Գեներալի սպանությունը նախադեպային երկարաժամկետ հետևանքներ կարող է ունենալ 

Բենիամին Պողոսյան, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն

2020 թ. հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ իրականացված Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո տարածաշրջանային անվտանգությամբ զբաղվող վերլուծաբաններն ու փորձագետներն ակտիվորեն քննարկում են իրադարձությունների հնարավոր զարգացման սցենարները։ Հիմնական ուշադրությունը նվիրվում է Իրանի հնարավոր պատասխանին, տարածաշրջանային պատերազմի բռնկման հավանականությանը, տվյալ գործողության ազդեցությանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ – Իրան հակամարտության հետագա ընթացքի վրա։

ԱՄՆ-ի կողմից Սոլեյմանիի սպանությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում, որը երկարաժամկետ հետևանքներով կարող է համեմատվել անգամ 2008թ. Կոսովոյի անկախության ճանաչման հետ։ Վերջին տարիներին ԱՄՆ-ի իշխանությունները անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ տարբեր պետությունների տարածքում ոչ պետական զինված խմբավորումների անդամների ոչնչացման տասնյակ գործողություններ են իրականացրել։ Սակայն Բաղդադում տեղի ունեցածը էականորեն տարբերվում է նմանատիպ այլ քայլերից։ ԱՄՆ-ի նախագահի կարգադրությամբ սպանվել է օտարերկրյա պետության զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ։

Այդ գործողությանը նվիրված իր հրապարակային առաջին ելույթում ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Սոլեյմանին աշխարհում թիվ մեկ ահաբեկիչն էր, մեղավոր էր բազմաթիվ ամերիկացիների մահվան համար, և բացի այդ, ծրագրում էր նոր հարձակումներ ԱՄՆ-ի քաղաքացիների և Իրաքում տեղակայված ամերիկյան ուժերի դեմ։ Ըստ Նախագահ Թրամփի՝ այս սպանության նպատակը այդ հարձակումների կանխումն էր, և հետևաբար, տվյալ գործողությունը կրել է բացառապես պաշտպանական բնույթ և տեղավորվում է միջազգային իրավունքի շրջանակում։

Ամերիկյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նմանատիպ տեսակետ է հայտնել նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Հատուկ գործողության իրականացումից անմիջապես հետո Պենտագոնի հայտարարությունում ևս շեշտվում էր, որ Նախագահ Թրամփի հանձնարարությամբ ԱՄՆ-ի զինված ուժերը իրականացրել են «վճռական պաշտպանական բնույթ կրող գործողություն»։

Դեռ 2019թ. ապրիլին ԱՄՆ-ի իշխանություններն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել էին ահաբեկչական կազմակերպությունների ցանկի մեջ՝ փորձելով օրինական հիմք ստեղծել դրա ներկայացուցիչների դեմ ուժային գործողությունների համար։

Վտանգավոր նախադեպ

Օտարեկրրյա զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցչի սպանության հիմնավորումը վերջինիս ԱՄՆ-ի կողմից իր շահերի դեմ ուղղված ենթադրյալ հարձակումների նախապատրաստման կամ «ահաբեկիչ» լինելու հիմնավորմամբ բավականաչափ վտանգավոր նախադեպ է ստեղծում, որից հետագայում կարող են օգտվել նաև այլ պետություններ։

Հարկ է ընդգծել, որ չկա միասնական ընկալում ահաբեկիչ կամ ահաբեկչական կազմակերպություն տերմինների վերաբերյալ։ Կան մի շարք կազմակերպություններ, որոնք ահաբեկչական են համարվում միայն սահմանափակ թվով պետությունների կողմից։ Վերջին տարիներին այս իրավիճակի ամենացցուն դրսևորումը թերևս Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակն էր, երբ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում էր ահաբեկիչներ, իսկ ԱՄՆ-ը համագործակցում էր վերջիններիս հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում։ Ցանկացած պետություն կարող է այլ պետության զինված ուժերի որևէ ստորաբաժանում մեղադրել ահաբեկչական կազմակերպություն լինելու մեջ՝ դրա համար բերելով միայն իր համար ընդունելի հիմնավորումներ։

