Բենիամին Պողոսյան
Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում կայացավ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի, Դավիդ Զալքալիանիի և Մևլութ Չավուշօղլուի ութերորդ հանդիպումը։ Ինչպես նախկին հանդիպումներում, կողմերը այս անգամ ևս վերահաստատել են տարածաշրջանային հակամարտությունների՝ Աբխազիա, Ղարաբաղ, Հարավային Օսիա, կարգավորման գործում պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունը և հանդես եկել եռակողմ տնտեսական գործակցության խորացման օգտին։ Թերևս, նորույթ է էլեկտրաէներգիայի ոլորտում հարաբերությունները սերտացնելու մասին հայտարարությունը։
Երեք պետությունները կողմ են արտահայտվել էլեկտրաէներգիայի եռակողմ շուկայի ձևավորման օգտին, ինչը հնարավորություն կտա համապատասխան փոխանակումներ կատարել։ Այս ծրագրի իրականացումը հատկապես կարևոր է Ադրբեջանի համար, որը ցանկանում է մեծացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները՝ օգտագործելով նաև Վրաստանի և Թուրքիայի ենակառուցվածքները։
Ուշադրության է արժանի նաև Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին աշխուժացնելու և դրա շրջանակում Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթուղու ներուժն առավել արդյունավետ օգտագործելու մասին հայտարարությունը։ Նշված երթուղին նախատեսում է Չինաստանից Եվրոպա բեռնափոխադրումների իրականացում Չինաստան – Ղազախստան – Կասպից ծով – Ադրբեջան – Վրաստան – Թուրքիա – Եվրոպա երթուղով։
Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան ակտիվ քայլեր են ձեռնարկում այս երթուղին Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության մեջ պաշտոնապես ընդգրկելու համար, ինչն էականորեն կմեծացնի նշված պետությունների տարանցիկ ներուժն ու աշխարհաքաղաքական նշանակությունը։
Լարվածություն հարաբերություններում
Վերջին մեկ տարվա ընթացքում կողմերի հարաբերություններում առկա է որոշակի լարվածություն։ Վրաստանն ու Ադրբեջանը ոչ մի կերպ չեն կարողանում կարգավորել սահմանային տարաձայնությունները Դավիթ Գարեջի վանական համալիրի հատվածում։ Համալիրի ավելի քան 80 տոկոսը Վրաստանի տարածքում է, և Թբիլիսին Ադրբեջանին առաջարկել է մի քանի անգամ ավելի մեծ տարածք՝ մնացած տասնհինգ տոկոսը ևս Վրաստանի սահմանում ներառելու համար։ Ադրբեջանը սակայն մերժում է այս առաջարկը՝ պնդելով որ համալիրը ոչ թե վրացական մշակույթի կոթող է, այլ Կովկասյան Աղվանքի մշակութային ժառանգություն, որի ժառանգորդն է իրեն համարում Ադրբեջանը։
Վրաստանը որոշակի մտահոգություններ ունի նաև Ռուսաստան-Թուրքիա աճող համագործակցության և ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերությունների պատճառով։ Հաշվի առնելով Թուրքիայի տնտեսական զգալի ներկայությունը Վրաստանում, ինչպես նաև այն հանգամանքը, որ Թուրքիան Վրաստանին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ միակ պետությունն է, Թբիլիսին մտավախություն ունի, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հետագա լարումը կարող է բացասաբար ազդել Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի հետ կապող օղակ օգտագործելու իր ռազմավարության վրա։
Վրաստանում նաև գտնում են, որ ռուս-թուրքական հարաբերությունների հետագա սերտացումը կարող է բացասաբար ազդել Վրաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք խնդիրներում Թուրքիայի դիրքորոշման վրա։ Մեկ այլ խնդիր է Վրաստանում աստիճանաբար մեծացող թուրք-ադրբեջանական ազդեցության հարցը։ Վրաստանում առնվազն փորձագիտական մակարդակով արդեն սկսել են դիտարկել այս գործըթնացի հետագա շարունակության դեպքում առաջացող հնարավոր վտանգները։
Ակնհայտ է, որ Վրաստանում սեփական ազդեցության մեծացումը Թուրքիան դիտարկում է Հարավային Կովկասում իրականացվող ընդհանուր ռազմավարության համատեքստում, որի հիմնական նպատակը տարածաշրջանն ամբողջությամբ Ռուսաստանի ազդեցության տակ հայտնվելու հեռանկարի բացառումն է։ Այս հանգամանքը, սակայն, չի նշանակում, որ չեն կարող լինել ռուս-թուրքական առանձին գործարքներ, որոնք կարող են ոտնահարել Վրաստանի շահերը։
Վրաստանում իրենց դիրքերի ուժեղացումը Ադրբեջանը և Թուրքիան դիտարկում են տարածաշրջանում Հայաստանի մեկուսացման ընդհանուր ռազմավարության համատեքստում։
***
Գնահատելով Վրաստան – Թուրքիա – Ադրբեջան եռակողմ համագործակցությունը՝ հարկ է ընդգծել, որ այն հիմնականում ունի տնտեսական ուղղվածություն և միտված է Վրաստանի տարանցիկ հնարավորությունների օգտագործմանը՝ ադրբեջանական նավթը և գազը Թուրքիա և եվրոպական շուկաներ հասցնելու, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև անխափան կապ ապահովելու նպատակով։ Չնայած պաշտպանության նախարարների մակարդակով եռակողմ հանդիպումների կազմակերպմանը և 2018թ. այս ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրմանը, պաշտպանության ոլորտն առայժմ երկրորդային նշանակություն ունի եռակողմ հարաբերություններում։
Ինչ վերաբերում է Հայաստանին, հասկանալի է, որ Վրաստանում Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության հետագա մեծացումը չի բխում Երևանի շահերից։ Այդ գործընթացի բացասական ազդեցությունը թուլացնելու միակ իրատեսական տարբերակը Վրաստանում Հայաստանի տնտեսական ներկայության էական բարձրացումն է, այդ թվում տրանսպորտային ենթակառուցվածքներում համապատասխան ներդրումների իրականացմամբ։ Հնարավոր քայլերի թվում կարող են դիտարկվել Հայաստանի կողմից Վրաստանի նավահանգիստներից մեկում տերմինալների ձեռքբերման հնարավորությունը և այդ տերմինալով իրականացվող ներմուծման և արտահանման գործընթացում Հայաստանին համապատասխան մաքսային արտոնությունների տրամադրումը։