Նպատակ չունենք դառնալ ժողովրդի հայր. Փաշինյանը՝ աղմուկ հանած կարգախոսի մասին

Մենք նպատակ չունենք դառնալ ժողովրդի հայր․ կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով աղմուկ բարձրացրած «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը» կարգախոսին:

«Մեկնաբանություններ եղան, թե այդ կարգախոսի գաղափարախոսությունն այն է, որ երկրի ղեկավարն ստանա ժողովրդի հոր կարգավիճակ: Մենք նման նպատակ չունենք: Ուզում են հիշեցնել, որ ընտանիքում միայն հայրեր չէ, որ գոյություն ունեն: Գոյություն ունեն զավակներ, եղբայրներ, քույրեր, ու մենք մեր գաղափարական տրամաբանությունը վաղուց ենք դրել»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն ասաց, որ իր թիմը կառավարության ղեկավարի գործառույթը պատկերացնում է բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայության ձևով․ «Մենք ժողովրդի հայր կամ չգիտեմ՝ ինչ լինելու հավակնություն չունենք, որովհետև ժողովրդին համարում ենք մեր գործատուն: Մենք սպասավորներ ենք ու պետք է մեր սպասավորությունն իրականացնենք մաքսիմալ անկեղծ, արդյունավետ ու մինչեւ վերջ»:

«Անտարես» հրատարակչությունը կառավարությունից հանձնարարություն էր ստացել Հանրապետությունում գտնել արտաքին գովազդի վահանակներ, բանակցել նրանց տերերի հետ, որպեսզի դրանց վրա տեղադրվեն գովազդներ՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը» գրառմամբ:

Կառավարության այս քայլը լուրջ քննարկման նյութ դաձավ սոցիալական ցանցերում։ Գործընթացն իրականացվել էր առանց մրցույթի։ Գինը կազմել էր գրեթե 50 միլիոն դրամ կամ ավելի քան 100 000 դոլար։

#CivilNet #News

Մեկնաբանել