Պոպուլիզմը վտանգավոր է Արցախի ապագայի համար

Տիգրան Գրիգորյան

Բակո Սահակյանի նախագահության շրջանը նշանավորվել է քաղաքական և հասարակական կյանքի աստիճանական լճացմամբ ու ստագնացիայով: 2007-ին ստանձնելով նախագահի պաշտոնը` Սահակյանը ձեռնամուխ եղավ Արցախում մրցակցային քաղաքականության ու քաղաքացիական հասարակության ոչնչացման գործընթացին: Օգտագործելով իր ենթակայության տակ գտնվող ուժային կառույցները, վարչական ու ֆինանսատնտեսական ռեսուրսները, ինչպես նաև պաշտոնական Երևանի անվերապահ աջակցությունն ու վստահությունը` Բակո Սահակյանը իր կառավարման առաջին տարիներին արմատախիլ արեց քաղաքական նախաձեռնողականությունը արցախյան հասարակությունից և քաղաքականությունը արցախցիների համար դարձրեց դե ֆակտո տաբու թեմա և ոլորտ:

2007-ից 2018-ն ընկած ժամանակահատվածում Արցախում հնարավոր էր անխոչընդոտ զբաղվել քաղաքականությամբ միայն նախագահականից հրահանգ կամ թույլտվություն ստանալու դեպքում: Այն անհատները կամ ուժերը, որոնք հանդգնում էին ինքնուրույն որոշումներ կայացնել ու սեփական նախաձեռնությամբ զբաղվել քաղաքականությամբ, իրենց մաշկի վրա զգում էին արցախյան հիբրիդային ռեժիմի գործիքակազմի ողջ բազմազանությունը:

«Արցախյան միասնականությունը» խաթարողների նկատմամբ հիմնականում օգտագործվում էր ավտորիտար երկրներում տարածված երկու մարտավարություն` ռեպրեսիա ու կոոպտացիա: Բակո Սահակյանի իշխանության տարիներին նրա ընդդիմախոսներին և նրանց ազգականներին ազատում էին աշխատանքից, նրանց նկատմամբ շինծու քրեական գործեր էին հարցուվում, նրանցից ոմանք ծեծի էին ենթարկվում և դառնում ուղղորդված հանրային պարսավանքի թիրախ: Արցախի ԱԱԾ-ն, որտեղ մինչ այսօր կա հատուկ «քաղաքական» բաժին, քաղաքականապես «անբարեհույս տարրերին» մշտական վերահսկողության տակ էր պահում` գաղտնալսելով նրանց:

Երբ այս ռեպրեսիվ մեխանիզմները չէին աշխատում և չէր հաջողվում ահաբեկել ընդդիմադիրներին, իշխող էլիտան դիմում էր բոլոր ավտոկրատների մեկ այլ նախընտրելի մարտավարությանը` կոոպտացիային: Իշխանության բոլոր տրամաչափերի քննադատներին լոյալության դիմաց առաջարկվում էր աշխատանք, պետական դրամաշնորհներ, վարկեր և այլ արտոնություններ: Եվ մի քանի ամիսների ընթացքում նախկինում սկզբունքային գործիչները ինտեգրվում էին համակարգի մեջ, իսկ երբեմն նաև դառնում բացահայտ իշխանական քարոզիչներ: Ռեսուրսների ծայրահեղ կենտրոնացվածության պայմաններում, երբ իշխող էլիտան վերահսկում էր գրեթե ողջ աշխատանքային շուկան, այս մարտավարությունը չափազանց արդյունավետ էր: Կոոպտացիայի էին ենթարկվում նույնիսկ լուրջ բևեռ և հակաէլիտա դառնալու պոտենցիալ ունեցող գործիչները:

Արցախի իշխանությունների կողմից վերջին տասնամյակի ընթացքում վարվող այս քաղաքականութունը թույլ է տվել նրանց երկրում քաղաքական մենաշնորհ հաստատել և մինիմալի հասցնել սեփական պարտության հավանականությունը: Հասարակության համար քաղաքականությունը դարձել էր բավական ոչ հրապուրիչ, իսկ երբեմն՝ վտանգավոր բնագավառ, որից պետք էր խուսափել ավելորդ գլխացավանք ու խնդիրներ չունենալու համար:

Արցախի քաղաքական համակարգը, փաստորեն, 11 տարիների ընթացքում արհեստականորեն սառեցված վիճակում էր պահվել և զրկվել սաղմնային վիճակից աճելու հնարավորությունից: Արցախի զարգացման ու ապագայի վերաբերյալ բովանդակային քննարկումները ի սպառ վերացել էին հրապարակային դաշտից: Տեսլականների մենաշնորհը ևս պատկանում էր իշխանություններին, որոնք սակայն հիշում էին դրանց մասին միայն ընտրություններից ընտրություններ: Իշխանությունների և հասարակության միջև գոյություն ուներ նաև չգրված պայմանագիր, որը նման էր ռենտային պետություններում (Rentier states) գոյություն ունեցող նմանատաիպ պայմանագրերին. հասարակությունը մնում է լոյալ ու ապաքաղաքականացված, ինչի դիմաց պետությունից ստանում է սոցիալական ապահովվածության որոշակի աստիճան: Արցախի ռենտային պետության դեպքում բնական պաշարների ֆունկցիան կատարում էր Հայաստանի Հանրապետությունից փոխանցվող ամենամյա միջպետական վարկը, որը ժամանակի ընթացքում միայն աճում էր:

Հաշվի առնելով արցախյան թեմատիկայի կարևոր դերը հայաստանյան քաղաքականության մեջ` Երևանը ևս այս պայմանագրի գլխավոր շահառուներից էր: Այս ամենի արդյունքում Արցախում ձևավորվել էր խիստ ապաքաղաքականացված և քաղաքականությամբ չհետաքրքրվող հասարակություն, որն արդեն իսկ խորապես նստած էր սոցիալական ասեղի վրա և յուրօրինակ պատկերացումներ ուներ պետության գործառույթների վերաբերյալ:

Ահա այսպիսի պայմաններում Արցախը դիմավորեց հայաստանյան Թավշյա հեղափոխությունը: Սերժ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո փոփոխությունների քամին հասավ Ստեփանակերտ: Ղարաբաղյան հասարակությունը շատ շուտով հասկացավ, որ իշխանություններն այլևս չեն տիրապետում հասարակության վերահսկողության հին գործիքակազմին: Արցախում մեկնարկեց քաղաքական ազատականացման փուլը, որը հնարավորություն տվեց բազմաթիվ մարդկանց վերջապես ակտիվորեն ներգրավվել քաղաքականության մեջ: Հազարավոր մարդիկ, որոնց քաղաքական ակտիվությունը մինչև հայաստանյան հեղափոխությունը ճնշվում էր իշխանությունների կողմից, սկսեցին զբաղվել քաղաքականությամբ: Քաղաքական լիբերալիզացիայի առաջին ազդանշանը դարձավ նոր կուսակցությունների և բողոքի ակցիաների թվի կտրուկ աճը: Նախկինում ապաքաղաքականացված մարդկանց մեծ խումբ արթնացավ տասնամյա քնից և քաղաքական հայտ ներկայացրեց:

Այդ նոր ուժերը միավորում են արցախյան հասարակության տարատեսակ խմբեր, բավական բազմազան են և ներկայացնում են տարբեր շահեր: Նրանցից շատերը ազնիվ են իրենց մղումներում և իրական փոփոխություններ են ցանկանում Արցախում: Սակայն սահակյանական լճացման տասնամյակը Արցախի քաղաքական համակարգը տարիներով հետ է գցել:

Վերջին տարիների ապաքաղաքականացվածության պատճառով քաղաքական դաշտում ձևավորվող նոր ուժերը քաղաքական և տնտեսական գրագիտության լուրջ խնդիրներ ունեն: Հիմնարար գիտելիքների պակասի պարագայում նոր գործիչների ու ուժերի մեծամասնությունը դիմում է պոպուլիզմի և տալիս պարզ պատասխաններ բարդ հարցերին:

Պետությունը չի կարելի վերածել սոցապ նախարարության

Պոպուլիզմի նոր ալիքը, իհարկե, համաշխարհային թրենդ է, որը վերջին տասնամյակում կտրուկ վերափոխման է ենթարկել Արևմուտքի քաղաքական ռելիեֆը` հանդիսանալով արձագանք գլոբալիզացիային ու տնտեսական ճգնաժամին: Բայց Արցախի պարագայում համատարած պոպուլիզմի արմատները տեղական են:

Բարդ հայեցակարգեր ու երկրի իրական զարգացմանն ուղղված ծրագրեր մշակելու փոխարեն քաղաքական դաշտի նոր դերակատարներից շատերը հասարակությանը գայթակղում են էլեկտրաէներգիայի ու գազի ցածր գներով, բանկերի ազգայնացմամբ ու վարկերի մարմամբ, թոշակների կտրուկ բարձրացմամբ և նմանատիպ այլ խոստումներով:

Նոր կուսակցություններից հետ չեն մնում արցախյան հասարակությանը տարիների ընթացքում սոցիալական ասեղի վրա նստեցրած իշխանական ուժերն ու գործիչները: Այս ճամբարի ներկայացուցիչները խոստանում են անվճար բարձրագույն կրթություն, ամուսնացող զույգերին տրվող միանվագ գումարի եռապատկում, պայքար գլոբալ տաքացման դեմ ու կանաչ հեղափոխություն:

Ընդ որում, պոպուլիստական խոստումների այս անվերջանալի շարանը հնչեցվում է սեփական եկամուտների նվազման ու Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող միջպետական վարկի զգալի ավելացման ֆոնին (Արցախի 2020-ի բյուջեում սեփական եկամուտները նվազել են 2 միլիարդ դրամով, իսկ միջպետական վարկը ավելացել է 8 միլիարդ դրամով):

Կարևոր է, որ ՀՀ կառավարության կողմից մշակվի Արցախին հատկացվող միջպետական վարկի արդյունավետ օգտագործման ու վերահսկողության գործուն մեխանիզմ

Սա, իհարկե, անառողջ իրավիճակ է, որը վերջին տասնամյակում իշխանությունների վարած քաղաքականության արդյունքն է: Իշխող վերնախավը, ոչնչացնելով քաղաքական մրցակցությունը, ոչնչացրել էր նաև քաղաքական մտքի զարգացման համար անհրաժեշտ նախադրյալները: Հասարակությունն իր հերթին կախվածության մեջ է մտել բազմաթիվ պետական անարդյունավետ ծրագրերից:

Այսօր, երբ Արցախում քաղաքական ազատության առումով զգալի առաջընթաց է գրանցվել, իշխանական էլիտան կրկին փորձում է պոպուլիստական ծրագրերով կաշառել հասարակությանը ու փակել վերջինիս բերանը` օգտագործելով հայաստանյան հարկատուների միջոցները: Այս առումով կարևոր է, որ ՀՀ կառավարության կողմից մշակվի միջպետական վարկի արդյունավետ օգտագործման ու վերահսկողության գործուն մեխանիզմ: Պատերազմական գոտում գտնվող բնակչությունը, իհարկե, պետք է լինի պետության ուշադրության կենտրոնում, բայց պետությունը չի կարելի վերածել սոցապ նախարարության, որը օգտագործվում է քաղաքական նպատակներով: Կարևոր է փոխել նաև պետության գործառույթների մասին հասարակական ընկալումները: Պոպուլիզմը վտանգավոր է Արցախի ապագայի համար:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Համահայկական 7-րդ խաղերի բացումը Ստեփանակերտում, օգոստոս 6, 2019

Մեկնաբանել