Վրաստանյան արձագանքը Փաշինյանի՝ ՀՆԱ-ի ցուցանիշի վերաբերյալ գրառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումը մեծ արձագանք է ստացել նաև հարևան Վրաստանում: Փաշինյանին պատասխանել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան և կասկածի տակ դրել ՀՀ վարչապետի հայտարարությունը:

Ինչպես հայտնում է aliq.ge-ն, խոսքը Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին է, համաձայն որի՝ այդ ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020 թվականին առաջ կանցնի Ադրբեջանից: ՀՀ վարչապետն այս ամենը հաստատում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, որոնց համաձայն 2019 թվականի տվյալներով ընթացիկ գներով (նոմինալ) Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է 4 527 դոլար, իսկ Վրաստանի ՀՆԱ-ն՝ 4 289:

Վրաստանի կառավարության այսօրվա նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան պատասխանել է հարցին, թե արդյոք առաջ է անցել Հայաստանը այս ցուցանիշով Վրաստանից:

«Սա սխալ գնահատական է, քանի որ նրանում հաշվի առնված չեն տարրական մեթոդոբանական հարցեր: Ընդհանուր առմամբ, երբ որևէ քաղաքական գործիչ կամ վերլուծաբան նմանատիպ ցուցանիշներով հաղթելուն կձգտի և կսկսի Վրաստանը համեմատել տարածաշրջանի այլ երկրների հետ՝ կոչ եմ անում նրանց նախ ծանոթանան տարրական մեթոդաբանությանը։

Նշեմ, որ Վրաստանում 2019 թվականի նոյեմբերին վիճակագրական ծառայությունը (GeoStat) ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդ է ներմուծել, որը դեռևս արտացոլված չէ միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ամփոփման մեջ: Մեր տարածաշրջանի երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան նույնպես կատարել են իրենց ՀՆԱ-ի վերահաշվարկը նոր մեթոդոբանությամբ, սակայն սա տեղի է ունեցել ավելի շուտ, հետևաբար նրանց տվյալները արդեն արտացոլվել են ԱՄՀ-ի տվյալներում:

Հավատացեք, որ այս բարձր տնտեսական աճի պայմաններում, մեր գնահատմամբ, ՀՆԱ-ն մեկ շնչին Վրաստանում կհասնի 4 700 դոլարի: Հետևաբար, ԱՄՀ-ի հաջորդ ամփոփման մեջ այս ամենը կարտացոլվի»,- մեջբերում է աղբյուրը Վրաստանի Էկոնոմիկայի նախարարի խոսքերը:

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը, համաձայն որի մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ) Հայաստանը 2020 թվականին առաջ է անցնելու Վրաստանից ու Ադրբեջանից։ Հիմնադրամի պաշտոնական կայքէջում հրապարակված թվերի համաձայն՝ 2020-ին Հայաստանում մեկ շնչին բաժին կընկնի 4 760 դոլար, այն պարագայում, երբ հարևան Ադրբեջանում այն կկազմի 4 720, իսկ Վրաստանում՝ է՛լ ավելի քիչ՝ 4 630 դոլար։

«2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը»,- գրել էր վարչապետը։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել