Մեղադրանք է առաջադրվել Ռազմիկ Աբրահամյանին

Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով [Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ] և 200 հոդվածի 3-րդ կետով [Առևտրային կաշառքը]. այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը։ 

Ըստ վերջինիս գրառման՝ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Դեկտեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ ձերբակալվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը: Ավելի ուշ գործի շրջանակում ձերբակալվել է ևս մեկ անձ։

Դեկտեմբերի 19-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով թեմային, լուրը որակեց «շոկային»։ Նա կարևորեց գործի քննության իրականացումն «առանց էմոցիաների», որպեսզի այն «ամբողջությամբ բացահայտվի՝ իր բոլոր մետաստազներով»։

#ՍիվիլՆեթ #Լուրեր