Ինչո՞ւ հայ-ուկրաինական հարաբերությունները չեն շարժվել մեռյալ կետից․ զրույց ուկրաինացի փորձագետի հետ

Հայաստանում և Ուկրաինայում իշխանափոխությունից հետո շատ էր խոսվում երկու երկրների հարաբերություններում նոր էջ բացելու հնարավորության մասին։ Դա մեծապես պայմանավորված էր հանգամանքով, որ երկու առաջնորդներ Վլադիմիր Զելենսկին և Նիկոլ Փաշինյանը շատ բաներում նման են։ Ինչպե՞ս են փոխվել հայ-ուկրաինական հարաբերություններն այս ժամանակահտավծում և փոխվե՞լ են արդյոք։ Այս հարցերի շուրջ ՍիվիլՆեթը զրուցում է «Ապագայի ուկրաինական ինստիտուտ» վերլուծական կենտրոնի փորձագետ Իլիա Կուսայի հետ։

– Փոխվե՞լ են արդյոք Ուկրաինայի արտաքին քաղաքական վեկտորներն ու առաջնահերթությունները նախագահ Վլադիմիր Զելենսկու օրոք, ի՞նչ նորարարություններ է նա ներմուծել դիվանագիտության մեջ։

– Դեռ չեմ կարող ասել, որ Զելենսկին ինչ-որ նոր բան է ներմուծել դիվանագիտության կամ Ուկրաինայի արտաքին քաղաքականության մեջ։ Ամեն ինչ ընթանում է ավանդական հունով։ Գրեթե ամբողջ 2019-ը կորսվեց նախընտրական քարոզարշավի և կառավարության ու խորհրդարանի ձևավորման պատճառով։ Որոշ ուղղություններով անգամ մեր դիրքերը թուլացել են, մասնավորապես, ԱՄՆ-ում իմփիչմենթի հետ կապված սկանդալի պատճառով։

– Վերջին հարցազրույցում, որն արել էինք Զելենսկու ընտրվելուց գրեթե անմիջապես հետո, Դուք նշեցիք հետևյալը․ այժմ լավ պահ է հայ-ուկրաինական հարաբերությունները նոր էջից զարգացնելու համար, քանի որ Զելենսկին և Փաշինյանը շատ բաներում նման են։ Ըստ Ձեզ, երկու երկրների հարաբերություններում կա՞ որևէ առաջընթաց, և ի՞նչն է ներկայում խոչընդոտում դրան։

– Ես անձամբ չեմ տեսնում առաջընթաց։ Հարաբերությունները մեռյալ կետից չեն շարժվել։ Պատգամավորների, նախարարների ու պետությունների առաջին դեմքերի մակարդակով քաղաքական շփումների մակարդակը ցածր է մնացել։ Մյուս կողմից, չի գրանցվել նաև դրանց վատթարացում։ Ինձ թվում է՝ հայ-ուկրաինական հարաբերությունների գլխավոր խոչընդոտը շարունակում է մնալ ձևակերպված ընդհանուր շահերի ու խնդիրների բացակայությունը, ինչպես նաև Ուկրաինայի արտաքին քաղաքական ուղեգծի կենտրոնացումը եվրատլանտյան ուղղության վրա, դրա սահմանափակվածությունը միայն մեկ վեկտորով՝ Արևմտյան Եվրոպա և ԱՄՆ։

– Այս ընթացքում ուկրաինական հանրությունում որևէ վերափոխումներ եղե՞լ են Հայաստանի հանդեպ, այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում Հայաստանում հեղափոխությունից հետո։ Շարունակո՞ւմ են արդյոք Ուկրաինայում Հայաստանը դիտարկել Ռուսաստանի դիտանկյունից։

