Կառավարությունը փոխել է գնումների գործընթացը․ բիզնեսը մենաշնորհի ռիսկեր է տեսնում

Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ընդունված որոշումներից մեկը, որ վերաբերում է պետական գնումների ոլորտին, խնդիրներ է հարուցել գնման մասնակից տարբեր ընկերությունների ու գործարարների համար։ Նրանք մտավախություն ունեն, որ կառավարության որոշումը պետգնումների ոլորտում կարող է տանել մենաշնորհացման։ ՍիվիլՆեթին իր մտահոգություններն է հայտնել 2009-ից գործունություն ծավալող «Տրանս-սֆեր» ընկերության հիմնադիր Հովհաննես Պետրոսյանը։

Կառավարության որոշմամբ՝ գնման մասնակիցը պետք է այսուհետ պայմանագրի կատարման ապահովման նպատակով ներկայացնի բանկային երաշխիք պայմանագրի արժեքի չափով։ Եթե հաղթող մասնակիցը որակավորման ապահովման այս միջոցը չի իրականացնում, կարող է զրկվել գնման մրցույթին մասնակցելու հնարավորությունից ու հայտնվել սև ցուցակում։

Կառավարության այդ նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց՝ այդպիսով «այլևս կարիք չեն ունենա որակավորման չափանիշներ սահմանելու, և ռիսկը կտեղափոխվի բանկային համակարգ, […] մասնակիցները ձեռնպահ կմնան չարամտորեն կամ պատահականորեն պայմանագիրը ձախողելուց»։

Քննարկմանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ գնման գործընթացում կա երեք երաշխիք՝ պայմանագրի կատարման ապահովման, որակավորման ապահովման և կանխավճարի տեսքով։ Նա առաջարկեց, որ բանկային երաշխիքը 100 տոկոսի չափով չլինի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ որոշման ընդունմամբ կզտվեն գնումներին մասնակցող լուրջ և անլուրջ կազմակերպությունները, կբարձրացվեն պետգնումների ստանդարտները։ «Եթե պարզվի, որ նշաձողը շատ բարձր ենք դրել, էլի կհավաքվենք, կքննարկենք, կորոշենք, բայց քաղաքական մեսիջի առումով, որ բարձր նշաձող ենք դնում, կարծում եմ լավ է»,- ասաց Փաշինյանը։

Հովհաննես ՊետրոսյանըՆոր որոշումը՝ մենաշնորհացման ճանապարհ

Հովհաննես Պետրոսյանը անվտանգության և պահնորդական ծառայությունների ոլորտում գործունեություն ծավալող «Տրանս-սֆեր» ընկերության հիմնադիրն ու բաժնետերն է։ 2009-ից գործունություն ծավալող ընկերությունը ամեն տարի մասնակցել է գնման մրցույթների ու մի շարք պետական հաստատությունների անվտանգությունն է ապահովել։

Կառավարության որոշումից հետո, սակայն, ընկերությունը հայտնվել է անհավասար մրցակցության վիճակում դաշտի մյուս խաղացողների հետ։ Թեև որոշ դեպքերում «Տրանս-սֆերը» հաղթել է գնման մրցույթներում, սակայն չի կարողանում ծառայություններ մատուցել, քանի որ բանկային երաշխիք ստանալ չի կարող։

«Կա բանկ, որի հետ աշխատում եմ տասը տարի, անցյալ տարի մեր շրջանառությունը կազմել է 70-80 միլիոն դրամ։ Բանկային երաշխիք ստանալու համար բանկից ինձ պատասխանել են, որ դա համարվում է վարկ, ու ինձ կարող են տրամադրել 46 միլիոն դրամի վարկ։ Իսկ դրա համար էլ պետք է դրվի գրավ»,- ասում է Հովհաննես Պետրոսյանը։

Իսկ ի՞նչ է ենթադրում որակավորման ապահովումը։ Պետրոսյանը նշում է, որ նախկինում որակավորման ապահովում էր համարվում մասնագիտական փորձը, ինչը տրամաբանական էր, այսինքն՝ եթե տվյալ ընկերությունը երեք տարի ու ավելի գործունեություն է իրականացրել այդ ոլորտում, ունի պայմանագրերը, կատարողականները։

«Ֆինանսների նախարարությունն ինձ պատասխանում է, որ բանկերի հետ հարցերը չեն առնչվում նախարարության իրավասություններին։ Հարգելի՛ նախարարություն, այդ դեպքում ի՞նչ հիմնավորմամբ եք գնման գործընթացի այդ դրույթը մտցրել»,- հարցնում է Պետրոսյանը։

Գործարարը նշում է, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իր իրավունքը կառավարության որոշման հետևանքով խաթարվել է։ Նրա խոսքով՝ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը պետական մարմիններում պահպանություն իրականացնելու ծառայություն այլևս չի մատուցում, մասնավորը, եթե մասնակցի, հաղթի այս ծառայության մրցույթներում ու բանկային երաշխիք չստանա, այլ մրցույթի չի կարողանա մասնակցել, քանի որ կարող է գնումների «սև ցուցակում» հայտնվել։

Հովհաննես Պետրոսյանը մատնանշում է որոշման մեկ այլ ռիսկ, ըստ որի, եթե մեկ գնման մրցույթի ընթացքում բանկային երաշխիք ստանալու համար պետք է որևէ բան գրավադրի, մեկ այլ մրցույթում նորից բանկային երաշխիքի պահանջ է լինելու և նորից գրավադրման անհրաժեշտություն, ինչը, նրա խոսքով, ոլորտի ընկերություններին կտանի սնանկացման։ «ՊԵԿ-ը պահնորդական ծառայության մրցույթ է արել, որին մասնակցել ու հաղթել է միայն մեկ կազմակերպություն՝ «Արմոբիլ» ՓԲԸ-ն։ Մնացած կազմակերպությունները չեն մասնակցել, քանի որ բանկային երաշխիքը կազմել է մեկ միլիարդ դրամ, իսկ դա մյուս կազմակերպությունների համար հնարավոր չէր ներկայացնել»։

Սա, ըստ Պետրոսյանի, հակամրցակցային որոշում է, տանում է դեպի մենաշնորհ։ Նրա ընկերությունը հաղթել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունում պահնորդական ծառայություն իրականացնելու մրցույթում, սակայն բանկային երաշխիքի պահանջի պատճառով ծառայությունների մատուցումը հայտնվել է կասկածի տակ։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել