Գրապալատ. ընդհատված երազ

Մենք պարտվել ենք, պարտվել ենք քանիցս, բայց մեր պարտությունների պատմությունից է հյուսվել 2018-ի հաղթանակը։ Էս տողերը գրում եմ որպես հաղթանակած ժողովրդի պարտված զավակ։ Մեկը երգել է՝ ես մի ծիլն եմ քո արտի, ես մի թերթն եմ քո ծաղկի, իսկ ես կասեմ՝ փլատակիդ սյունն եմ և վերջ։ էսօր ինձ զգում եմ շատ կոնկրետ մի մենավոր սյան պես։ Գրապալատի մենավոր սյունն եմ, որ դեռ կանգուն է՝ իր շարքից կտրված, աղճատ, անկապ, իբրև քաղաքաշինական, ուստի թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ մշակութային անցումների, ցնցումների ու խզումների քարացած մարմնացում, բեկոր, վկա և զոհ, կորուսյալ ամբողջականության առհավատչյա, և ես արժեք եմ, որ պահպանվում է պետության կողմից։

Եթե ինձ հարցնեին՝ կուզեիր x շենքի համար պայքարող մարդկանցից մեկը բուլդոզերի տակ մեռներ, բայց շենքը չքանդեին, հաստատ կասեի՝ չէ, որովհետև շենքը մարդուց թանկ չի։ էս տողերը գրելիս նայում եմ մի լուսանկարի, որ չերկնչեմ։ Նկարում ինձ համար հարազատ ու թանկ մարդիկ են՝ ավելի թանկ, քան ցանկացած շենք ու շինություն, բայց արժեքավոր մի բան էլ կա, որ կոչվում է հիշողություն կամ պատմություն։ Շենքը, որի համար ելել էինք պայքարի, այլևս չկա, իսկ մարդիկ կան, ու կա էս պատկերը՝ իբրև հաղթանակի նախերգանք, իբրև լուսավոր, դրական ու պայծառ հուշ, իբրև մխիթարանք, իբրև հուսադրում, իբրև վկայություն, որ մենք գոնե փորձեցինք, որ դիմադրեցինք, ինչքան ուժներս պատեց։ Շատ շենքեր քանդվեցին, մի երկուսը հաջողվեց փրկվել, բայց մենք ժպտում էինք, գիտեինք, որ հաղթելու ենք, և այլևս հաղթել ենք։

Համոզված եմ՝ նոր Հայաստանում «պետպատվերով» հուշարձան չի քանդվելու։ «Փրկենք Գրապալատի շենքը» գրությամբ պաստառներով լուսանկարներ հազիվ թե հայտնվեն հանրային տեսադաշտում, որովհետև շենքը չեն քանդում, ճիշտ հակառակը՝ փորձում են մասամբ վերականգնել։ Միանշանակ լավ գործ է։ Բայց արի ու տես, որ էս լավ գործը ճիշտ չի արվում։ Ինչո՞ւ…

Վարչապետն ուզում է ավերակաց երկիրը ոտքի հանել, շենացնել, ինչը ենթադրում է նաև կապիտալ շինարարություն։ Կարգին ցանկություն, որ կիսում ենք բոլորս, բացի չորս հոգուց։ Քաղշինն էլ թափով անցել է գործի՝ Վերմիշյանի ափալ-թափալ գործելաոճով, որ հայտնի է շատերիս, իսկ եթե չգիտեք, գնացեք Օրյոլ և հարցրեք, թե ով էր Պանի… թո՛ւ, էս ի՞նչ եմ ասում… Վերմիշյանը նախքան հեղափոխությունը։ ԿԳՄՍ-ն ուզում է երեք տասնամյակից ավելի ձգվող հարցն ի վերջո լուծել, և ահա, տասնյակ կառուցվող ու վերակառուցվող դպրոց-մանկապարտեզ-թանգարանների շարքը համալրել նոր ու նորոգ թատրոնի շենքով։ Կրկին՝ կարգին ցանկություն, որ կիսում ենք բոլորս, բացի բացիլներից։ Նախարարի տեղակալ, թատերագետ Խզմալյանն ուզում է «մուրճի մեկ հարվածով» ցույց տալ, որ հենց իր գործուն ջանքերով, վերջապե՜ս, ունեցանք, Մնջախաղի պետական թատրոնի շենք։ Նախարարի տեղակալ Թուխիկյանը, որն ի պաշտոնե հուշարձանային ոլորտի պատասխանատուն է, դեռևս չի հանրայնացրել իր պատկերացումները հիշողության քաղաքականության շուրջ՝ մասնավորապես, թե նոր Հայաստանում պատմամշակութային հուշարձանների պահպանությունն ինչով և ինչպես է տարբերվելու նախկինից, հետևապես դժվար է հասկանալ, թե ոլորտում ինչ բարեփոխումներ են լինելու։ Մեսչյանի ուզածը հայտնի չի, քանի որ լռում է՝ հավանաբար «ո՞ւր էիր, Աստված» անպատասխան հարցի շուրջ մտորումներով տարված. երևի բարին էլ դա է, որովհետև Հայաստանում դժվար թե ճարվի գոնե մի հարգված մասնագետ, որն առկա նախագիծը ժամանակակից հայ ճարտարապետական մտքի գոհար համարի։ Տպավորությունն էնպիսին է, որ քաղաքապետարանը պարզապես դակել է շինթուլտվությունը գլխացավանքից ազատվելու համար։ Կես միլիոն դոլարը գերազանցող շինարարական աշխատանքների նախագիծն արժեցել է երկու հազար դոլար, երբ շարքային բնակարանի վերանորոգման նախագծի դիմաց քառակուսի մետրը 50 դոլարից պակաս ուզող շուկայում դժվար ճարվի։ Կասեք՝ գնումների օրենքով է, ամենաէժան գնառաջարկն է շահում, ես էլ կասեմ՝ մյուս տարվանից կարգը փոխվում է, կարող էիք մշակութային հուշարձանի դեպքում ոտքներդ մի քիչր կախ գցել։ Այսինքն՝ կարո՞ղ էր էնպես պատահել, որ կաշառքով բուհն ավարտած, ծանոթով արտոնագիր ստացած մի նորաթուխ ճարտարապետ հազար դոլարով աներ էս նախագիծն ու առաջ անցներ։ Բա մշակութային քաղաքականությունը «ռայո՞ն» է գնացել և այլևս չի վերադարձել։ Կասեք՝ փորձագիտական հանձնաժողովը հաստատել է։ Ես էլ կասեմ՝ կասկածում եմ։ Ահա, հենց էս աղմուկի պատճառով էլ էդ հանձնաժողովի մի անդամ ինքնաբացարկ է հայտարարել ու պնդում է, որ ներկա չի եղել նիստին, իսկ իր տեղը ստորագրել են։ Լավ, նույնիսկ եթե ամեն ինչ օրենքի տառով է եղել, բա ո՞ւր մնաց ոգին։ Մի՞թե օրենքն արժեր բանեցնել ի վնաս հուշարձանի։ Նախագծի հեղինակ Լ. Պողոսովային գուցե նեղ մասնագիտական շրջանակներում գիտեն, գուցե արժանավոր ու բանիմաց ճարտարապետ է, բայց ինչ-ինչ պատճառներով մնացել է լայն հանրությանն անհայտ։ Այնուամենայնիվ, դատելով նախագծից՝ բացարձակ անհասկանալի է, թե ինչ արժանիքների շնորհիվ է մազմանյանական շենքի փոփոխումը վստահվել հենց իրեն։ Հեղինակե՞լ է երբևէ մի հաջողված հուշարձանի վերականգնում. դե, ցույց տվեք, մենք էլ համոզվենք, որ արժեքի վրա արժեք ենք ավելացնում, որ փայլուն լուծման հետ գործ ունենք։ Էս հարցն էլ է կարծես հանգուցալուծվում, որովհետև Պալատն առաջիկայում հուշարձանների մասով առանձնացված արտոնագիր է տրամադրելու մասնագետներին։ Ուրեմն շտապել ենք ու լավագույնի փոխարեն հանգել չարյաց փոքրագույնին։ Ինքս հեռու եմ էն մտքից, թե հուշարձանները պիտի կոնսերվացվեն, ավելին՝ կողմ եմ, որ նորարարական, թարմ, հետաքրքիր լուծումներով վերականգնվեն, մի մոտեցում, որի արդյունքները շատ ենք տեսել դրսերում ու հիացել, և որի տնազը Կենտրոնի փողոցներում մեկումեջ աչք ու սիրտ է ծակում։ Մեր տառապանքը փորձ ունի, չէ՞։ Լավ, ասենք թե մեր նախաձեռնության ստորագրահավաքին մասնակցած վեց հարյուրից ավելի քաղաքացիները մասնագետ չեն, բան չեն հասկանում (ինչն էդպես չի, քանի որ ոլորտից գլուխ հանող լիքը մարդիկ են միացել պահանջներին), բայց նույնիսկ ինձ պես կարճատես ոչ մասնագետն անզեն աչքով թերություններ է տեսնում, օրինակ՝ հակահրդեհային անվտանգության տեսանկյունից։ Հրդեհի դեպքում երևի երրորդ հարկի պատուհաններից պիտի դուրս թռչենք, դե, մենք՝ շարքային մահկանացու հանդիսականներս՝ հեչ, բայց չէ՞ որ մեր ազգային միակ թատրոնի՝ մնջախաղի (սահմանումն իմը չի, պրն Դադասյանինն է) հազարամյա ավանդույթը կարող է, Աստված մի՛ արասցե, դժբախտ պատահարի պատճառով մոխրանալ։ Լավ չի, հեչ լավ չի։ Մնացածը՝ թող մասնագետները խորանան։

