Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել ընդդիմության ճնշման ներքո

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան որոշում է կայացրել վայր դնել իր լիազորությունները։ Համապատասխան հայտարարությունն ընթերցել է երկրի նախկին վարչապետ Սերգեյ Շամբան՝ նախագահի պետական ամառանոցի մոտ հավաքված մարդկանց, գրում է BBC-ն։ 

«Ձեզ տեղյակ եմ պահում, որ ես վայր եմ դնում նախագահի լիազորությունները հանուն երկրում կայունության պահպանման»,- ասել է նա՝ մեջբերելով Խաջիմբայի հայտարարությունը:

Խաջիմբան հաստատել է որոշումը։ «Այո, ես հեռացել եմ»,- կիրակի երեկոյան նա ասել է Ինտերֆաքս գործալալությանը:

Պատասխանելով հարցին, թե կմասնակցի արդյոք Աբխազիայի նախագահի արտահերթ ընտրություններին, Խաջիմբան ասել է. «Կյանքը ցույց կտա»:

Նախագահի հրաժարականը պետք է պաշտոնապես ընդունի խորհրդարանը, որն այդ հարցը կքննարկի երկուշաբթի, Ինտերֆաքսին հայտնել է խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան:

Աբխազիայի նախագահի պարտականությունները մինչև նոր ընտրությունները պետք է կատարի վարչապետ Վալերի Բգանբան: Ինքը՝ Բգանբան, սակայն, հայտարարել է, որ դեռ չի որոշել, թե արդյոք պատրաստ է կատարել նախագահի պարտականությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բգանբան «երևի թե օպտիմալ ֆիգուր է՝ հաշվի առնելով, որ նա առանձնահատուկ հավակնություններ չունի, և ինչ-որ կողմնակալություն էլ չկա», – BBC-ին տված հարցազրույցում ասել է աբխազական անկախ «Չեգեմսկայա պրավդա» թերթի գլխավոր խմբագիր Ինալ Հաշիգը։ 

Նախագահի հեռանալու մասին հայտարարվել է ընդդիմության մի քանի առաջնորդների, մասնավորապես ընդդիմադիր ուժերի դաշինքի առաջնորդ Ասլան Բժանիայի հետ հանդիպումից հետո: Հանդիպմանը մասնակցել է Ռուսաստանի պատվիրակությունը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևի գլխավորությամբ:

Կիրակի հայտնի է դարձել նաև Ռուսաստանի նախագահի երկարամյա օգնական Վլադիսլավ Սուրկովի՝ Սուխումի ժամանելու մասին, որը ղեկավարում է, ի թիվս այլ ոլորտների, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունները: Ռուսաստանը այն սակավաթիվ երկրներից է, որոնք ճանաչում են Վրաստանից անջատված հանրապետությունների անկախությունը։ 

Ինչպես է դա պատահել

Սուխումիում հունվարի 9-ին ցուցարարները, պահանջելով ընտրված նախագահ Խաջիմբայի հրաժարականը, ներխուժել են նախագահի աշխատակազմի շենք: Խաջիմբան անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որից հետո չի բացառել երկրում արտակարգ դրություն մտցնելը: Հանրապետության խորհրդարանն արտահերթ նստաշրջանում ընդունել է նախագահին ուղղված դիմում՝ հրաժարական տալու կոչով:

Ուրբաթ Գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել Աբխազիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ և որոշել է նշանակել կրկնակի ընտրություններ։

Դատական կոլեգիան բավարարել է ընդդիմադիր Ալխաս Կվիցինիայի վճռաբեկ բողոքը առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որն օրինական է ճանաչել նախագահի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: ԿԸՀ-ն ընտրությունները նշանակել է մարտի 22-ին ։ 

Ինչ սպասել

Ինալ Հաշիգը կարծում է, որ մարտին նշանակված նոր ընտրությունները կարող են կրկին ավարտվել երկրորդ փուլով։  Բացի այդ, նա ակնկալում է, որ Աբխազիայի խորհրդարանը մոտ ժամանակներս կհստակեցնի ընտրական օրենսդրության ձևակերպումները, որպեսզի վերացնի քվեարկության արդյունքների վերաբերյալ դատական քաշքշուկների հանգեցրած տարընթերցումները:

