Պուտինը ժամանել է Դամասկոս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 7-ին ժամանել Է Դամասկոս։ Ինչպես հաղորդում է Vesti.ru կայքը,  Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հենց օդանավակայանից Պուտինը մեկնել է Սիրիայում ռուսական զորքերի խմբավորման հրամանատարական կետ: Այնտեղ նրան դիմավորել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ Երկու երկրների առաջնորդները լսել են զինվորականների զեկույցները երկրի տարբեր շրջաններում տիրող իրավիճակի մասին։

Դրանից հետո կայացել են ռուսական և սիրիական պատվիրակությունների բանակցությունները։ Հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է հսկայական հեռավորության մասին, որն անցել է սիրիական պետականության վերականգնման եւ տարածքային ամբողջականության ճանապարհին:

Պեսկովի խոսքով ՝ ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ Դամասկոսի փողոցներում, որոնցով նա ուղեւորվել է օդանավակայանից, «անզեն աչքով» կարելի է նկատել խաղաղ կյանքի վերականգնման նշաններ:

Ասադն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին այցի համար։ «Սիրիայի նախագահը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին եւ ռուս զինվորականներին ահաբեկչության դեմ պայքարում սատարելու եւ Սիրիայում խաղաղ կյանքը վերականգնելու համար»,- Պեսկովի խոսքը մեջբերում է «Ինտերֆաքսը»:

Ասադը շնորհավորել է Պուտինին եւ ողջ ռուս ժողովրդին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:

Սիրիայում ՌԴ նախագահի գտնվելու ծրագրում նախատեսված է այց եւս մի քանի օբյեկտներ, որոնք, սակայն, չեն ճշտվում:

Չորեքշաբթի՝ հունվարի 8-ին, Պուտինը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «Թուրքական հոսք» գազատարի գործարկման արարողությանը։  Ռուսաստանի նախագահը բանակցություններ կվարի նաև իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, կքննարկի Մերձավոր Արեւելքում սրված հակամարտությունը, այդ թվում՝ Սիրիայում եւ Լիբիայում տիրող իրավիճակը:

#CivilNet #News