Ենթադրենք, էս ամբողջն իմ հիվանդ երևակայության արգասիքն է, իրականում մի հոյակապ նախագիծ ունենք։ Հարց է ծագում. ինչո՞վ է պայմանավորված Լիլիթ Մակունցի հստակ դիրքորոշման վերանայումը։ Երկրում իշխանափոխություն չի եղել, և մի առանցքային քաղաքական գործչի խոսքն ամիսներ անց ջուրը գցելը պիտի լրջորեն հիմնավորվեր։ Ընդ որում՝ Մակունցի հստակ և ընդունելի դիրքորոշումը, որ ըստ մեր քմահաճույքի չենք կարող փոխել հուշարձանի գործառնական նշանակությունը, բխում է օրենքի պահանջից։ Քանի որ մեր հանրային ընկալումներում պատմամշակութային հուշարձանը եկեղեցին է, բերեմ էդ օրինակը։ Դիցուք, Սովետը ոչ բոլոր եկեղեցիներն էր քանդում, երբեմն գլխի խաչը հանում, սարքում էր գոմ ու պահեստ կամ նույնիսկ կինոթատրոն։ Չէր քանդում, «պահպանում էր»։ Հիմա, եթե մի խարխուլ եկեղեցի հոյակապ, անթերի վերականգներ ու դարձնեն բիլյարդանոց, դա կլիներ եկեղեցու վերականգնո՞ւմ, թե՞ բիլյարդանոցի բացում։ Պարզ է, որ պատմամշակութային հուշարձան ասվածը միայն պատերը չեն, այլ շենքն իր պատմությամբ, իր միջավայրով, նախնական նշանակությամբ կամ դրա վերաիմաստավորմամբ՝ ըստ ժամանակի պահանջի։ Եթե ջնջում ես հիշողությունը, պատերը պահպանելը դառնում է ինքնանպատակ, որովհետև հաճախ կարելի է քանդված պատերը վերականգնել, ինչպես Գառնիի տաճարը, բայց կորուսյալ հիշողությունը՝ ոչ միշտ։

