New York Times-ը տեսանյութ է հրապարակել Թեհրանի մոտ կործանված ինքնաթիռի խոցման մասին

New York Times-ը տեսանյութ է հրապարակել չորեքշաբթի Թեհրանի մոտ կործանված «Ուկրաինական ավիաուղիների» ինքնաթիռի մասին, որում գտնվող 176 անձինք զոհվել են։

Թերթը գրում է, որ իր կողմից հաստատված տեսանյութը կարծես ցույց է տալիս, որ իրանական հրթիռն է խոցել օդանավը Թեհրանի օդանավակայանից ոչ հեռու։

«Քանի դեռ քննիչներն աշխատում են վթարի պաշտոնական պատճառը որոշելու ուղղությամբ, տեսագրությունը նոր հուշումներ է տալիս տեղի ունեցած աղետի մասին, որը կատարվել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև կատաղի դիմակայության օրերին: ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պաշտոնյաները հինգշաբթի հայտարարել էին, թե կարծում են, որ իրանական հրթիռն է պատահաբար խոցել ինքնաթիռը»,- գրում է թերթը:

Նշվում է, որ ոչ մեծ պայթյուն է տեղի ունեցել այն ժամանակ, երբ այն, ինչ թվում է հրթիռ և խոցել է ինքնաթիռը, ընկել է Պարանդի՝ Թեհրանի օդանավակայանի մոտ գտնվող քաղաքի վրա։ Ինքնաթիռը, սակայն, չի պայթել, ցույց է տալիս տեսանյութը: Այն շարունակել է թռիչքը մի քանի րոպե և հետ շրջվել դեպի օդանավակայան։

Ըստ New York Times-ի ստուգած այլ տեսանյութերի՝ ինքնաթիռը, որն այդ ժամանակ արդեն ազդանշան չէր տալիս, թռչում էր դեպի օդանավակայան՝ ամբողջապես բոցերի մեջ՝ նախքան պայթելը և կործանումը։

Կադրերում տեսողական և ձայնային հուշումները համընկնում են թռիչքի հետագծի եւ օդանավի ընկնելու վայրի կողքի տեղանքի արբանյակային լուսանկարների հետ: Արբանյակային լուսանկարներն արվել են հինգշաբթի։ Դրանք թերթին տրամադրել է Maxar Technologies ընկերությունը, որը զբաղվում է տիեզերական տեխնոլոգիաներով:

Մեկնաբանել