Քաղավիացիան հերքում է Հայաստանից Ղրիմ չվերթների բացման լուրը

Ռուսական մամուլում տարածվող տեղեկությունները, թե 2020 թվականի մարտից ուղիղ ավիահաղորդակցություններ են սկսվելու Հայաստանի և Ղրիմի միջև, չեն համապատասխանում իրականությանը։ Տեղեկության համաձայն՝ ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) Երևանից թռիչքներ է նախատեսում իրականացնել դեպի Ղրիմ՝ Սիմֆերոպոլ։ 

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ավիաընկերության հետ նման քննարկումներ տեղի չեն ունեցել, որևէ հայտ չի ներկայացվել, հետևաբար ավիափոխադրումների մասին խոսելն ավելորդ է։

Ռուսաստանյան մամուլը, մասնավորապես Gazeta.ru կայքը, գրել է, որ Ղրիմի ու Հայաստանի միջև ավիահաղորդակցությունը կսկսվի արդեն 2020-ից։ Հաղորդագրությունում հղում է արվում Ղրիմի խորհրդարանի հանձնաժողովներից մեկի ղեկավարին։ Վերջինս ասել է, որ ավիաթռիչքները կմեկնարկեն 2020-ի մարտից։

#ՍիվիլՆեթ #Լուրեր