Լիդիանը ապացուցակվել է Տորոնտոյի բորսայից․ ինչ է դա նշանակում

Տորոնտոյի ֆոնդային բորսան հաղորդել է փետրվարի 5-ից իր հարթակում Lydian International Limited ընկերության բաժնետոմսերը ցուցակումից հանելու մասին։ Lydian International Limited-ի դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիան», Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման արտոնագիր ունի։

«Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը 168․am կայքին ասել է, որ Տորոնտոյի բորսայում իրենց ընկերության բաժնետոմսերի ապացուցակումը ռեստրուկտուրիզացիայի բնականոն մաս է, և Ամուլսարի շահագործման իրավունքների տեսանկյունից ոչ մի բան չի փոխվել․ «Երբ ընկերությունը հայտարարում է դատարանից պաշտպանություն ստանալու մասին, սկսվում է ընկերության ապացուցակման գործընթացը։ Ճգնաժամի հաղթահարման և իրավիճակի փոփոխության դեպքում ընկերությունը կարող է դիմել վերացուցակման»։

Ավելի վաղ՝ 2019-ի տարեվերջին, հաղորդվել էր, որ Lydian International-ին և նրան ուղղակիորեն ու անուղղակիորեն պատկանող դուստր ընկերություններին («Լիդիան Կանադա» և «Լիդիան ՄԹ»), Օնտարիոյի արդարադատության գերագույն դատարանի որոշմամբ տրամադրվել է «Ընկերությունների պարտատերերի հետ հարաբերությունների կարգավորման ակտով» (Companies’ Creditors Arrangement Act) նախատեսված պաշտպանություն։ Այսօրինակ պաշտպանությունը ենթադրում է, որ վարկատուներն ու այլք պարտավոր են զերծ մնալ «Լիդիանի» դեմ որևէ պահանջ ներկայացնելուց։

Ընկերությունը նշել է, որ բորսայում բաժնետոմսերի ապացուցակումը սնանկացում չի նշանակում․ «Մինչ ընկերությունը դատարանի պաշտպանության տակ է, կարող է շարունակել բնականոն գործել, վճարել աշխատանքի և ծառայությունների դիմաց՝ նպատակ ունենալով այս պաշտպանության շրջանի ավարտին վերակառուցվել՝ որպես կենսունակ բիզնես միավոր»:

***

2018-ի հունիսից բնապահպան ակտիվիստների կողմից դեպի Ամուլսար տանող ճանապարհների շրջափակման պատճառով «Լիդիանը» Ամուլսարի ծրագրի տարածք մուտք գործելու հնարավորություն չունի և այդ շրջափակումը համարում է անօրինական։

Բնապահպանները, մինչդեռ, պնդում են, որ Ամուլսարի հանքի շահագործումը կհանգեցնի բնապահպանական ծանր հետևանքների, այդ թվում՝ Ջերմուկի և Սևանա լճի ջրերի աղտոտմանը։

2019-ի օգոստոսին լիբանանյան ELARD ընկերությունը հրապարակեց Հայաստանի կառավարության պատվերով Ամուլսարի ոսկու հանքավայրում իրականացրած փորձաքննության արդյունքները, որտեղ նշվում էր, որ սեյսմիկ վտանգի ռիսկերը մեծ են ծրագրի տարածքի համար։

«Ամուլսարի բաց հանքերը և Դատարկ ապարների լցակույտի տարածքը գտնվում են Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում: Աղետալի երկրաշարժերը կարող են առաջացնել հանքի կոնտակտային ջրերի և բացասական ազդեցություն կրած ստորգետնյա ջրերի և մակերևութային ջրերի արտահոսք Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում, մասնավորապես՝ շահագործման փուլում, երբ մեծ քանակությամբ կոնտակտային ջրեր են կուտակվում ավազաններում: Ջրերի նման արձակումը կաղտոտի մոտակա աղբյուրները և Արփա գետը»,- ասված է եզրակացությունում։

Նաև նշվում է, որ հիդրավլիկ և ֆիզիկական հատկությունների պատճառով հանքի ջրերն ազդեցություն չեն ունենա Ջերմուկի աղբյուրների վրա։

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արտոնելու կամ դադարեցնելու Հայաստանի կառավարության վերջնական որոշումը մինչ այսօր հայտնի չէ։

#CivilNet #News

Մեկնաբանել