Կարող է գալ պահ, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը Ադրբեջանից աջակցություն պահանջեն Իրանի դեմ․ Ֆյոդոր Լուկյանով

Ֆյոդոր ԼուկյանովըԱՄՆ-ի ու Իրանի միջև ռազմական հնարավոր բախումը կարող է հանգեցնել տարածաշրջանային աղետի, կարծում է ՌԴ Արտաքին ու պաշտպանական քաղաքականության խորհրդի ղեկավար, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» (Россия в глобальной политике) հանդեսի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը:

ՍիվիլՆեթի հետ զրույցում Լուկյանովը նշում է, որ ռազմական հնարավոր բախումը մեծ ցնցումների կենթարկվի Մերձավոր Արևելքը, կարող է խախտվել նաև փխրուն հավասարակշռությունն արցախյան հակամատության գոտում:

Խոսքը տարածաշրջանային պայթյունի հնարավորության մասին է, ասում է նա։

ԱՄՆ-ի և Իրանի միջև տևական ժամանակ է երրորդ երկրների տարածքներում ու երրորդ ուժերի միջոցով ընթանում է «proxy-պատերազմ»: Այն թեժացավ անցյալ տարի Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների գրեթե կեսի ոչանչացումով, որից հետո տեղի ունեցան հարձակումներ Իրաքում ամերիկյան ռազմաբազայի ու դեսպանատան վրա: Այդ բոլոր հարձակումների կազմակերպման հետևում, ըստ ԱՄՆ-ի, կանգնած է Իրանը:

Հունվարի 3-ին ամերիկյան օդուժի հարվածից Բաղդադում իրանցի բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Մերձավոր Արևելքում խիստ սրվել է իրավիճակը։ Այսօր, հունվարի 8-ին, Իրանը ավիահարվածներ է հասցրել Իրաքում տեղակայված ամերիկյան բազաների։ Զոհերի թվի մասին հստակ տվյալներ չկան, սակայն փորձագետները միակարծիք են, որ այժմ պատերազմի ու խաղաղության հարցը կախված է ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումից:

ՄՆ-Իրան դիմակայության շրջափուլում կարող է գալ մի պահ, երբ Իսրայելն ու Վաշինգտոնը Ադրբեջանից պահանջեն Իրանի նկատմամբ գործողություններ իրականացնելու համար որոշակի աջակցություն

«Այժմ ամեն բան կախված է ԱՄՆ-ի պատասխան գործողություններից»,- վստահ է Լուկյանովը։ Նրա կարծիքով՝ իրանցի գեներալի սպանությունից հետո սկսված ամերիկա-իրանական հարաբերությունների սրումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասի համար:

«Իմ կարծիքով՝ գեներալ Սոլեյմանիի ոչնչացումը ոչ թե Թրամփի, այլ ԱՄՆ-ի դիվանագիտության կամ զինվորականների նախաձեռնությունն էր: Թրամփը գործարար է իր էությամբ, նա կարող է գոռալ, վախեցնել, սակայն կոշտ պատերազմական գործողությունների դժվար թե գնա: Նա պատերազմի մարդ չէ», – կարծում է Լուկյանովը:

Ուժայինները պատերազմի մարդիկ են, իսկ Թրամփը՝ առևտրի, թեկուզ շատ կոշտ:

Մերձավորարևելյան ռազմական էսկալացիայի նոր ալիքը կարող է տարածվել մի քանի ուղղություններով: «Նախ կարող է վտանգվել Սիրիան և այնտեղ պահպանվող հարաբերական կայությունը: Ռուսաստանն ամեն բան անում է, որ դա թույլ չտա: Իրանն այդ գործընթացի հիմնական մասնակիցներից է: Ռուսաստանը փորձելու է Սիրիան հեռու պահել ԱՄՆ-Իրան դիմակայությունից: Չի բացառվում, որ այդ նպատակով Ռուսաստանը աշխատանքներ տանի նաև ԱՄՆ-ի հետ»,- նշում է Լուկյանովը:

Ոչ նախանձելի վիճակում է հայտնվում Իրանի հարևան Ադրբեջանը, կարծում է ռուսաստանցի փորձագետը՝ մատնանշելով Թեհրանի հետ Բաքվի ավանդական բարդ հարաբերությունները մի կողմից, ԱՄՆ-ի և վերջինիս դաշնակից Իսրայելի հետ բավականին ջերմ, գործընկերային հարաբերությունները՝ մյուս կողմից:

«ԱՄՆ-Իրան դիմակայության շրջափուլում կարող է գալ մի պահ, երբ Իսրայելն ու Վաշինգտոնը Ադրբեջանից պահանջեն Իրանի նկատմամբ գործողություններ իրականացնելու համար որոշակի աջակցություն: Ադրբեջանը, իհարկե, շատ երկար կմտածի մինչև որևէ պատասխան տա, սակայն, դժվար կլինի նաև ամբողջությամբ անտեսել իր գործընեկրների առաջարկը»,- կարծում է ՌԴ Արտաքին ու պաշտպանական քաղաքականության խորհրդի ղեկավարը:

Ըստ Լուկյանովի՝ նույն իրավիճակում չէ Հայաստանը, քանի որ այն ավանդականորեն պահպանել է Իրանի հետ կառուցուղական հարաբերություններ և այժմ էլ հայտարարում է, որ չի ներքաշվելու Իրանի և ԱՄՆ-ի դեմ գործողությունների մեջ:

Միևնույն ժամանակ, իրավիճակը վտանգավոր է արցախյան հակամարտության համար, որտեղ Լուկյանովի գնահատմամբ հաստատված է հարաբերական փխրուն հավասարակշռություն:

«Տարածաշջրջանային պայթյունը կարող է իրավիճակը դուրս բերել փխրուն հավասարակաշռությունից, որի հետևանքներն անկանխատեսելի կլինեն թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ Հարավային Կովկասի համար: Տարածաշրջանային պետությունների համար սա ևս մեկ լուրջ մարտահրավեր է: Ու վատն այն է, որ չկան գլոբալ ուժային կենտրոններ, որ կկարողանան կանխել ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր պատերազմը: Նախկինում մեզ համար սովորական դարձած միջազգային «պատրոնների» մասին պատկերացումներն արդեն անցյալում են: Այժմ հենց ուժային կենտրոններն են բախվում ու ապակայունացում հրահրում, այն պարագայում, երբ իրենք պետք է լինեին նման զարգացումների կանխողը»,- ասում է Լուկյանովը:

Տարածաշրջանում պատերազմի թմբուկների ձայնը գնալավո ավելի բարձր է հնչում, որը կարող են կանխել միայն Իրանն ու ԱՄՆ-ը: Շատ բան կախված է այդ երկու պետություններում առկա ներքին հակակշիռներից: Այս առումով տարբեր է իրավիճակն Իրանում և ԱՄՆ-ում:

«Իրանում հակամարտության սրացմանը դեմ հանդես եկող ուժերն անկյուն են քշված գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո: Օրինակ, Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը մշտապես հանդես է գալիս հարաբերությունների կարգավորման օգտին, սակայն նրա նմանների ձայնն այժմ խլացվում է: Իսկ ԱՄՆ-ում իրավիճակը մի փոքր այլ է ու բավականին հետաքրքիր: Այնտեղ գեներալ Սոլեյմանիի ոչնչացումը ողջունեցին հանրապետարկանները, քննադատեցին դեմոկրատները: Անգամ Իրաքում ԱՄՆ-ի երկու բազանների վրա հրթիռային հարձակումից հետո դեմոկրատները կոչ են անում չտրվել սադրանքների: Տեսնենք՝ ինչ որոշում կկայացնի Թրամփը, ելնելով նաև ուժերի ներամերիկյան դասավորվածութունից»,- եզրափակեց Լուկյանովը:

Արշալույս Մղդեսյան

Լուսանկարը՝ AFP

Մեկնաբանել