Վանեցյանը «ծայրից ծայր սուտ» է որակում Հայկական ժամանակում իր մասին տպագրված հոդվածը

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն արձագանքել է «Հայկական ժամանակ» թերթի էլեկտրոնային տարբերակում՝ Armtimes.com կայքում իր մասին տպագրված հոդվածը։

«Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերնագրված հոդվածում նշվում է, թե ««Հայկական ժամանակի» ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից»: Հոդվածում նաև նշվում է, որ «քարոզչական սխեմայի գաղափարախոսը Արա Սաղաթելյանն է, որը Սերժ Սարգսյանի իշխանության թիվ մեկ պրոպագանդիստն է եղել և այդ կարգավիճակում հաստատվել է Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից որպես վստահելի մարդ»:

Արձագանքելով այս հոդվածին՝ Արթուր Վանեցյանն Ինստագրամի իր էջում գրել է․

«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մի զանգեք ինձ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված անհեթեթ հոդվածը մեկնաբանելու խնդրանքով: Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի:

Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական:

Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անպասելի էր անգամ ինձ համար:

Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները:

Պատիվ ունեմ»:

View this post on Instagram

Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մի զանգեք ինձ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված անհեթեթ հոդվածը մեկնաբանելու խնդրանքով: Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի: Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական: Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անպասելի էր անգամ ինձ համար: Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները: Պատիվ ունեմ: Հ.Գ. Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ:

A post shared by Արթուր Վանեցյան (@arthur_vanetsyan_official) on

Գրառման վերջում Վանեցյանն արձագանքել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը․

«Մարիամ ջան, աղջիկս, մի՛ մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ»:

Մարիամ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել էր․

«Վանեցյանների հետ, բավականին կարճ ժամանակում հասցրեցինք ընկերանալ ու նույնիսկ հարևանություն անել: Ես, Շուշանը ու Վանեցյանի որդիները ամեն օր կառավարական ամառանոցների խիստ մթնոլորտը կոտրում էինք մեր խաղերով, երեկոյան թեյով և ծիրանի բերքահավաքով: Մեր շներին էինք միասին խնամում ու վարժեցնում 🙂
Վանեցյանի կնոջ հետ էլ էինք շատ մտերմացել, երեկոներին հաճախ էինք հանդիպում և սուրճ խմում, թե մեր տանը թե իրենց:

Հաճախ, ընտանիքի ամբողջական կազմով էինք անցկացնում մեր երեկոները:

Մինչև հիմա էլ Վանեցյանի որդիներին ջերմ եմ ընդունում, ու նույնիսկ կարոտում մեր երեկոյան հավաքույթները:
Գրեթե համոզված էի, որ մեր ընտանիքին մոտ լինելու իրենց ձգտումը անկեղծ էր:

Բայց ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ:

Պարզվում է, որ մեր ընտանիքի դեմ մղված մեդիա արշավների և սուտ լուրերի համակարգողը հենց Վանեցյանն է: Սա է դավադրությունը: Ու նույնիսկ կա ավելի մեծ դավադրության հավանականություն. հնարավոր է, որ նա համակարգել է սուտ լուրերի ստեղծման և տարածման աշխատանքները հենց ԱԱԾ տնօրեն եղած ժամանակներից»:

#CivilNet #News

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել