ՍԴ յոթ դատավորներ հորդորում են իրավասու մարմիններին պահպանել սահմանադրական օրենքի պահանջները

Սահմանադրական դատարանի յոթ անդամներ դիմել են իրավասու մարմիններին՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի պահանջները:

ՍԴ կայքում զետեղված հայտարարությունում ասվում է․

««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի «Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածով սահմանվում են նաև քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողություններ կատարելու պահանջները, այն է՝ այդ գործողությունները կատարվում են` առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

Իրավասու մարմիններին հորդորում ենք քրեական վարույթի շրջանակում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի վերոհիշյալ պահանջները:

Անկախ ստեղծված իրավիճակից՝ աշխատում ենք բնականոն հունով, հավատարիմ մնալով Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը, շարունակելով ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործելով անկախ և անաչառ»:

Հայտարարության տակ ստորագրել են ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Արևիկ Պետրոսյանը, Արման Դիլանյանը, Հրանտ Նազարյանը․ Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը, Ֆելիքս Թոխյանը։

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Ըստ մեղադրանքի՝ Թովմասյանը արդարադատության նախարարի պաշտոնում (2010-13) չարաշահել է պաշտոնեական դիրքը Երևանի Կենտրոն նոտարական գրասենյակի տարածքը ձեռք բերելու համար։

#CivilNet #News

Մեկնաբանել