Մերձավոր Արևելքը՝ Սոլեյմանիից հետո․ ինչ սպասել

Հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան ավիահարվածների արդյունքում սպանվել էր Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Թեհրանի Շահիդ Բեհեշթիի համալսարանի ավագ դասախոս Համիդռեզա Ազիզին իր՝ «Մերձավոր Արևելքը՝ Սոլեյմանիից հետո» հոդվածում ներկայացնում է տարածաշրջանում սպասվող հնարավոր զարգացումները։ Հոդվածը կրճատումներով, թարգմանաբար՝ ստորև։

Ըստ Ազիզիի՝ Իրանը, ինչպես սպասվում է, այս խնդրի լուծման համար փուլային մոտեցում կցուցաբերի։ Առաջին փուլում, որն արդեն սկսվել է, Իրանը կշարունակի սերտորեն համագործակցել Իրաքի իր դաշնակից խմբավորումների հետ, որպեսզի հասնի ամերիկյան զորքերի դուրսբերմանը։ Հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանի քվեարկությունը՝ երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու վերաբերյալ, այդ ուղղությամբ առաջին քայլն էր։ Դրանից հետո երկրում մնացած ամերիկյան ուժերը կհամարվեն «օկուպացիոն», ինչը նրանց կդարձնի Իրաքում իրանամետ զինված խմբերի համար օրինական թիրախ։

Միևնույն ժամանակ, քանի որ Իսլամական Հանրապետությունը Թել Ավիվը դիտարկում է Սոլեյմանիի սպանության ծրագրման գործում որպես Վաշինգտոնի դաշնակից, այն կարող է նաև դիտարկել Իսրայելի շահերի հետապնդման հարցը։ Այդպիսի սցենարի իրականացման առավել հավանական տեղ կլինեին Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքները։ Դա Իրանի համար կարող է իմաստ ոնենալ, քանի որ այդ քայլը կդիտարկվի որպես ոչ միայն Սոլեյմանիի սպանության պատասխան, այլև պատասխան Սիրիայում իրանական դիրքերին Իսրայելի հաճախակի հարվածներին։ ԱՄՆ-ի կամ Իսրայելի դեմ ցանկացած գործողություն Իրաքում կամ Սիրիայում, ամենայն հավանականությամբ, կիրականացվի ոչ թե անմիջապես Իրանի կողմից, այլ իրանամետ ուժերի, քանի որ Իրանի կողմից ուղիղ հարվածների շարունակությունը երկրների միջև լայնամասշտաբ պատերազմի վտանգներ է պարունակում։

Այս համատեքստոմ Սոլեյմանիի սպանությունը ոչ միայն չի թուլացնի տարածաշրւջանում Իրանի դիրքերը, այլև կհանգեցնի նրան, որ Իրանը աճող սպառնալիքների և թշնամական կողմերի գործողությունների դեմ պայքարում կսկսի ավելի շատ հենվել իր տարածաշրջանային լայն ցանցի վրա։ Միևնույն ժամանակ, ի հեճուկս որոշ ենթադրությունների, Սոլեյմանիի սպանությունը չի փոխի Իրանի քաղաքականության սկզբունքները Սիրիայում և Իրաքում՝ ներառյալ սիրիական հակամարտությունում Ռուսաստանի հետ ունեցած իր համագործակցությունը։ Նշանակելով Սոլեյմանիի իրավահաջորդին՝ գեներալ-մայոր Էսմայիլ Ղաանիին, Իրանի Գերագույն առաջնորդը խնդրել է նրան հետևել «Ղոդս» ստորաբաժանման ծրագրերին, որոնք մշակել էր Սոլեյմանին։ Ղաանին մի քանի տարի ծառայել է որպես Սոլեյմանիի տեղակալ, այնպես որ Իրանի տարածաշրջանային քաղաքականության մեջ փոփոխությունների բացակայության պարագայում ապահովված է ժառանգականությունը։

Միջազգային մակարդակում ինքնիշխան պետության բարձրաստիճան զինվորականի սպանությունը մեկ այլ ինքնիշխան պետության տարածքում ոչ միայն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, այլ նաև ստեղծում է վտանգավոր նախադեպ, որից կարող են օգտվել այլ գերտերություններ՝ իրականացնելով «պետական ահաբեկչության» նպատակաուղղված գործողություն և ներկայացնելով դրանք որպես կանխարգելիչ իրավաչափ գործողություններ։ Իսկապես, Իսրայելը մի քանի տարվա ընթացքում նման մոտեցում է ցուցաբերել պաղեստինցի և լիբանանցի քաղաքական և ռազմական գործիչների դեմ, բայց երբ դրանով զբաղվում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամը, այսինքն՝ ԱՄՆ-ը, ամեն ինչ շատ ավելի վտանգավոր է։

Տարածաշրջանային մակարդակում Իսլամական պետություն խմբավորումն ու այլ անզիջում ահաբեկչական խմբավորումներ, ըստ երևույթին, ներկայիս իրավիճակի գլխավոր հաղթողներն են։ Հայտնի է, որ Սոլեյմանին Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում Իրանի ամենաարդյունավետ հրամանատարն էր։ Մինչդեռ, չնայած իրենց վաղեմի հակասություններին, Իրանն ու ԱՄՆ-ն այս երկրներում երկար ժամանակ է՝ հետապնդում էին մեկ ընդհանուր հիմնական նպատակ՝ պայքար ահաբեկչության դեմ։ Այժմ, երբ Թեհրանն ու Վաշինգտոնը ուշադրությունը վերաուղղում են միմյանց վրա, ահաբեկչական խմբավորումները կարող են գտնել հարմար ժամանակ և տարածություն՝ վերածնվելու և վերադառնալու համար։

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ «Սոլեյմանիից հետո» Մերձավոր Արևելքը շատ ավելի վտանգավոր տեղ կլինի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև տարածաշրջանի երկրների և բնակչության համար։

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի

Մեկնաբանել