Իրանի ցույցերն ունենալու են երկարաժամկետ հետևանքներ․ Համիդռեզա Ազիզի

Թեհրանում և Իրանի մյուս քաղաքներում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը, որոնք սկսվել էին ուկրաինական ինքնթիռի կործանումից հետո։ Ցուցարարները, հիմնականում՝ երիտասարդները, պահանջում են պատժել ինքնաթիռի կործանման մեղավորներին և համարում են, որ ողբերգության համար պետք է պատասխանատվություն ստանձնի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

Իրանն ընդունել է՝ սխալի պատճառով է խոցվել ուկրաինական ինքնաթիռը

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի ոստիկանությունը ցույցերը ցրելու ընթացքում կիրառել է ոչ միայն արցունքաբեր գազ, այլև հրազեն։ Վաշինգտոնը՝ ի դեմս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փորձում է աջակցություն հայտնել ցուցարարներին՝ Իրանի իշխանություններին կոչ անելով բռնություն չկիրառել իր քաղաքացիների նկատմամբ։

Թեհրանի Շահիդ Բեհեշթիի համալսարանի ավագ դասախոս, Al-Monitor կայքի սյունակագիր Համիդռեզա Ազիզին կարծիք է հայտնել, որ ներկայիս ցույցերի գլխավոր պատճառը ժողովրդի հիասթափությունն ու ցասումն է այն հարցում, թե ինչպես է կառավարությունը լուծել ուկրաինական ինքնաթիռի հարցը։

Թեհրանում ցուցարարները պահանջել են այաթոլլա Խամենեիի հրաժարականը

«Շատերը քննադատում են կառավարությանը հենց սկզբից ճշմարտությունը չբացահայտելու համար։ Ցույցերն այս անգամ լայնորեն տարածված չէին, հետևաբար, կարճաժամկետ հեռանկարում ես չեմ տեսնում կառավարության համար անմիջական սպառնալիք»,- ասում է Ազիզին։ Միևնույն ժամանակ, նա նկատում է՝ ցույցերի բուն փաստը վկայում է՝ իշխանության և հասարակության միջև անվստահությունն ու տարաձայնությունները խորանում են։

«Երկարաժամկետ կտրվածքով դա լուրջ հետևանքներ է ունենալու կառավարության՝ մարդկանց մոբիլիզացնելու ունակության տեսանկյունից։ Հաշվի առնելով իրավիճակի անկայունությունն ու իրադարձությունների տեմպը՝ դժվար է կանխատեսել առաջիկա ընտրությունների արդյունքները, բայց միտումը, որը ձևավորվել է, ունենալու է երկարաժամկետ հետևանքներ»,- Gazeta.ru կայքին ասել է Համիդռեզա Ազիզին։

Լուսանկարը՝ Մորտեզա Նիքուբազիի, NurPhoto

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել