Եվրախորհրդարանը չի դիտարկելու Ադրբեջանի արտահերթ ընտրությունները

Եվրախորհրդարանը չի դիտարկելու Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք կայանալու են փետրվարի 9-ին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդարանից ստացված հաղորդագրությունը։

«Այսպիսով, Եվրախորհրդարանի կամ դրա կառույցների ոչ մի անդամ լիազորված չէ դիտարկելու կամ մեկնաբանելու ընտրական գործընթացը Եվրախորհրդարանի անունից։

Հետևաբար, եթե Եվրախորհրդարանի որևէ անդամ որոշի հետևել այդ ընտրություններին, դա լինելու է նրա անձնական որոշումը, որը որևէ դեպքում չի ներկայացնելու Եվրախորհրդարանի տեսակետը կամ դիրքորոշումը»,- ասված է հաղորդագրությունում։

Եվրախորհրդարանի նման որոշման պատճառները չեն նշվում։ Նախորդ ընտրությունները Եվրախորհրդարանի ներկայացուցիչները դիտարկել էին։ Նրանց գնահատականները մեծապես քննադատել են Ադրբեջանի ժողովրդավարական ուժերը՝ դիտորդներին մեղադրելով ընտրախախտումները չնկատելու և դրանք արդարացնելու համար։

Կարդացե՛ք նաև՝ 

Ադրբեջանն այս շաբաթ․ Ալիևի դուստրերը՝ փողերի լվացման նոր սկանդալի կենտրոնում

Ադրբեջանի խորհրդարանը կարձակվի, կանցկացվեն արտահերթ ընտրություններ

Ադրբեջանում էլ վաղ թե ուշ կլինի իշխանափոխություն՝ սոցիալական պայթյունի արդյունքում․ Արիֆ Յունուսով

#ՍիվիլՆեթ #Լուրեր