Վտանգավոր է նաև օտարերկրյա պետության զինված ուժերի բարձրաստիճան սպայի սպանությունը վերջինիս կողմից որոշակի գործողությունների ծրագրմամբ հիմնավորելը։ Պետությունների միջև ցանկացած տիպի հակամարտության պայմաններում առկա է հնարավորություն պետության զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցչին մեղադրել հակառակորդ պետության դեմ որոշակի գործողությունների պլանավորման մեջ։

Իրաքում գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո այլ պետություններ ևս կարող են կազմակերպել հակառակորդ պետությունների բարձրաստիճան զինվորականների ֆիզիկական ոչնչացումը՝ դա հիմնավորելով ծրագրված հարձակումները կանխելու անհրաժեշտությամբ։ Դա առավել հեշտ կլինի իրականացնել հատուկ նշանակության ուժերի ղեկավարների նկատմամբ, որոնք ի պաշտոնե ներգրավված են այլ պետությունների տարածքում հետախուզական և այլ հատուկ գործողությունների իրականացման մեջ։

Այս գործընթացը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ պետությունների բարձրաստիճան զինվորականները կարող են ֆիզիկապես ոչնչացվել երրորդ պետության տարածքում, ինչն էական հավելյալ բարդություններ կարող է ստեղծել միջպետական հարաբերություններում։

ԱՄՆ-ի քայլը կարող է նախադեպային լինել նաև հետխորհրդային տարածքի հակամարտությունների համար։ Գաղտնիք չէ, որ Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի զինված ուժերին և մասնավորապես Գլխավոր շտաբի հետախուզական վարչությանը մեղադրում են Դոնեցկի և Լուգանսկի չճանաչված հանրապետություններում ակտիվ ներգրավվածության և Ուկրաինայի դեմ տարբեր գործողությունների կազմակերպման մեջ։ Իր հերթին, Ռուսաստանը մեղադրում է Ուկրաինայի հատուկ ծառայություններին նշված հանրապետությունների բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների սպանությունների կազմակերպման մեջ՝ դրանք համարելով ահաբեկչական գործողություններ։

ԱՄՆ-ի կողմից Իրաքի տարածքում գեներալ Սոլեյմանիի սպանությունը որպես միջազգային իրավունքի շրջանակում տեղավորվող գործողություն ներկայացնելու փորձերը կարող են նաև Ադրբեջանում որոշակի ընկալումներ ձևավորել երրորդ պետությունների տարածքում ՀՀ բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ գործողությունների իրականացման հնարավորության վերաբերյալ

Տեսականորեն թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը կարող են քայլեր ձեռնարկել միմյանց զինված ուժերի ներկայացուցիչների ֆիզիկական ոչնչացման ուղղությամբ՝ այդ գործողությունները ներկայացնելով որպես պայքար ահաբեկչության դեմ կամ նախապատրաստվող նոր հարձակումների կանխման միակ միջոց։

Հարկ է նաև հաշվի առնել, որ Ադրբեջանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով բազմիցս Հայաստանի Հանրապետությանն անվանել են «ահաբեկչական» պետություն, իսկ ՀՀ մի շարք պաշտոնյաների մեղադրանքներ են ներկայացվել «Ադրբեջանի տարածքում» ահաբեկչական գործողությունների իրականացման մեջ։

ԱՄՆ-ի կողմից Իրաքի տարածքում գեներալ Սոլեյմանիի սպանությունը որպես միջազգային իրավունքի շրջանակում տեղավորվող գործողություն ներկայացնելու փորձերը կարող են նաև Ադրբեջանում որոշակի ընկալումներ ձևավորել երրորդ պետությունների տարածքում ՀՀ բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ գործողությունների իրականացման հնարավորության վերաբերյալ։

Վերոշարադրյալի հաշվառմամբ ԱՄՆ-ի կողմից գեներալ Սոլեյմանիի ֆիզիկական ոչնչացման հատուկ գործողության երկարաժամկետ հետևանք կարող է լինել ոչ այնքան Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա լարումը կամ տարածաշրջանային պատերազմի բռնկումը, որքան աշխարհի տարբեր մասերում երրորդ պետությունների զինված ուժերի կամ հատուկ ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցիչների ֆիզիկական ոչնչացման գործողությունների մեկնարկը։

Լուսանկարը՝ Reuters-ի

Մեկնաբանել