Նախագահական ընտրությունները, որոնցում Ռաուլ Խաջիմբան վերընտրվել է երկրորդ ժամկետով, Կվիցինիային շրջանցելով 2 տոկոսով, անցել են անցյալ տարվա սեպտեմբերին: Պարտված թեկնածուն վիճարկել է դրանց արդյունքները՝ համարելով, որ Խաջիմբան չի կարող հաղթող համարվել, քանի որ ընդհանուր առմամբ ավելի քիչ ձայն է հավաքել, քան Կվիցինիան և «բոլորին դեմ» թեկնածուն։ 

Ռուսաստանի դիրքորոշումը

Շատերը ուշադրություն են դարձրել Աբխազիայում Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես Ռաշիդ Նուրգալիևի և Վլադիսլավ Սուրկովի ներկայությանը, սակայն աբխազական քաղաքականության փորձագետները դրան մեծ նշանակություն չեն տալիս:

«Ռուսաստանը կբավարարի ցանկացած թեկնածուի հաղթանակը, կարևորը, որ ուժային սցենար չլինի,- ՏԱՍՍ գործակալությանը ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի  փորձագետ Վլադիմիր Եվսեևը:- Ընդ որում, ռուսական պատվիրակության այցը դրական ազդեցություն ունեցավ։ Արդյունքում, ամենայն հավանականությամբ, գործող իշխանությունը ձեռնպահ կմնա ինչ-որ քայլերից, որոնք կարող են հանգեցնել ապակայունացման։ Ես մտավախություն ունեմ, որ դա ավելի հավանական է նրանց կողմից, այլ ոչ թե ընդդիմության»։ 

Եվսեևի խոսքով՝ Մոսկվան տվյալ իրավիճակում չեզոք դիրք կզբաղեցնի։ Փորձագետը նշել է՝ կարևոր է, որ ճգնաժամի պայմաններում չեզոքություն պահպանեն նաև աբխազական ուժային կառույցները, իսկ ձայների հաշվարկի ժամանակ կեղծիքներ թույլ չտրվեն:

Ինալ Հաշիգը հարցին, թե ինչ է նշանակում Նուրգալիևի մասնակցությունը Խաջիմբայի հետ հանդիպմանը, պատասխանել է. «Ոչինչ չի նշանակում»: Նրա կարծիքով՝ դա «հանգստացնող գործոն է, երբ հանդիպում են իրար վատ վերաբերվող երկու քաղաքական գործիչներ։ Դա մեղմացրել է իրավիճակը»։ 

Հաշիգը վստահ է, որ «կրեմլյան էմիսարները», ինչպես ինքն է ասել, նպատակ չունեն ընտրություններում ինչ-որ կոնկրետ ֆիգուրի աջակցել։ 

***

Խորհրդային ժամանակներում Աբխազիան ինքնավար հանրապետության կարգավիճակ ուներ Վրացական ԽՍՀ կազմում, սակայն 1990-ականների սկզբին հայտարարեց անջատման մասին։  1992-93 թթ. զինված հակամարտությունից հետո Վրաստանի իշխանությունները փաստացի չէին վերահսկում նրա տարածքը։

Այս ամբողջ ընթացքում Աբխազիան, ինչպես և Հարավային Օսիան, վայելում էր Ռուսաստանի աջակցությունը, նրա տարածքում գտնվում են ռուսական զորքերը, իսկ շատ բնակիչներ ստացել են ռուսական քաղաքացիություն։ 

2008թ. օգոստոսին հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնապես հայտարարեց Հարավային Օսիան և Աբխազիան որպես անկախ պետություններ ճանաչելու մասին։  Ռուսաստանի օրինակին հետևել են մի քանի երկրներ՝ Նիկարագուան, Նաուրուն, Սիրիան և Վենեսուելան:

Մարիա Եղիազարյան