Թեհրանում ցուցարարները պահանջել են այաթոլլա Խամենեիի հրաժարականը

Թեհրանում՝ Ամիր Քաբիրի անվան տեխնոլոգիական համալսարանի շենքի դիմաց, շաբաթ օրը հավաքվել է մի քանի հարյուր ցուցարար և պահանջել երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժարականը, հաղորդում է BBC-ն։

«Գլխավոր հրամանատար, հեռացի՛ր»- վանկարկել են ցուցարարները, որոնք վրդովված էին, որ իրանցի զինվորականները հունվարի 3-ին պատահաբար խոցել են ուկրաինական ուղևորատար օդանավը:

Շաբաթ օրը դա պաշտոնապես ընդունել են Իրանի իշխանությունները։ Օդանավում գտնվող 176 մարդկանց թվում 83 իրանցիներ էին և իրանական ծագում ունեցող տասնյակ կանադացիներ:

Իրանական սոցցանցերում հայտնվել է բողոքի ցույցի տեսանյութ, որտեղ երևում են համալսարանի շենքի մոտ հավաքված մարդիկ, որոնք հակակառավարական կարգախոսներ են վանկարկում:

Տեսանյութում լսվում է, թե ինչպես է ամբոխը վանկարկում. «Հրաժարականը բավարար չէ, հարկավոր է դատ»։

Տեղեկություններ են ստացվում նաև Իրանի ամենահեղինակավոր համալսարաններից մեկի՝ Շարիֆի անվան տեխնոլոգիական համալսարանի շենքի մոտ ցույցերի մասին։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ ավիավթարից զոհվածների թվում առնվազն տասը հոգի համալսարանի շրջանավարտ էր։

Թեհրանի երկու համալսարանների մոտ բողոքի ցույցերի մասին հաղորդագրություններ են հայտնվել նաև իրանական IRNA և ISNA լրատվական գործակալությունների էջերում:

Մեծ Բրիտանիայի դեսպանի ձերբակալությունը

Թեհրանում բողոքի ցույցերի ժամանակ մի քանի ժամով ձերբակալվել է Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը։ «Առանց հիմնավորման կամ բացատրության Թեհրանում մեր դեսպանի ձերբակալությունը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է։ Իրանի իշխանություններն այժմ ընտրություն պետք է կատարեն։ Նրանք կարող են շարունակել իրենց երթը դեպի վտարյալ երկիր՝ քաղաքական և տնտեսական մեկուսացումով, որը կհետևի դրան, կամ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար և դուրս գալ դիվանագիտական ուղու վրա, որը առաջ կտանի»,- հայտարարել Է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:

Սոցիալական ցանցերի արձագանքը

Իրանցի օգտատերերը սոցիալական ցանցերում, ինչպիսիք են Իրանում արգելված Թվիթերն ու Ինստագրամը, արտահայտում են իրենց վրդովմունքն ու ցասումը Իրանի իշխանությունների հայտարարությունից հետո, որ օդանավը պատահաբար է խոցվել։

Նրանցից մեկը գրել է. «Ձեր սխալը դիտավորյալ էր, ձեր սուտը՝ միտումնավոր։ Չի կարելի մարդկանց խաբել նպատակահարմարության նկատառումներով»։

Իրանցի քաղաքագետ Զադեհ Զիբակալամը՝ նախկինում Թեհրանի համալսարանի պրոֆեսոր, ասել է, որ դժվար է հասկանալ, թե ինչպես են այժմ արդարանում իշխանությունները, երբ վերջին երեք օրերին նրանք գրեթե բոլորը ստել են:

Զայրույթ, ցասում, անվստահություն

BBC-ի պարսկալեզու ծառայության Ռանա Ռահիմփուրի մեկնաբանությունը

Զայրույթ, ցասում, անվստահություն կատարվածի վերաբերյալ․ իրանցիներն այժմ այս բառերն են օգտագործում նկարագրելու օդանավի կործանման մասին իրենց զգացմունքները։

Երեք օրվա հերքումներից հետո Իսլամական հեղափոխության պահապանների հրամանատարը հանդես եկավ բացատրություններով, որոնք քչերին են համոզել։

Այսօր Իրանում մարդիկ ոգեկոչում են զոհվածների հիշատակը, հավաքվում Թեհրանի կենտրոնում՝ վանկարկելով «մահ բռնապետին»։

Նրանք կոչ են անում բանակի գերագույն հրամանատարին՝ Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին, հեռանալ։

Շատերն ասում են, որ եթե այլ երկրների կառավարությունների կողմից ճնշումներ չլինեին, Իրանը երբեք չէր ընդունի սխալը։

Մնում է անպատասխան նաև կարևոր հարց՝ ինչու իրանական օդային տարածքը չի փակվել հրթիռային հարձակման ժամանակ, որը Թեհրանն իրականացնում էր Իրաքում ամերիկյան ռազմակայանների դեմ։

Մարիա Եղիազարյան

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել