Ինչ էր առաջարկվում Լավրովի պլանով․ Ճգնաժամային խմբի զեկույցից

Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group – ICG) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հրապարակել է զեկույց՝ «Ելքեր փակուղուց Լեռնային Ղարաբաղում» վերնագրով։ Զեկույցը, Ղարաբաղյան հակամարտության բազմաթիվ հարցերի շարքում առանձին գլխով անդրադառնում է Ռուսաստանի դերին։

Տե՛ս նաև՝ Ճգնաժամային խումբն առաջարկում է ԼՂ հարցում բանակցել առանձին ուղղություններով, ոչ թե մեկ փաթեթի շրջանակում

Ցանկացած առաքելության մեջ Ռուսաստանի գերիշխանության վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի մտավախությունները ևս մեկ խոչընդոտ են ստեղծում խաղաղապահների տեղակայման հարցում համաձայնության հասնելու համար: Ռուսաստանն արդեն ավելի քան տասը տարի առաջատար դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության միջնորդության հարցում։ Այն տարածաշրջանային միակ տերությունն է, որը հրապարակավ խաղաղապահության պատրաստակամություն է հայտնել՝ 1992-1994 թվականների պատերազմի սկզբից ի վեր առնվազն երկու անգամ առաջարկելով զորքեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում (սկզբում 1994-ի Բիշքեկի արձանագրության ստորագրումից անմիջապես հետո, ապա՝ 2015-ից հետո, ինչը քննարկվում է ստորև)։ Ներկա և նախկին ռուս պաշտոնյաները պնդում են, որ Ռուսաստանի գլխավորած խաղաղապահ ուժերը կարող են օգնել կանխել հետագա ռազմական գործողությունները, նույնիսկ ավելի լայն համաձայնագրի բացակայության դեպքում: Իսկապես, Ռուսաստանը համաշխարհային միակ տերությունն է, որը դեռ ակտիվ մասնակցություն ունի Լեռնային Ղարաբաղում։ Արդեն ավելի քան տասը տարի է՝ նա ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավոր խաղացողն է։ Մյուս երկու համանախագահները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, ավելի ու ավելի են հեռանում գործընթացից։ ԵՄ-ն որևէ ֆորմալ դեր չի խաղում։ Տարածաշրջանային ազդեցիկ մյուս տերությանը՝ Թուրքիային, Երևանը դիտարկում է որպես Ադրբեջանի հովանավոր, այդ պատճառով այն բանակցությունների կամ խաղաղապահության հավանական մասնակից չէ։

Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում զորքերի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները հետևողականորեն մերժվել են Հայաստանի, Ադրբեջանի կամ երկուսի կողմից: Երկու երկրներն էլ կիսում են այն մտավախությունը, որ Ռուսաստանի գլխավորած կամ նրա ուժերից բաղկացած առաքելությունը չի կարողանա լուծել հակամարտությունը՝ ստեղծելով նոր վտանգներ։ Հոռետեսները պնդում են, որ խաղաղապահները քողաշղարշ կծառայեն տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայությունն ամրապնդելու համար։ Երևանն ու Բաքուն նաև մտավախություն ունեն, որ ռուսական առաքելությունը կարող է խարխլել իրենց ինքնիշխանությունը և ուժեղացնել կախվածությունը Մոսկվայից: Երկուսն էլ լավ հարաբերություններ են պահպանում Ռուսաստանի հետ, սակայն նրանցից ոչ մեկը լիովին չի վստահում Մոսկվայի մտադրություններին, երբ Կրեմլը զենք է վաճառում նրանց երկուսին էլ և աշխատում է ավելի լայն տարածաշրջանում (այդ թվում ՝ Թուրքիայում, Իրանում և Վրաստանում) իր ազդեցությունն ընդլայնելու վրա։

Խաղաղապահներ ուղարկելու մասին Մոսկվայի վերջին առաջարկը այսպես կոչված Լավրովի պլանի մի մասն էր։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ 2015-ին առաջին անգամ քննարկած և 2016-ի ռազմական գործողություններից հետո կրկին առաջ քաշված պլանը երբեք պաշտոնապես չի ճանաչվել Կրեմլի կողմից: Պլանով առաջարկվում էր Լեռնային Ղարաբաղում ռուսական զինված ուժերի տեղակայումը կապել հարակից տարածքներից հայկական զորքերի աստիճանական դուրսբերման և անորոշ ժամկետով «ժամանակավոր կարգավիճակի» տրամադրման հետ։ Այն որևէ հստակություն չի պարունակում այն մասին, թե ինչպիսին են լինելու հանրաքվեն կամ երկարաժամկետ կարգավիճակը։

