Financial Times-ը Հայաստանն ընդգրկել է 2020-ին «ուր այցելելու» ուղղություններում

Բրիտանական հեղինակավոր Financial Times թերթը Հայաստանն ընդգրկել է այն երկրների ցանկում, ուր խորհուրդ է տալիս այցելել 2020-ին։

Արդեն երկու տարի է, ինչ այսօրինակ հոդվածով Վրաստանն ընդգրկվել էր «ուր այցելելու» ուղղություններում, այն օգտվում էր այցելուների աճող թվից, ինչպես նաև նոր ավիաընկերությունների առաջարկած երթուղիների մի ամբողջ շարքից։ Օտարերկրյա զբոսաշրջիկների այցելությունների թիվը Վրաստան 2019-ի առաջին 11 ամիսներին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 19,4 տոկոսով: Սակայն նրա հարավային հարևանը՝ Հայաստանը, համեմատաբար դուրս էր մնում տեսադաշտից և Վրաստանի այցելուների մեկ քառորդից էլ քիչ զբոսաշրջիկ էր ընդունում, թեև հիմա կարծես դա փոփոխության եզրին է։

Մեր պանելի չորս անդամները Հայաստանն ընտրել են որպես դրանցից մեկը 2020-ին դիտարկելու համար (Wild Frontiers Travel պորտալն ասում է, որ իր նախնական ամրագրումները նախորդ տարվա համեմատ աճել են 100 տոկոսով), և Հայաստանն ունենալու է արևմտյան Եվրոպայի հետ իր առաջին բյուջետային ավիահաղորդակցությունը: Ryanair-ը, Wizz-ը և Air Baltic-ը սկսում են չվերթներ, որոնք Երևանը կկապեն այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք են Միլանը, Հռոմը, Բեռլինը և Վիեննան:

Հայաստանում այցելուներին գրավելու հիմնական օբյեկտը միջնադարյան վանքերի ու եկեղեցիների արտասովոր հավաքածուն է, որոնցից շատերը գտնվում են գեղատեսիլ լեռների մեջ: Օրինակ, Ազատի գետի կիրճի վերնամասում Գեղարդի 13-րդ դարի վանքը կերտվել է ժայռի մեջ։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, ինչպեսև Հաղպատի ու Սանահինի վանական համալիրները։

Սակայն Երևանն ու գինեգործական վայրերը նույնպես շատ գրավիչ են։ «Երևանը տարածաշրջանի ամենակենսուրախ և քաղցր քաղաքներից մեկն է,- Steppes Travel-ից ասում է Ջասթին Ուոթերիջը:- Հայաստանը և նրա մայրաքաղաքը անսպասելի հաճույք են, որը պետք է հայտնագործել, մինչև առեղծվածը հայտնի դառնա»։

Շքեղ հյուրանոցների ծառայություններ առաջարկող Black Tomato ընկերությունից Թոմ Մարչանտը խորհուրդ է տալիս Երևանում նորաբաց Alexander հյուրանոցը, որը մտնում է Marriott-ի էլիտար հավաքածուի մեջ, ինչպես նաև Արարատ կոնյակի գործարանը՝ համտեսի համար:

***

Հայաստանից բացի, Financial Times-ը 2020-ին խորհուրդ է տալիս այցելել Չադ, Նորվեգիա, Թուրքիա, Ճապոնիա, Ուրուգվայ, Դոմինիկյան Հանրապետություն և Ալբանիա։

«Ուր այցելելու» ուղղությունները որոշող պանելային խումբը ներկայացնում են զբոսաշրջային հեղինակավոր ութ ընկերությունների ներկայացուցիչներ։

#CivilNet #News

Մեկնաբանել