փաշինյան

Ո՛չ վարչապետը, ո՛չ նրա ընտանիքի անդամները չեն կարող հրաժարվել պետական պահպանությունից. Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսպես մեկնաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար մեքենա գնելու մասին լուրերը։

Վարչապետի խոսքով՝ «ՀՀ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ վարչապետը և նրա ընտանիքի անդամները պետական պահպանության ենթակա անձինք են։

«Օրենքը հստակ ասում է, որ ՀՀ վարչապետը ոչ մի պարագայում չի կարող հրաժարվել պետական պահպանությունից, և այնտեղ գրված է, որ ըստ էության չեն կարող հրաժարվել նաև վարչապետի ընտանիքի անդամները»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ օրենքում մի դրույթ կա միայն, ըստ որի վարչապետի ընտանիքի անդամները կարող են ժամանակավոր հրաժարվել պետական պահպանությունից։

«Օրենքն ասում է, որ պետական պահպանության ենթակա անձի պահպանությունը իրականացվում է այդ թվում տրանսպորտային միջոցների կիրառումով։ Օրինակ՝ եթե պետական պահպանության ենթակա որևէ անձի հետ կապված որևէ միջադեպ տեղի ունենա, այսինքն՝ պետական պահպանության ծառայության այդ աշխատողի նկատմամբ առնվազն ծառայողական քննություն պետք է իրականացվի ՝ հասկանալու համար՝ իր պարտականությունները պատշաճ կատարել է, թե պատշաճ չի կատարել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը տեղեկացրեց, որ այդ մեքենաները չեն պատկանում իր ընտանիքի անդամներին, այլ գնված են պետական պահպանության ծառայության աշխատողների համար, որոնք իրականացնում են վարչապետի ընտանիքի անդամի անվտանգությունը։

«Նույն տրամաբանությամբ էն մեքենան, որով ես եմ շրջում, իմը չէ, էդ մեքենան պետական պահպանության ծառայությանն է։ Իսկ վարչապետի անվտանգությունն ապահովվում է, որովհետև էդպես սահմանված է օրենքով»,- ավելացրեց նա։

Փաշինյանն անդրադարձավ նաև դստեր՝ շարասյունով շրջելու մասին խոսակցություններին։ Նրա խոսքով՝ Մարիամ Փաշինյանը վարորդական իրավունք է ձեռք բերել և փորձել է իրենց՝ 2008-ին ձեռք բերված մեքենայով շրջել քաղաքում։ «Էդ դեպքում պետական պահպանության ծառայության մեքենան իր հետևից էր գնում, և ստացվեց, որ իմ ընտանիքի անդամը շարասյունով է շրջում Երևանով», – բացատրեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հերքեց նաև, որ մեքենան 2019-ի արտադրության է և հաստատեց, որ մեքենաները ձեռք են բերվել 2018-ին, քանի որ ավելացել է պահպանության ենթակա անձանց թիվը։

Վերջին օրերին լրատվականներից մի քանիսում լուրեր էին տարածվել, որ Մարիամ Փաշինյանը նոր մեքենա ունի, որը գնվել է պետական պահպանության ծառայության միջոցներով։ Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է լուրը․ «Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Մարիամ Փաշինյանի համար որևէ փոխադրամիջոց ձեռք չի բերվել: Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»: Պետական պահպանության ծառայությունը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությունն ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով իր ռեսուրսների շրջանակում»։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել