Իրանը հայտարարել է միջուկային գործարքի պարտավորությունների նոր կրճատման մասին

Իրանը հայտարարել է, որ այլևս իրեն պարտավորված չի համարում լիովին հավատարիմ մնալու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին՝ 2015-ին համաշխարհային տերությունների հետ կնքված գործարքին: Սա միջուկային գործարքի պարտավորությունների հերթական կրճատումն է։ Իրանի կառավարության հայտարարությունն ընթերցվել է իրանական հեռուստատեսության եթերում, հաղորդում է Reuters-ը։

Այժմ Թեհրանը չի հետևելու ուրանի հարստացման ցենտրիֆուգների թվին վերաբերող որևէ սահմանափակումների, իսկ ուրանի հարստացման մակարդակը կհիմնվի երկրի տեխնիկական պահանջների վրա։

Ընդ որում, նշվում է, որ Իրանը կշարունակի համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ, իսկ Թեհրանի այդ քայլերը կարող են չեղարկվել, եթե ԱՄՆ-ը հանի իր պատժամիջոցները։

Իրանի կառավարության հայտարարությունը հետևում է Բաղդադում ամերիկացիների կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, ինչի հետևանքով ծայրաստիճան սրվել են իրանա-ամերիկյան հարաբերությունները և քաղաքական իրավիճակը Մերձավոր Արևելքում։

Իրանի միջուկային ծրագրի կրճատման՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը 2015-ին կնքված համաձայնագիր է մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։ Ծրագրով Իրանը հրաժարվում էր ուրանի հարստացման ծրագրից, իսկ արևմտյան տերությունները վերացնում էին պատժամիջոցները։ 2018-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց այդ համաձայնագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Ի պատասխան՝ Իրանը 2019-ին հայտարարեց համաձայնագրի երկու կետերը կատարելուց հրաժարվելու մասին։ 2019-ի նոյեմբերին Իրանը վերսկսել է ուրանի հարստացումը։

#CivilNet #News

Մեկնաբանել