Ադրբեջանի ղեկավարները, հետ կանգնելով իրենց սովորական ընդդիմությունից ռուսական ներկայությանը, սկզբում պաշտպանեցին այդ պլանը՝ հույս ունենալով, որ այն կարող է հիմք դնել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձին և հակամարտության գոտում հայկական ուժերի թվաքանակի կրճատմանը։ Ռուսաստանի առաջարկը դիտարկելու Բաքվի պատրաստակամությունը, չնայած Մոսկվայի և զինված խաղաղապահների դերի վերաբերյալ նրա վերապահումներին, ևս արտացոլում է նրա համակերպումը, որ Արևմուտքի շահագրգռության բացակայության պայմաններում որևէ այլ արտաքին ուժ, ամենայն հավանականությամբ, չի ներգրավվի: Ժամանակի ընթացքում ադրբեջանական իշխող վերնախավը գնալով ավելի է ընդունում, որ Ռուսաստանը մասնակից է լինելու հակամարտության ցանկացած կարգավորմանը։ Իսկապես, 2016-ին Ադրբեջանը պատրաստակամ էր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հարցում, որը, ինչպես նա հույս ուներ, կփոխարիներ հայկական ուժերին և կապահովեր վերաբնակիչների անվտանգությունը մինչև տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողությանը (որից հետո տեղահանվածները կկարողանային վերադառնալ)։

Երևանն իր հերթին մերժեց այդ առաջարկը։ Գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ դրույթների բացակայությունը և հայ ղեկավարների մտավախություններն էին, որ նման խաղաղապահները փաստորեն Ղարաբաղին կզրկեն անկախության ապագա հեռանկարներից: Հայ որոշ պաշտոնյաներ, ըստ հաղորդումների, հայտարարել են, որ փաստաթուղթը հնարավոր է՝ պատրաստվել էր Բաքվում ՝ նկատի ունենալով, թե որքան համահունչ է այն, իրենց կարծիքով, ադրբեջանական շահերին։

Այսօր Լավրովի առաջարկը չի քննարկվում։ Ոչ միայն Հայաստանն է շարունակում մերժել այն, այլև Ադրբեջանն է վերադարձել «հավասարակշռված խաղաղապահ ուժերի» նախկին կոչերին, որոնք ներառում են մի քանի երկրների, այլ ոչ՝ միայն Ռուսաստանի խաղաղապահներից կազմված զորակազմեր: Ոմանք Բաքվում նույնիսկ վերադարձել են հին բանաձևերին՝ պնդելով, որ եթե համանախագահող երկրներն իրենց ներդրումն են ունենում խաղաղապահ ուժերում, ապա նրանց անհատական ներդրումները պետք է կազմեն առաքելության անձնակազմի թվի ոչ ավելի, քան 10 տոկոսը՝ դրանով իսկ կրճատելով ռուս զինծառայողների թիվը, և որ խաղաղապահները պետք է անզեն լինեն։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա նախկինի պես պատրաստ է աջակցել Ռուսաստանի մասնակցությամբ բազմազգ ներկայությանը, քանի դեռ բանակցությունները շարունակվում են, քանի դեռ այդ հավաքակազմը զինված չէ, և ունի միայն դիտարկման մանդատ ու չի պահանջում հայկական զորքերի անհապաղ դուրսբերում:

ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խումբը, հավանաբար, իր պլանավորման մեջ պետք է հաշվի առնի Հայաստանի և Ադրբեջանի անհանգստությունը ռուսական մեծ զորակազմի վերաբերյալ: Բաքվի ու Երևանի առարկությունները պարտադիր չէ, որ բացառեն Ռուսաստանի կարևոր դեակատարությունը։ Իսկապես, նախկինում Ադրբեջանի կողմից Լավրովի պլանի ընդունումը ցույց է տալիս, որ նա, համենայնդեպս, կարող էր համաձայնել որոշակի պայմաններում Ռուսաստանի ղեկավարության ներքո խաղաղապահ առաքելությանը։ Բայց Բարձր մակարդակի պլանավորման խումբը կարող է որոնել մի բանաձև, որը թույլ կտա ունենալ խառը զորակազմ՝ առանց որևէ մեկ պետության մեծամասնության, ինչը և կարող է զսպել ռուսական ավելորդ ազդեցության շուրջ մտավախությունները։

Կարեն Հարությունյան

Մեկնաբանել