Միլիոնատեր հնգյակը. ո՞ր ընկերություններն են կատարում Երևանի ամանորյա պատվերները

Ամանորի տոնակատարությունների համար գնումները Երևանի քաղաքապետարանն իրականացրել է բացառապես մեկ անձի տարբերակով, որը թեև օրինական է, սակայն մասնագետների տեսանկյունից մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

Երևանի քաղաքապետարանը ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան ներկայացրել է ամանորյա տոներին նվիրված մշակութային միջոցառումների նախատեսվող ծախսերը և այն, թե որ կազմակերպություններից են գնվել հիմնական ծառայությունները: 

Դրանք հինգն են: Տոնական միջոցառումների համար նախատեսված ընդհանուր ծախսերը կազմել են ավելի քան 325 մլն դրամ, որից 272 մլն դրամը հատկացրել է կառավարությունը՝ պետբյուջեից, իսկ 54 մլն դրամը՝ Երևանի քաղաքապետարանը՝ համայնքային բյուջեից:

Նախատեսված ծախսերի ծավալում մեծ տեղ են զբաղեցնում «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության մատուցած ծառայությունները: Այս ընկերությանը վճարվել է 138 մլն դրամ, որի մեջ ներառված է երաժիշտ Գորան Բրեգովիչի 65 000 եվրո կազմող հոնորարը: 

Սերբ հայտնի երաժիշտը Ամանորի գիշերը համերգ կտա Հանրապետության հրապարակում: Դրամի վերածելիս՝ Բրեգովիչի հոնորարը կազմում է շուրջ 34 մլն, իսկ մնացած գումարը կազմակերպությունը, համաձայն քաղաքապետարանի տրամադրած տեղեկանքի, ծախսելու է «գեղարվեստական մասի ապահովման» վրա:

«Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունն է մեկ անձի գնումներով առաջատարը: Մեկ անձի սխեմայով գնումներով այս ընկերությունը բազմաթիվ անգամ ծառայություններ է մատուցել թե՛ քաղաքապետարանին, թե՛ կառավարությանը:

Համաձայն Մեդիալաբի հրապարակման՝ անցյալ տարի Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված Ամանորի և Սուրբ ծննդյան տոների, Երևանի գլխավոր տոնածառի լույսերի հանդիսավոր վառման արարողության միջոցառումները կազմակերպել է նույն ընկերությունը: Այս գնումը կատարվել է կառավարության որոշմամբ՝ առանց մրցույթի՝ մեկ անձից գնման միջոցով, որի համար պետությունը «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությանը վճարել է 54 մլն դրամ (ավելի քան 30 մլն դրամ Ամանորի և 20 մլն դրամ՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ):

Այս ընկերոթյունը վերջին շրջանում մեկ անձով գնման եղանակով խոշոր գործարքներ է կնքում պետության հետ տարբեր ոլորտներում ծառայությունների մատուցման համար:

«Գնումների մասին» օրենքի մասին

«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գնումների գործընթացը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա. 1) գնման գործընթացի   միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում, 2) պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում և նրանց միջև մրցակցության խրախուսում, 3) ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի հոդված 23-ը սահմանում է  մեկ անձից գնումներ կատարելու պայմանները: Համաձայն փորձագետների, Երևան քաղաքում ու մարզերում տոնական միջոցառումների համար գնված ծառայությունների դեպքում այդ պայմաններից որևէ մեկը կիրառելի չէ և բացառիկ բնույթ չի կրում:

Ինչու է Երևանի քաղաքապետարանը նախընտրում «մեկ անձին»

Իսկ ինչու է հրապարակայնորեն թափանցիկ ու հաշվետու աշխատանքը կարևորող Երևանի քաղաքապետարանն ամանորյա տոներին նվիրված մշակութային միջոցառումների վերաբերյալ նախատեսվող ծախսերը կատարում բացառապես մեկ անձի միջոցով:

«Համաձայն կառավարության որոշման՝ Երևանի քաղապետարանին մշակութային միջացառումների պարագայում տրվել է բացառապես մեկ անձի միջոցով գնումներ իրականացելու հնարավորությունը, քանի որ այդ միջոցառումների պարագայում դժվար է մրցույթներով հստակ չափորոշիչներ սահմանել: Շուկայում որակյալ ծառայություն մատուցող ընկերությունների քանակն էլ շատ չէ: Դրա համար գնումը կատարվում է մեկ անձի եղանակով, սակայն բանակցությունների միջոցով»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Պետական գնումների համակարգում արտոնյալ դիրքեր ունեցող «Ֆակտորի Փրոդաքշն» ըներության հիմնադիրները շոու բիզնեսում հայտնի անձինք են՝ Վազգեն Պողոսյանը և Ռուդիկ Տեր-Գալստյանը, հայտնում է Մեդիալաբը։ Նրանք երկուսն էլ նախկինում աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն էր։ 

Այս ընկերությունը թեև շատ երիտասարդ է, սակայն հասցրել է աշխատել նաև նախկին իշխանությունների հետ: Տեր-Գալստյանն ու Պողոսյանը համարվում են Ջաղինյանի մերձավորները։ Ըստ մամուլի հրապարակումների՝ վերջիններս լավ հարաբերություններ ունեն Երևանի քաղաքապետի հետ։

Ամանորի մյուս մատակարար ընկերությունները

Քաղաքապետարանի ամանորյա ծախսերի սանդղակում երկրորդ տեղում է «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ն, որին ձևավորման աշխատանքների և դեկորացիաների պատրաստման համար հատկացվել է 67 մլն դրամ: Այս ընկերությունը պետական ռեգիստրում գրանցված է 2013-ից, հիմնադիրն է Հարություն Սարոյան անունով մի մարդ: Նույն ընկերությանը հատկացվել է 40 մլն դրամ կրպակների պատրաստման, մոնտաժման ու ապամոնտաժման համար:  

Նոր տարվա ծախսերի ծավալից քաղաքապետարանը 44 մլն դրամ է հատկացրել «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ին, որը պատրաստել է Հանրապետոթյան հրապարակում տոնոծառի մոտ տեղադրված ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա անցումը: 

37 մլն դրամ էլ քաղաքապետարանը հատկացրել է «Լայթ Դիզայն» ՍՊԸ-ին ձայնային, լուսային, լեդ էկրանների վարձակալության և սպասարկման համար:

Ամանորյա տոներից անմասն չեն մնալու մայրաքաղաքի վարչական շրջանները, որոնց տրամադրվել է ավելի քան 65 մլն դրամ: 

Արշալույս Մղդեսյան

Լուսանկարը՝ Primeminister.am կայքից