– Ցավոք, այո։ Բազմաթիվ ուկրաինացիներ, ընդհանուր առմամբ դրականորեն վերաբերվելով Հայաստանին ու հայ ժողովրդին, երկկողմ հարաբերությունների քաղաքական ասպեկտները շարունակում են գնահատել Երևանի և Մոսկվայի մերձության դիտանկյունից։ Ուկրաինայի համար առավել ցավոտ է շարունակում մնալ այն փաստը, որ Հայաստանը շարունակում է դեմ քվեարկել ՄԱԿ-ում Ղրիմի հարցով տարբեր բանաձևերի դեմ։ Ուկրաինայում պահպանվում է այն ընկալումը, որ Հայաստանը երկիր է, որն իբր ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, իսկ նրա վերնախավը ընկերություն է անում կրեմլյան ղեկավարների հետ, հետևաբար, քաղաքական իմաստով այդ երկիրը մեզ «ընկեր չէ»։

– Առնվազն հանրային ընկալման մակարդակում շատ է խոսվում այն մասին, որ երկու երկրները միմյանց դեմ են քվեարկում տարբեր միջազգային հարթակներում։ Կա՞ այն ընկալումը, որ սկզբունքորեն Հայաստանը, ինչպես և ցանկացած այլ երկիր, քվեարկում է՝ ելնելով սեփական շահերից։

– Ոչ, հանրային ընկալման մակարդակում արտաքին քաղաքականությունը (և այդպես է եղել միշտ) շատ չի քննարկվում։ Միջազգային հարցերը մշտապես եղել են երկրորդական ինչպես քաղաքական ղեկավարության, այնպես էլ սովորական մարդկանց համար։ Այստեղ ավելի շատ խոսում են ներքին հարցերի շուրջ՝ տնտեսություն, արտարժույթի փոխարժեք, բարեփոխումներ, սկանդալներ և այլն։ Օրինակ, ամբողջ ամառվա ընթացքում քննարկվեց «նորմանդական ձևաչափով» Փարիզում կայանալիք հանդիպումը՝ Դոնբասում իրավիճակի շուրջ։ Հանրության շրջանում ոչ ոք առանձնապես չի խորանում մանրամասների մեջ, չի ուսումնասիրում պատմությունը, դիրքորոշումը կամ երկրների առանձնահատկությունները՝ հասկանալու, թե ինչու են կողմ կամ դեմ քվեարկում ՄԱԿ-ում։ Այդ պատճառով էլ Հայաստանի և Ուկրաինայի շահերի հստակ ընկալում հանրային մակարդակում չկա, իմ կարծիքով։

– Օրերս Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով Ադրբեջանում էր։ Այցի նախաշեմին Ուկրաինայում առևանգվել և Բաքվին էր հանձնվել թալիշական ծագմամբ ընդդիմադիր բլոգեր Էլվին Իսաևը։ Նրա ընտանիքն ու իրավապաշտպանները պնդում են, որ դա ոչ թե արտահանձնում էր, այլ առևանգում։ Ինչպե՞ս են այս միջադեպին արձագանքել Ուկրաինայում։ Կարելի՞ է արդյոք մտորել այն հարցի շուրջ, թե Իսաևի հանձնումով Կիևը փորձում էր ինչ-որ բան ստանալ Զելենսկու այցի ընթացքում։

– Ուկրաինայում Զելենսկու այցը, ինչպես և բլոգերի պատմությունը, շատ քիչ է լուսաբանվել լրատվամիջոցներում։ Ես ինքս դրա մասին իմացել եմ այսօր առավոտյան [դեկտեմբերի 19 – խմբ․], այն էլ՝ որովհետև ինձ պատմեցին ծանոթներս։ Բուն այցը նշանակալից չէր, հագեցած չէր միջոցառումներով ու հանդիսավոր արարողություններով, պարզապես մի քանի հանդիպում և վերջ։ Նույնիսկ Զելենսկու մեկնաբանությունները լրագրողների հետ զրույցում բավական լղոզված էին, ավելի ճկուն, քան օրինակ Պետրո Պորոշենկոյինը Ադրբեջան կատարած այցերի ժամանակ։ Ես կարծում եմ, որ այդ այցը կազմակերպվել էր կիսամեռ ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կառույցի շրջանակում աշխատանքների խթանման նպատակով։

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

Մեկնաբանել