Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Հունվարի 5-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հեռախոսազրույց Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջավադ Զարիֆի միջև, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն։

«ԱԳ նախարարները քննարկեցին վերջին օրերին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: ԱԳ նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն հայտնեց Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց հետագա լարվածության կանխումը և խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափումը: 

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու սերտ  համագործությունը իր բոլոր գործընկերների հետ տարածաշրջանային կայունության և անվտանգության ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրությունում:

Հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան ավիահարվածների արդյունքում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ինչի արդյունքում ծայրաստիճան սրվել են իրանա-ամերիկյան հարաբերությունները։

#CivilNet #News