Գանք հիշողության քաղաքականությանը, որ մեզանում դեռևս հստակ ձևակերպված չի։ Գրողին չի կարող չհուզել Գրապալատի՝ իբրև մեր գիր ու գրականության պատմության համար նշանային միջավայրի վերջնական ոչնչացումը։ Էս կողմերում ամոթից կարմրած մի տառարձան է միայն հիշեցնում, թե Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք է եղել, գրատպության հինգհարյուրամյակ է տոնել։ Մասնավորն արդեն ամեն կողմից հոշոտել է շենքը, ու միլենիալը դժվար թե ենթադրի, թե «Երևան» պանդոկի ու «Մոնախ» ռեստորանի սյունաշարի միջով մեր դասականներն են գործի գնացել-եկել։ Մինչդեռ Գրապալատի շենքի գոնե մի փոքր հատվածում, որ դեռևս պետական է, հնարավոր է վերածննդի սաղմը գցել, որ հետո ամբողջ շենքով կտարածվի՝ համակելով անգամ մասնավորեցված հատվածների սեփականատերերին, եթե մտածված ու զիլ նախագիծ իրականացվի։ Ստեղծագրության ու ընթերցանության մի յուրատիպ օջախ կարող է էստեղ ծխեցվել իր աշխատանոցներով, հազար ու մի թույն, նորարար մտքերով, գրախանութներով, հրատարակչություններով, գրական գործակալություններով և այլն։ Երկու քայլի վրա Մատենադարանն ու Ազգային գրադարանն են, որը ծանրաբեռնվել է նաև էստեղից արտաքսված արխիվով։ Էլ չեմ ասում, որ թաղամասն ինքնին ուսանողական է, երիտասարդական (անցումի տակ էլ ինքնաբուխ գրավաճառության մի մշակույթ էր տարիներով ձևավորվել, որ կարող էր շարունակվել արդեն նորոգ, բարվոք պայմաններում, փոխարենը կոպտորեն ընդհատվեց)։ Նոր Հայաստանը բոլոր շանսերն ունի պատմաքաղաքաշինական էս ընդհատված երազը կյանքի կոչելու։ Գրքի ու գրի ժողովուրդը էլ ե՞րբ պիտի ամբողջացնի իր քաղաքային գրական տարածությունը, եթե ոչ գրող վարչապետի օրոք։ Մի՛ համրացրեք գրքի ու գրի մշակույթը էս խունջ-մունջ խաղերով։

