Իրաքի խորհրդարանը քվեարկեց երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերման օգտին

Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիայի հետ համաձայնագրի դադարեցմանը և երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերմանը, հաղորդում է Reuters-ը:

Հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանի հատուկ նիստին մասնակցել է 170 պատգամավոր` 329-ից։ Սուննիական և քրդական խմբակցությունները բոյկոտել են նիստը, քանի որ օտարերկրյա ներկայության հարցում նրանց դիրքորոշումները տարբերվում են շիաների դիրքորոշումից:

Ավելի վաղ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հայտարարել էր իրաքյան ուժերի պատրաստության և «Իսլամական պետության» դեմ պայքարի դադարեցման մասին՝ «իրաքյան ռազմակայանները պաշտպանելու պարտավորության պատճառով, որտեղ տեղակայված են կոալիցիայի ուժերը»:

Իսկ հունվարի 4-ին Իրաքի Զինված ուժերը հայտարարել էին Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո իրենց երկրում ամերիկացի զինվորականների գործունեության սահմանափակման մասին:

Տարածաշրջանում լարվածությունն աճել է դեկտեմբերի 29-ին Իրաքի Էլ-Կաիմ քաղաքում «Հեզբոլլահ» շարժման օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածից հետո: Նոր տարվա նախօրեին Իրաքի շիա աշխարհազորի անդամները, որոնց աջակցում է Իրանը, հարձակվել էին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա։

Հունվարի 2-ին ամերիկյան ռազմաօդային ուժերի հարձակման ժամանակ սպանվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Բաղդադյան այս հարձակումների կապակցությամբ Իրաքի ԱԳՆ-ն բողոքներ է հղել ՄԱԿ-ին։ Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին հայտարարել է, որ ավիահարվածից մի քանի րոպե առաջ Վաշինգտոնը Բաղդադին տեղեկացրել էր այդ մտադրության մասին, սակայն թույլտվություն չէր ստացել:

#CivilNet #News

Լուսանկարը՝ Reuters-ի

Մեկնաբանել