Հիմա էլ գանք մնջախաղին ու թատրոնին։ Մեզ շտապել են պիտակելավորել՝ «հակամնջախաղիստներ», թեպետ նախաձեռնությունն իր պահանջներում չի անդրադարձել թատրոնի հարցին։ Բանական ոչ մի հիմնավորում չի բերվել, թե ինչու հենց էդտեղ պիտի հանգրվանի Մնջախաղի թատրոնը, բացի այն բանից, որ կա նախկին կառավարության որոշում։ Մերժված իշխանության խոստումներն ու նվերները չպիտի խաչի պես ծանրանան ներկայիս իշխանության ուսերին։ Գեղղեկի նախապայմանը, որ բազմիցս, տարբեր առիթներով հնչեցվել է, թե թատրոնը պիտի լինի Կենտրոնում, ինքնին հակասում է մեր որդեգրած ապակենտրոնացման, համաչափ զարգացման քաղաքականությանը, էլ չասեմ՝ համաշխարային առաջադեմ միտումներին։ Ինչո՞ւ չուղղորդենք զբոսաշրջիկներին ներկայացում դիտելու Երևանի այլ համայնքներ։ Հանրությանը հայտնի չի, թե էս հարցով ինչ կարծիքի են քաղաքապետը, Կենտրոնի համայնքապետը, տուրիզմի գծով պատասխանատուները։ Ուսանողական տարիներիցս առայսօր Երրորդ մասում գործող «Մետրո» թատրոնում տեսել եմ բազմաթիվ հրաշալի ներկայացումներ, իսկ մնջախաղի թատրոն, ինչ մեղքս թաքցնեմ, երկուհազարականների սկզբից ոտք չեմ դրել, երբ գեղարվեստական հավերժաղեկավարը դարձավ «Ա1+»-ի օդը հետևողականորեն փակող ՀՌԱՀ-ի անդամ, ապա նախագահի տեղակալ։ Արվեստագետի ընդդիմադիր կեցվածքն ինձ համար օրինակելի է, բայց խոսքի և արտահայտման ազատության դեմ մարտնչող ցենզորը անհամատեղելի է էդ կերպարի հետ։ Ինձ փորձում են համոզել, թե Քոչարյանի համար ստորագրահավաքի մասնակցած արվեստագետին իշխանությունը չպիտի չար աչքով նայի, այլապես չի տարբերվի սերժառոբականներից։ Էս փաստարկով նենգափոխվում են ժողովրդավարությունը, բազմակարծության էությունը։ Օրինակ՝ հետպատերազմյան Գերմանիայում Հիտլեր գովերգած արվեստագետը ոչ մի պատվեր չէր կարող ստանալ, իսկ հետստալինյան Սովետում՝ հեշտությամբ. տարբերությունն այն է, որ ֆաշիզմը պարտվել ու դատապարտվել էր, իսկ ստալինիզմը դատապարվել էր, բայց չէր պարտվել ու դեռ չի հաղթահարվել, ուստի այսօր Ռուսաստանում հնարավոր է Ստալինին նորից արձաններ կանգնեցնել, իսկ Գերմանիայում հանրային տարածում Հիտլերի արձան՝ ոչ։ Պատգամավոր ընկերս ինձ հակադարձում է, թե նացիստական կուսակցության անդամ Հերբերթ ֆոն Կարայանը տարիներով ղեկավարել է Բեռլինի ֆիլհարմոնիկը՝ մոռանալով, որ անգամ նրա պես հանճարն է ստիպված անցել ապանացիֆիկացման մաքրագործող քաղաքականության ֆիլտրով և արվեստագետի իր հեղինակությունը վերականգնել՝ հրաժարվելով իր ֆորմալ-պարտադրված նացիստական անցյալից։ Թե մշակույթի ոլորտն ինչպես է մաքրագործվելու անցումային արդարադատության միջոցով, բարդ և մեզանում դեռևս ոչ մի կերպ չքննարկված հարց է։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ, օրինակ, Հանրապետականի հետ համագործակցած ու ընտրությունների կեղծմանն ամենաակտիվ կերպով մասնակցած հազարավոր դպրոցների ու մշակութային օջախների ղեկավարներին գրչի մեկ հարվածով գործից հանելու ճոխությունը, բայց կարող ենք փորձել մտածել, թե ովքեր են էն մի քանի տասնյակը չգերազանցող մարդիկ, որ թատրոն ու թանգարան են ղեկավարում պետպատվերով, ուստի հանրային փողով մշակութային բովանդակություն ստեղծում ու ներկայացնում մեր աշակերտներին, որոնք վաղը պիտի գնան էդ թատրոնն ու թանգարանը՝ պետական ծրագրով նախատեսված իրենց հասանելիք այցի հնարավորությունն իրացնելու։ Ինձ ասում են՝ Դադասյանը՝ հեչ, կանցնի կգնա, թատրոնը կմնա։ Բոլորս էլ անցնելու ենք գնանք, միամիտ դոգմատիկան մշտնջենական արժեքների շուրջ չի կարող մշակութային հեղափոխության հիմքում լինել, որ փորձում է հիմա և էստեղ շատ կոնկրետ մարդկանց ջանքերով նոր արժեք կերտել ապագայի համար։ Հետևապես էս ամբողջ գործընթացից ավելի շատ դարձ ի շրջանս յուր-ի գարշահոտ է փչում, քան հեղափոխական փոփոխության թարմ շունչ։

(Շարունակելի)

Մեկնաբանել